Ասիական մշակույթը հայ-ռուսական համալսրանում

Ասիական մշակույթը հայ-ռուսական համալսրանում

176

Փետրվարի 17-ին հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ AMEI-ի (Mind education In Armenia) կողմից կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր կորեական և չինական մշակույթներին։ Միջոցառման սկիզբը ազդարարեց Righteous Stars Armenia պարային խումբը, որը ելույթ ունեցավ Make It shine երգի ներքո։ Միջոցառման վարողները Ուզբեկստանից ժամանած Տանյա Կիմը և Սոնյա Աբրահամյանն էին։

Պարին հաջորդեց  տեսանյութ AMEI-ի (Mind education In Armenia) կողմից այս ընթացքում կազմակերպած գործունեության, ծրագրերի մասին։ Իր ելույթով հանդես եկավ կորեացի դասախոս Տիկին Սոֆիյան։ Նա խոսեց կորեական մշակույթի, պատմության, կորեացի դերասանների, երաժշտության մասին։ Կորերենի փոքրիկ դասընթաց անցկացվեց մասնակիցների հետ։ Չինական մշակույթը ներկայացրեց Չինաստանից ժամանած Հակհոն, ով խոսեց չինական պատմության, մշակույթի, հյուսիսային Չինաստանի և հարավային Չինաստանի կլիմայական, մշակույթային տարբերությունների մասին։ Ալիսա Ասոյանը և Հակհոն երգեցին կորեական «Լուսնի սիրահարները»  դրամայի հայտնի սաունդրեքը՝ «Say Yes» երգը։ Երգին անմիջապես հաջորդեց  AMEI-ի (Mind education In Armenia) դասախոս Պարոն Կամ Սոն Դե-ի դասախոսությունը՝ նվիրված Հարավային Կորեայի պատմությանը, մտքի ուժին, վատ կախվածություններին։

Մեզ հետ զրույցում Պարոն Կամ Սոն Դե-ն պատմեց միջոցառման կազմակերպման և հետագա անելիքների մասին․ «Քանի որ Հայաստանում քիչ են այն վայրերը, որտեղ հայ երիտասարդները կարող են ծանոթանալ ասիական մշակույթին, մեր կազմակերպությունը որոշել է պատրաստել այս միջոցառումը, որպեսզի երիտասարդները ասիական փառատոնի միջոցով ավելի լավ ճանաչեն Ասիայի տարբեր մշակույթները, հանդիպեն և շփվեն ասիացի լեզվակիրների հետ։ Ես տեսա, որ շատ երիտասարդների հետաքրքրում էր ասիական մշակույթը, հատկապես  K-pop-ը (քեյփոփը) , K-drama-ն (կորեական դրաման), K-food-ը (կորեական սնունդը) և Չինաստանի պատմությունը: Այսպիսով, մենք ցանկանում ենք թույլ տալ երիտասարդներին ավելի լավ ծանոթանալ ասիական բազմազան մշակույթին»։ Այն հարցին, թե արդյոք շարունակական կլինե՞ն նման միջոցառումները, Պարոն Կամ Սոն Դե-ն պատասխանեց․ «Այո՛, մեր AMEI կազմակերպությունը շարունակելու է ընդլայնել նման միջոցառումների մասշտաբները և իրականացնել դրանք, որպեսզի Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ կարողանան մասնակցել դրանց: Առաջիկայում նախատեսում ենք նաև միջոցառում անցկացնել»։

Հանդիպումը ավարտեցին մաստերկլասով․ մասնակիցները սովորեցին թղթերից պատրաստել կորեական ազգային հագուստը՝ հանբոկը։

Մասնակիցներից Արփինե Ազատյանը մեզ հետ կիսվեց իր կարծիքով․ «Ինձ շատ դուր եկավ, որ հենց կորեացիներն ու չինացիներն էին ներկայացնում իրենց մշակույթը, որովհետև երբ տվյալ երկրի ներկայացուցիչն է պատմում, ավելի տպավորիչ ու հետաքրքիր է լինում։ Սովորեցի նոր  փաստեր Չինաստանի ու Կորեայի մասին, որոնք շատ հետաքրքիր էին։ Ամենահետաքրքիրը հանբոկ պատրաստելն էր, առաջին անգամ էի պատրաստում ու, ի զարմանս ինձ, լավ ստացվեց։ Ինձ նաև շատ դուր եկավ կամավորների պարը ու երգը, գեղեցիկ երգ էին ընտրել ու հիանալի կատարեցին։ Կարծում եմ՝ սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու մարդկանց հետ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, ինչ դու, և  լավ հնարավորություն նոր բաներ սովորելու ու, ինչու ոչ, նաև՝  սովորեցնելու»։

Լուսինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել