«Սիրիր ինքդ քեզ՝ բոլորից շատ». Իսկուհի Գալստյան

«Սիրիր ինքդ քեզ՝ բոլորից շատ». Իսկուհի Գալստյան

508

Մոդելային կարիերայով զբաղվող սկսնակ աղջնակը պատմում է իր կյանքում տեղի ունեցած հաջողությունների, խոչընդոտների ու ապագայի հեռանկարի մասին։

«Ես Իսկուհի Գալստյանն եմ, շատերի կողմից ճանաչված` Իկա անվանմամբ: 21 տարեկան եմ, սովորում եմ ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում, այս տարի կավարտեմ համալսարանս: Այս պահին պատրաստվում եմ դիպլոմայինիս պաշտպանությանը: 

Դեռ փոքր տարիքից երազում էի դառնալ հայտնի դերասանուհի, որպեսզի իմ մասին շատերը խոսեին, կամ էլ սոցցանցերում բացվեր երկրպագուներիս կողմից էջեր: Ծիծաղով կնշեմ, բայց, անկեղծ, դա հիմա էլ երազանք է ինձ համար:

2016 թվականին ընդունվեցի «Մաչանենց» թատրոն ու շատ արագ համալրվեցի հիմնական կազմում: Այդ տարիներին թե´ հեռախոսով, թե´պրոֆեսիոնալ ապարատով ֆոտոշարքեր էի կազմակերպում: Թատրոնի ղեկավարները միշտ առանձնացնում էին ինձ մյուսներից ու նշում, որ ես շատ ֆոտոգենիկ եմ: 2018 թվականին առաջարկ ստացա մասնակցել «Yerevan-week» ցուցահանդեսին, որի շրջանակներում պետք է Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ավարտական ուսանողները ներկայացնեին իրենց դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ստացա առաջարկ «RIO Mall» առևտրի կենտրոնից՝ մասնակցելու իրենց աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը: Բայց այդ շրջանում իմ կյանքում գերակշռում էին թատրոնը, հյուրախաղերը տարբեր մարզերում, շրջագայությունները:

Իմ կյանքը փոխվեց 2019 թվականին, երբ ես ընդունվեցի համալսարան: Այդ տարի իմ նոր ընկերներին միշտ ասում էի, որ երազում եմ օրերից մի օր իմ նկարը հայտնվի ինչ-որ բրենդի պաստառներին, որ ամբողջ քաղաքը տեսնի ինձ: Եվ ընկերուհիս ինձ հուշեց, որ ես կարող եմ ընդունվել մոդելային դպրոց: Ի վերջո, ընդունվեցի հայտնի մոդելային դպրոցներից մեկը ու սկսեցի իմ կարիերան։

Իհարկե, այդ ճանապարհին բախվել եմ շատ խոչընդոտների։ Այն մոդելային դպրոցում, որտեղ սովորել եմ, և որի անունը, ցավոք, չեմ ուզում նշել, ուսուցչիս որոշմամբ նկարում էինք վիդեոներ տիկտոկյան հարթակի համար, և գրեթե ամբողջ դասաժամերը տրամադրում էինք այդ վիդեոներին, որոնք տեղ չգտան ոչ մի սոցցանցում, ու մենք, այնուամենայնիվ, չէինք ստանում մեզ հասանելիք գիտելիքը: Ես որոշեցի հայտնել իմ դժգոհությունը, և առաջարկել ի վերջո անել մեր մոդելինգին վերաբերող դասընթացները: Ուսուսցչուհիս դժգոհեց, և որոշեց հայտնել իր կարծիքը, ու անվանեց ինձ ոչ էմոցիոնալ, սառը և ոչ խարիզմայով աղջիկ: Ես այդ օրը լացելով գնացի տուն․ նայում էի հայելու մեջ ու բացարձակ չէի հավանում ինձ: Ես շատ կոմպլեքսներ ձեռք բերեցի այդ ընթացքում ու կոտրվեցի: Բայց հասկացա, որ ուսուցչիս կարծիքով չէ, որ պետք է առաջնորդվեմ: Մի քանի օր անց ես ավարտեցի այդ դպրոցը: Հետագայում ստացա բազմաթիվ առաջարկներ` ֆիլմերում, տեսահոլովակներում էպիզոդիկ դերերի համար, սրճարանների ու գովազդների նկարահանումներ և այլն… Սակայն, ևս եկավ մի շրջան, որ ես, կրկին  հիասթափվեցի, որովհետև լինում էին նկարահանումներ, որոնք տեղի էին ունենում, բայց չէին հեռարձակվում: Ճիշտ է, ես ստանում էի իմ հասանելիք գումարը, բայց ես չէի հայտնվում էկրաններին, սոցցանցերում…

Այդ ժամանակ իմ մեջ եռում էր ոգևորվածությունը: Ֆոտոխցիկը տեսնելուն պես ես տարերքի մեջ էի ընկնում: 

Այժմ ես կառուցել եմ իմ անձնական կյանքը, իհարկե, ցանկությունս մեծ է նկարահանումների գնալ, բայց հույսս կորցրել եմ, որ մի օր ես կհայտնվեմ իմ երազած տեղում: 

Իմ ունեցած աշխատանքային ճանապարհին եղել են շատ հետաքրքիր դեպքեր։ Ես միշտ նկարահանումների եմ գնացել տարբեր քաղաքներ, մարզեր, ծանոթացել եմ շատ ինձ նման ու տարբեր մարդկանց հետ, ընկերացել եմ, մտերմացել: Ու հիշում եմ՝ մի անգամ  առանձնատան գովազդի համար գնացել էինք Դիլիջան նկարահանումների: Ես ու Լիլիթը, ում հետ այլ նկարահանումներից էի դեռ ծանոթ, որոշեցինք մինչև մեր տեսարանի նկարահանման պահը գնալ մոտակա անտառը՝ շրջելու: Պայմանավորվել էինք, որ նկարահանող խմբից որևէ մեկը կզանգահարի մեզ, ու մենք հետ կգանք առանձնատուն: Մենք շատ խորացանք անտառում ու չնկատեցինք էլ, որ կապն անհասանելի է դարձել: Մենք անտառում նկարվում էինք, տարբեր տեսանյութեր էինք նկարում, բարձր ծիծաղում էինք, գոռում, բայց, փաստորեն, մեզ այդ ընթացքում բավականին շատ զանգահարել են թիմից և անհանգստացել: Մենք տեսանք, որ կապ չկա մեր հեռախոսներում, որոշեցինք հետ գնալ: Բոլորը բարկացած էին այդ պահին ու անհանգստացած: Իհարկե, շատ նեղվեցինք, որ նման դրության մեջ էինք հայտնվել, և  բոլորը մեր պատճառով հետաձգել էին իրենց նկարահանումները, բայց երբ պատմեցինք, թե ինչքան բարձր ենք գոռացել, ինչքան էներգիա ենք հավաքել, որպեսզի այդքան ճանապարհը ետ գանք,  բոլորը ծիծաղեցին»: 

Այն հարցին, թե Իսկուհու երազանքները այժմ որո՞նք են, նա ասաց․

«Դեռևս երազանքներիցս միայն  կատարվեց  այն, որ ինձ հաճախ են հաճոյանում, ու ասում, որ ես շատ մոդելային կառուցվածք ունեմ ու արիստոկրատ դիմագծեր:  

Մոդելինգից զատ, ես զբաղվում եմ ուլունքագործությամբ: Ամբողջապես չեմ տիրապետում աշխատանքին, բայց հաճույքով գործում եմ վզնոցներ, թևնոցներ, մատանիներ: Չեմ զգում, թե ոնց է անցնում ժամանակը, երբ զբաղբում եմ ուլունքներով: Անգամ տրամադրությանս անկման ժամանակ ուլունքները կարծես ինձ կտրում են իրականությունից:

Երբեմն-երբեմն մտածել եմ մեկ այլ գծով խորանալու մեջ, բայց, վերջում եկել եմ այն եզրահանգման, որ էլի կընտրեի հենց այս մասնագիտությունը, բայց արդեն ավելի շատ կսիրեի ինձ, ավելի շատ կաշխատեի ինձ վրա, որ կյանքում չհիասթափվեի ոչ-ոքի կարծիքներից»:

Իսկուհին ունի իր առջև դրված կարգախոս՝ սիրիր ինքդ քեզ՝ բոլորից շատ։ Այս արտահայտությունը հաճախ է կրկնում, բայց ներքուստ նա չունի անյպիսի բնավորություն, որ էգոիզմը իր մեջ գերակշռի: 

«Վերջում, իմ խորհուրդը բոլոր նրանց, ովքեր սկսնակ են այս ոլորտում՝ երբե՛ք չհիասթափվել, սիրե՛լ ինքդ քեզ, մարմնիդ «թերություններ»-ը, վստահ լինել ու շատ ուշադիր»։

Էլեն Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել