Սոցցանցերը՝ դեռահասների արժեհամակարգի ստեղծման գործոն

Սոցցանցերը՝ դեռահասների արժեհամակարգի ստեղծման գործոն

458

Դեռահասության շրջանը համարվում է ճգնաժամային փուլ, և ամենաշատ վարքային շեղումները, ի հայտ են գալիս հենց դեռահասների մոտ: Ներկայումս սոցիալական մեդիան լայն հնարավորություններ է տալիս՝ մարդկանց առջև բացելով իր դռները: Սակայն ինչպիսի՞ խնդիրների առջև են կանգնում սոցցանցերում «դաստիրակ­վող» դեռահասները: Այս և այլ հարցերի պատասխաները ստանալու նպատակով զրուցել ենք հոգեբան Մարիամ Գևորգյանի հետ:

-Սոցիալական ցանցերը ներկայումս դեռահասներին լայն հնարավորություններ են ընձեռում, որոնց հետևանքով ի հայտ են գալիս մի շարք արժեհամակարգային փոփոխություններ, ի՞նչ կասեք դրա մասին:

-Սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները հասանելի են ոչ միայն դեռահասներին: Ցավոք, հաճախ համացանցային տիրույթում ճանաչում են վայելում այնպիսի անձինք, ովքեր չեն կայացել որպես իրական հասարակության լիարժեք անդամ: Օրինակ՝ չեն հաղթահարել ուշադրության պակասի բարդույթը և այդ բացը լրացնում են արտառոց արտաքին տեսքով ու վարքային դրսևորումներով, որը հավաքագրում է լսարան և ուղղվածություն հաղորդում դեռահասի նոր ձևավորվող արժեհամակարգին: Մեծ վտանգ է ներկայացնում ագրեսիա և բռնություն պարունակող կոնտենտը: Այն հրապարակողի կողմից կարող է մատուցվել դրական հուզական երանգավորմամբ, և նման ամրապնդումը դեռահասի կողմից կընկալվի որպես ընդունելի մոդել:

-Դեռահասությունը համարվում է ճգնաժամային փուլ: Որքանո՞վ է մեծ սոցիալական մեդիայի ազդեցությունը անձի ձևավորման գործում, և վերջինս ինչպիսի՞ առանցքային խնդիրներ է բերում:

 -Դեռահասության տարիքը կարևորագույն շրջափուլ է, քանի որ հենց այս ժամանակահատվածն է հիմք հանդիսանում անձի ձևավորման համար: Ճգնաժամային բնորոշ առանձնահատկությունները դեռահասին ավելի ընկալունակ են դարձնում արտաքին ազդեցությունների, այդ թվում՝ սոցիալական մեդիայի ազդեցության նկատմամբ: Դեռահասի համար առաջանային է համարվում հասակակիցների հետ շփումը, որը նրանց միավորում է սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, TickTock…) տարատեսակ խմբերում: Այս հարթակներում ինֆորմացիայի շրջապտույտը քիչ վերահսկելի է և դեռևս ձևավորված աշխարհայացք, արժեհամակարգ չունեցող դեռահասը չի կարողանում ընտրողական մոտեցում ցուցաբերել առաջարկվող ինֆորմացիային: Նրանք սկսում են ենթարկվել վիրտուալ հասարակության կանոններին, որոնք հաճախ հակասում են իրական հասարակության մեջ ընդունված բարյական, իրավական, սոցիալական նորմերին: Դեռահասը հնարավորություն է ստանում ոչ միայն տեսնել, լսել, գնահատել emoji-ների, մեկնաբանությունների միջոցով, այլ նաև ազատ ինքնադրսևորվել՝ ընդօրինակելով բլոգերների, հեռուստատեսային հերոսներին, նորաձևության ինդուստրիայի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների (հաճախ դեստրուկտիվ) վարքը:

-Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Հայաստանյան իրականության մեջ և որքանո՞վ է այն մտահոգիչ:

-Դեռահասության ճգնաժամի բնութագրիչները նույնն են՝ անկախ ազգային պատկանելությունից: Սակայն, անդրադառնալով սոցիալական մեդիայի Հայաստանյան իրականության պատկերին, պետք է նշել կոնտենտի որակին վերաբերող կողմերը: Այսինքն հեռուստատեսությամբ կամ սոցիալական հարթակներում հրապարակվող ինֆորմացիան մեծամասամբ չի պարունակում ուսումնա­դաստիրակ­չական կամ զարգացնող բնույթ: Ընդհակառակը, հիմնված է ժամանցային ուղղվածության վրա: Մեդիասպառողը առաջարկում է այն, ինչի պահանջարկը կա, այլ ոչ թե այն, ինչը կարևոր է և անհրաժեշտ: Այս առումով ոլորտը կատարելագործվելու կարիք ունի:

 -Հաշվի առնելով դեռահասների տարիքային առանձնահատկությունները, որո՞նք են ճիշտ մոտեցումները, որ պետք է ցուցաբերվի ծնողների կողմից:

-Սա շատ կարևոր հարց է, քանի որ դեռահասի դաստիրակության պատասխանա­տվու­թյունը ծնողի ուսերին է: Նա պետք է կարողանա ներգործության և շփման համապատասխան ուղիներ գտնել արդեն իսկ երեխա չհանդիսացող, բայց դեռևս անչափահաս, այսինքն մարգինալ կարգավիճակում գտնվող դեռահասի հետ: Ավտորիտար ոճով ծնողավարության դեպքում դեռահասը սեփական փորձի հնարավորություն չի ունենում, չի սովորում տարանջատել անհրաժեշտը անկարևորից: Մեծ է ծնողի նկատմամբ ընդգծված նեգատիվիզմը դրսևորելու հավանականությունը: Ինչպես նաև չեն կրճատվում սոցիալական մեդիայի դեստրուկտիվ ազդեցությանը ենթարկվելու ռիսկերը: Լիբերալ ոճը երաշխավորում է ամենաթողություն, և առանց վերահսկողության դեռահասը հայելի է դառնում վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ: Հեշտությամբ կարող է դառնալ շեղվող վարքի (վնասակար սովորություններ, ագրեսիա, ենթամշակույթներ) կրողը: Շատ կարևոր է, որպեսզի ծնողները դրսևորեն համբերություն և նրբանկատություն, դեռահասի վարքը ուղորդելիս հնարավորինս զերծ մնալով անհիմն պարտադրանքներից, օգտվեն պայմանավորվելու մեթոդից: Ինչպես նաև սովորեցնեն մեդիագրագի­տու­թյան հմտություններ:

-Դուք նշեցիք, որ վիրտուալ տիրույթը հակասում է բարոյական նորմերին: Քանի որ այս տեսակի շփմանը հաջորդում է իրական շփումը, ինչը միշտ չէ, որ դրական հետևանքների է բերում, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք այս առումով:

 -Թե՛ վիրտուալ շփումը, թե՛ իրականը մարդուն չեն ապահովագրում այն փաստից, որ դիմացինը չի կեղծում իր անձը կամ միայն դրական ազդեցություն է գործելու: Այս առումով երկու հարթություններն էլ ունեն իրենց բնորոշ ռիսկերը: Այդ նպատակով ծնողները պետք է իրազեկեն դեռահասներին հնարավոր վտանգների մասին, սովորեցնեն անվտանգության որոշ կանոններ (Օրինակ՝ շփում չհաստատել անծանոթ մեծահասակների (fake profile-ով հանդես եկող անձաց հետ, չտրամադրել անձնական բնույթի ինֆորմացիա): Անչափ կարևոր է փոխադարձ վստահությունը ծնող-երեխա հարաբերություն­ներում: Հաճախ դեռահասների պատժից խուսափելու համար ծնողին չեն տեղեկաց­նում հանգամանքների մասին, ինչի արդյունքում հայտնվում են չարագործի ցանցում և դառնում զոհ:

Գրետա Այվազյան

3-րդ կուրս

Կիսվել