Պետական մարմինները ևս հաճախ տրամադրում են կեղծ տվյալներ. Հարություն Ծատրյան

Պետական մարմինները ևս հաճախ տրամադրում են կեղծ տվյալներ. Հարություն Ծատրյան

353

Գաղտնիք չէ որ հայաստանյան մեդիադաշտը ողողված է ապատեղեկատվությամբ: Ինչո՞ւ է այն տարածվում, ովքե՞ր են տարածում, ինչպե՞ս են հակազդում փաստերի ստուգում իրականացնող հարթակները, և նմանատիպ այլ  հարցերի շուրջ զրուցել ենք «Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց»  կազմակերպության ղեկավար, փաստերի ստուգման մասնագետ, EFCSN-ի ղեկավար Հարություն Ծատրյանն է։  

Ձեր կարծիքով՝ հայաստանյան մեդիայում որքանո՞վ է հաջողվում պայքարել ապատեղեկատվության դեմ։ 1-ից 10 բալային սանդղակով, որքա՞ն կգնահատեք:

-Կարծում եմ՝ հայաստանյան  մեդիային այնքան էլ լավ չի հաջողվում պայքարել ապատեղեկատվության դեմ, ավելին, հայկական մեդիան ինքն է ստեղծում ապատեղեկատվություն ու ակտիվորեն տարածում, և դրա գլխավոր պատճառը երկրի մեդիայի ծայրահեղական լինելն է: Այսինքն՝ կա՛մ աջակցում են կառավարությանը, կա՛մ դեմ են կառավարությանը, նաև շատ է Հայաստանում քաղաքական ազդեցությունը մեդիայի վրա, այդ պատճառով դժվար է պայքարել ապատեղեկատվության դեմ։ Հաջորդը պետք է նշել, որ Հայաստանում շատ քիչ է ապատեղեկատվությանը հնարավորինս հակազդող մեդիա կազմակերպությունների քանակը, վերջիններս էլ բավականին քիչ  ռեսուրս ունեն, խոսքը ոչ միայն մարդկային ռեսուրսների մասին է, այլ նաև ֆինանսական ռեսուրսների։ Ընդանուր առմամբ՝ բալային համակարգով կգնահատեմ 4, որովհետև արվում է շատ քիչ բան ոլորտը մաքրելու առումով։ 

-Ըստ Ձեզ, փաստերի ստուգում իրականացնող ո՞ր հարթակին (հարթակներին) և անհատ անձանց է հաջողվում հակազդել ապատեղեկատվության տարածմանը։ 

-Հայաստանում այդքան էլ շատ չեն փաստերի ստուգում իրականացնող լրագրողները, անհատները, ինչպես  նաև փաստերի ստուգմամբ զբաղվող լրատվամիջոցները։ Շատ կարևոր կլիներ, եթե յուրաքանչյուր լրատվամիջոց մտածեր առանձին մասնագետ ունենալու մասին, որովհետև, ցավոք, ոչ բոլոր լրագրողներն են Հայաստանում տիրապետում փաստերի ստուգման գործիքակազմին, կամ փաստերի ստուգման ընդանուր կանոններին, հետևաբար, ասել, որ հակազդեցությունը ինչ-որ լավ մակարդակի վրա է, չեմ կարող: Բայց կա էդպիսի հակազդեցություն, ամեն դեպքում գործողություններ իրականացվում են, և եթե անուններ նշեմ, կնշեմ CivilNet-ից CivilNetCheck  բաժինը, media.am հարթակի Ստուգված է բաժինը, ինչպես նաև փաստերի ստուգման հարթակը: Կա նաև antifake.am-ը, որը, կարծում եմ,  կրկին քաղաքական նպատակ է հետապնդում, չնայած  իրենց կայքում էլ կան փաստերի ստուգման որոշ հրապարակումներ, որոնք ուշադրության արժանի են: Սրանք այն հարթակներն են, որոնք հիմնականում փաստերի ստուգմամբ են զբաղվում։ Կնշեմ նաև Հետք լրատվամիջոցը։ Կարելի է ասել՝ Հետքը միակ լրատվամիջոցն է, որտեղ պրոֆեսիոնալ են մոտենում այս հարցին։ 

-Արդյոք պետական մարմինների, գերատեսչությունների ներկայացուցիչները տալիս են ժամանակի մեջ և բավարար ինֆորմացիա։ 

-Ընդհանրապես,  Հայաստանում պետական մարմինների գործունեությունը տեղեկատվության մատակարարման տեսանկյունից բավականին ցածր է։ Գործում են ոչ թե պրոակտիվ տեղեկացման, այլ այնքան էլ ոչ ակտիվ հակազդեցության բնույթով, այսինքն տեղեկատվությունը չեն տալիս այնքան ժամանակ, մինչև այդ մասին հրաժարում է տեղի ունենում: Շատ են դեպքերը, երբ անգամ օրենքը, որով պարտավորված են  կառավարության մարմինները հնարավորինս արագ տեղեկատվություն փոխանցելու լրատվամիջոցներին, խախտվում են։ Հաճախ հարցման պատասխանը երկարաձգելու համար խնդրում են ուղարկել գրավոր հարցում, այստեղ էլ կորում է լրատվության օպերատիվությունը։ 

-Շատ են լինու՞մ դեպքեր, երբ պետական մարմինների ներկայացուցիչները, տրամադրում են ամբողջությամբ կեղծ, կամ մոլորորեցնող ինֆորմացիա, կարո՞ղ եք բերել օրինակներ։ 

-Այո, պետական մարմինները ևս հաճախ տրամադրում են կեղծ տվյալներ։ Լավագույն օրինակը կարելի է վերագրել այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին։ Հաճախ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս հաղորդագրություններով, որոնք մանիպուլատիվ են, մասամբ` ոչ ճշգրիտ, կամ կես սուտ, կես ճիշտ տարբերակով, իսկ երբեմն ամբողջությամբ կեղծ։ Ցավոք, այսպիսի օրինակները շատ են։ Սա սկսվեց արտահայտվել քովիդի շրջանում, որից հետո արդեն պատերազմի ժամանակ, և ներկայում հատկապես պաշտոնական գերատեսչությունը հաճախ բառախաղերի միջոցով փորձում է էնպես անի, որ հասարակությունը մոլորեցվի։ 

-Ինչպե՞ս կգնահատեք մեդիագրագիտությունը մեր մեդիադաշտում, և ինչո՞ւ։ 

-Հայաստանում մեդիագրագիտության պակաս կա և ամբողջ աշխարհում կա։ Հայաստանը, փոքր պետություն լինելով, ավելի կուռ հասարակություն լինելով, լեզվական առումով միատարր լինելով, կարծում եմ, ավելի հեշտ կլինի մեդիագրագետ հասարակության վերածել, բայց, ցավոք, այս պահին կգնահատեմ ոչ բավարար։ Մարդիկ չեն տիրապետում տարրական մեդիագրագիտության կանոններին, կարող են տեղեկատվությունը, որը հասանելի է սոցիալական կայքերում, ընդունեն որպես ճիշտ, չկա քննադատական մտածողությունն ինֆորմացիայի, ինֆորմացիայի աղբյուրների և նմանատիպ այլ բաների վերաբերյալ։ Հետևաբար, ասել, որ մեր մեդիադաշտում կա մեդիագրագիտություն, ճիշտ չի լինի: Կան քայլեր, որոնք փորձում են ոլորտը դարձնել մեդիագրագետ, բայց այդ քայլերը բավարար չեն։ Պատճառը ցածր մեդիագրագիտության կրթությունն է և տարբեր տարիների իշխանությունների մոտեցումը մեդիագրագիտությանը և հանրության շրջանում մեդիագրագիտության պակասի լրացմանը։ 

-Ի՞նչ եղանակներով է հնարավոր բարձրացնել հասարակության մեջ մեդիագրագիտությունը։ 

-Միանշանակ կրթության միջոցով կարելի է բարձրացնել հանրության մեդիագրագիտությունը, կարող են լինեն տեղեկատվական ծրագրեր մեդիայի միջոցով։ Համալսարաններում կամ բարձրագույն կրթական հաստատություններում, օրինակ` դպրոցներում առարկաներ են մշակվում քննադատական մտածողության, մեդիագրագիտության, և այլ թեմաների վերաբերյալ: 

Հիմնականում ի՞նչ թեմաների շուրջ է տարածվում ապատեղեկատվությունը մեդիայում։ 

-Հայաստանում  ապատեղեկատվություն տարածվում է ցանկացած հարցի շուրջ։ Հիմնական թեմաները,  որի շուրջ տարածվում է ապատեղեկատվությունը, երկրի անվտանգությունն է և քաղաքականությունը։ Շատ ապատեղեկատվություն կա հատկապես առողջապահական ոլորտի վերաբերյալ, սոցիալական ծառայությունների վերաբերյալ,  բայց գերակշռում է քաղաքականը։ 

Ըստ Ձեզ, ո՞ր լրատվամիջոցներ են ավելի շատ տարածում ապատեղեկատվություններ։ 

-Կարծում եմ՝ բոլոր լրատվամիջոցները ապատեղեկատվություն տարածում են, չկա առանձնացված մի լրատվամիջոց, որը դիտավորյալ ապատեղեկատվություն չի  տարածում, անգամ կան լրատվամիջոցներ, որոնք ոչ միայն չեմ խորշում կեղծիք տարածելուց, այլ անգամ, երբ հայտնի է դառնում, որ վերջինս ապատեղեկատվություն է տարածել, այդ լրատվամիջոցը պատրաստ  է մինչև վերջ պայքարել,  որպեսզի իրենց ապատեղեկատվությունը շարունակվի տարածվել։ Ցավալի է, բայց Հայաստանում իրավիճակը այդպիսին է։ 

-Ձեր կարծիքով՝ փաստերի ստուգում իրականացնող հարթակները սոցցանցերում վարո՞ւմ են ակտիվ գործունեություն։ 

-Այո, կան փաստերը ստուգող լրատվամիջոցներ, որոնք սոցցանցերում ակտիվ գործունեություն իրականացնում են, սոցցանցերում  ակտիվ գործունեություն  համար  նաև ֆինանսներ է անհրաժեշտ,  հատկապես պետք է հաշվի առնել, որ այդ ֆինանսները ծախսվում են գովազդի համար: Ցավոք, սոցցանցերը շատ ավելի ակտիվորեն ապատեղեկատվություն կարող են տարածել,  քան ստուգված տեղեկատվություն, որովհետև ապատեղեկատվությունը շատ ավելի զգացմունքային է, և շատ մարդիկ են ռեակցիաներ և մեկնաբանություն թողնում, այդ պատճառով այն շատ ավելի արագ է գրավում մարդկանց ուշադրությունը։ 

Մարիա Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել