Գիտաժողով. նոր հնարավորություններ և փորձառություն

Գիտաժողով. նոր հնարավորություններ և փորձառություն

439

Դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել: Չորրորդ կուրսի ուսանողները  «Գիտահետազոտական աշխատանքի տեխնոլոգիա» առարկայի շրջանակներում իրենց դասախոսի՝ պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ նախաձեռնել էին ուսանողական գիտաժողով՝ կիսամյակի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ի մի բերելու և զեկուցումներով դրանք ներկայացնելու համար: Զեկուցողներն ընտրել էին իրենց  ավարտական աշխատանքներից մի հատված, որ կատարել էր յուրաքանչյուրը աղբյուրների և թեմատիկ գրականության  ուսումնասիրության հիման վրա:

-Այս միջոցառումը նման ձևաչափով առաջին փորձն է մեր ֆակուլտետում,-նշում է Դ. Պետրոսյանը:-Սովորաբար կիսամյակի վերջում  առարկան եզրափակում էինք հանրագումարային քննությամբ: Այս տարի միտք հղացա մինչև քննությունը կիրառել գիտաժողովի պրակտիկան: Ըստ այդմ ուսանողները զեկուցումով հանդես են գալիս համակուրսեցիների և  դասախոսների առջև, ինչը հնարավորություն կընձեռի ոչ միայն սեփական ուսումնասիրությունը ներկայացնելու, այլև լսելու ներկաների կարծիքը, նրանց առաջարկներն ու խորհուրդները: Մտահղացումը իրականություն դարձավ մեր, ինչպես նաև Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի (վարիչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գոռ Աբրահամյան) համատեղ ջանքերով:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Ողջունելով նախաձեռնությունը՝ նա հույս հայտնեց, որ այն կօգնի ուսանողներին մինչև ավարտական աշխատանքների պաշտպանությունը որոշակի փորձ ձեռք բերել  թեման շրջանառության մեջ դնելու, ուրիշների տեսակետները լսելու, նաև պաշտպանությանը բնորոշ հոգեբանական որոշ արգելքներ հաղթահարելու առումով: «Կարծում եմ՝   այս միջոցառումը հաջորդ տարիներին պետք է դարձնել ավանդական»-եզրափակեց պարոն Մարտիրոսյանն ու հաջողություն մաղթեց զեկուցողներին:

Oրակարգում ներառված էր 17 զեկուցում: Դրանք ընդգրկում էին մեդիային առնչվող տարաբնույթ ոլորտներ՝ ֆրեյմինգը հայաստանյան առցանց տեղեկատվադաշտում, ԶԼՄ-ներում հաճախակի կիրառվող մանիպուլյացիաները, մանկապատանեկան հաղորդաշարերը  հեռուստաեթերում,  լրագրողի կերպարը ֆիլմերում, մշակութային կյանքը վիրտուալ հարթակներում, կիբերբուլինգի դրսևորումները, այլընտրանքային կրթության լուսաբանումները հայաստանյան մեդիայում և այլն:

Զեկուցումները լսվում էին հետաքրքրությամբ, օգտակար էին նաև ընթացող  քննարկումները, որոնք մտքերի փոխանակման, որոշակի հետևություններ անելու լավագույն առիթ էին զեկուցողների համար:

Հանձնաժողովը ուսանողներին մոտիվացնելու նպատակով մրցանակներ էր սահմանել լավագույն զեկուցողների համար: Գիտաժողովի վերջում որոշվեցին նաև մրցանակակիրները: Լավագույնը  համարվեց Անահիտ Ղազարյանի «Ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը՝ հարցի շրջանակավորման առնչությամբ(հայաստանյան առցանց տեղեկատվադաշտի օրինակով)» զեկուցումը (գիտական ղեկավար՝ բ. գ. թ., դոցենտ Զ. Սարգսյան), երկրորդ մրցանակին արժանացավ Օֆելյա Հարությունյանը («Մանկապատանեկան հաղորդաշարերը հեռուստաեթերում. նոր պրակտիկաներ և ոճեր», գիտական ղեկավար՝ Նանե Վարդանյան), երրորդ մրցանակակիր դարձան Քրիստինե Թորոսյանը և Լիանա Խաչատուրյանը(գիտական ղեկավար՝ Սաթեն Գրիգորյան): Մյուսներին, որպես խրախուսական մրցանակ, հանձնվեցին գրքեր:

-Ինձ համար այս գիտաժողովը լավ առիթ էր՝ հետազոտությունների ոլորտում փորձարկելու հնարավորություններս: Շնորհակալ եմ հանձնաժողովին զեկուցումս արժևորելու և օգտակար խորհուրդների համար: Ինչ խոսք, դեռ շատ անելիքներ ունեմ մինչև ավարտական աշխատանքների պաշտպանությունը,-ասաց Առաջին մրցանակակիր Անահիտ Ղազարյանը:

-Այս գիտաժողովը ավարտական աշխատանքին առավել լուրջ վերաբերվելու, նաև հանրության առջև ելույթի վախը հաղթահարելու հիանալի հնարավորություն էր,-նշեց Շողեր Սահակյանը:

Լուսինե Սարգսյանի համար կարևոր էր այն, որ գիտաժողովի ընթացքում ավելի հստակվեցին ավարտական աշխատանքին առնչվող մի շարք հարցեր,  որոնց մասին մինչ այդ   անորոշ պատկերացումներ ուներ:

Գիտաժողովի վերջում կազմակերպիչները, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնակիցներին, հույս հայտնեցին, որ առաջիկա ամիսներին նրանք ակտիվորեն կշարունակեն իրենց հետազոտական գործունեությունը: Չէ՞ որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը յոթ սարերի ետևում չէ…

Կիսվել