Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը

335

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը: Համերգները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

Լինելով հայրենի երկրում և ներկայացնելով իր երաժշտական-կատարողական արվեստը հայ հանդիսատեսին՝ Մալիկյանն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին. համերգներից ստացված հասույթը Արա Մալիկյանը և «ԹԻ ԷՄ Պրոդակշն» ընկերությունը ուղղելու են ի նպաստ արցախահայության:

Մամլո ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի Օվալ սրահում:

Մամուլի ասուլիսից հետո լրագրողները կստանան համերգասրահ մուտք գործելու համար նախատեսված անվանաքարտեր:

ԱՐԱ ՄԱԼԻԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

Լիբանանահայ ծագումով իսպանացի ջութակահարի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից և այլոցից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում:

Արա Մալիկյանի հարուստ նվագացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։

Արա Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավել երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Չեխիա, Չինաստան, Մալայզիա և այլուր: Որպես մենակատար՝ ելույթներ է ունեցել Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային նվագախմբի հետ և այլն: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ, որոնց թվում են «15»-ը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին, «Ջութակի անհավանական պատմությունը», «Royal Garage» և այլն:

Արա Մալիկյանը ժամանելու է իր աշխատանքային թիմի և երաժշտախմբի հետ՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիս, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադո,թմբկահար Գեորվիս Պիկո Միլան, կիթառահար Դայան Աբադ:

Կիսվել