«Մենք ենք մեդիան» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 9-ից 11-ը ամերիկացի հրավիրյալ մասնագետ Ալեքս Սթարը վարեց բաց դասախոսություններ, զրույցներ և քննարկումներ տարբեր լսարանների համար՝ ուսանողներ, լրագրողներ, խմբագիրներ, գրողներ։
Ալեքս Սթարն ամերիկյան հայտնի “Farrar, Straus and Giroux” հրատարակչատան գլխավոր խմբագիրն է: Խմբագրել է գրքեր, եղել է “The New York Times Book Review”-ի ավագ խմբագիրը, “The Boston Globe”-ի “Ideas” բաժնի հիմնադիր խմբագիրը: Որպես խմբագիր աշխատել է նաև “The New York Times Magazine”-ում, “Lingua Franca”-ում: Նրա էսսեներն ու գրախոսականները հրապարակվել են “The New Republic”-ի, “The New Yorker”-ի, “The New York Times”-ի, “London Review of Books”-ի և այլ պարբերականների էջերում։
Փորձառու մասնագետը Հայաստանում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հրավերով: Ալեքս Սթարի հետ երեք հանդիպումների ժամանակ ապահովված էր անգլերեն-հայերեն թարգմանությունը:
Առաջին հանդիպումը խմբագրի հետ տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին «Հայ գիրք» գրախանութում: Հայաստանյան խմբագիրների, գրականագետների և գրողների հետ քննարկվեցին հրատարակչությանը, գրքի շուկայի պահանջներին և նոր տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև գրքերի վաճառքում վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին:
Հոկտեմբերի 11-ին Ալեքս Սթարին հյուրընկալեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: “Farrar, Straus and Giroux” հրատարակչատան գլխավոր խմբագիրն ուսանողներին պատմեց հրատարակչական ոլորտում իր գործունեության մասին, ներկայացրեց մասնագիտական նրբությունները և առանձնացրեց այն նախապայմանները, որոնք հաշվի են առնում գործատուները արտերկրում: Նաև խոսեց այն սկզբունքների մասին, որոնց հատկապես ուշադրություն են դարձնում արտասահմանյան համալսարաններում:
Ալեքս Սթարը նշեց, որ ուսանող-լրագրողից նախ ակնկալվում է, որ իմանա, թե ինչպես պատրաստել տեսանյութ. «Պետք է կարողանա նաև մոնտաժել, լուսանկարել, խմբագրել և ձայնագրել: Ժամանակակից աշխարհում այլևս չկա այլընտրանքային մոտեցում: Պետք է հմուտ մասնագետը հավասարապես տիրապետի այս ամենին»:
Ըստ փորձագետի՝ երկրորդ կարևոր պահանջը լրագրողից նեղ մասնագիտական ուղղվածություն ունենալն է. «Եթե նախկինում լրագրության ֆակուլտետներում սովորեցնում էին մեկ գործիք բազմաթիվ թեմաներ լուսաբանելու համար, ապա այժմ մոտեցումը հակառակն է. սովորում են օգտագործել բոլոր գործիքները մեկ թեմա կամ թեմատիկ ուղղություն լուսաբանելու համար»:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հարցեր հղեցին փորձագետին, որոնք վերաբերում էին լրագրության ասպարեզում Սթարի գործունեությանը, տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես ԱՄՆ-ին առնչվող:
Ալեքս Սթարի հետ հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: Նա հանդես եկավ «Ամերիկյան մեդիան. հայացք ներսից» դասախոսությամբ: Քննարկվեցին տարբեր հարցեր՝ Ամերիկայի որդեգրած քաղաքականությունից մինչև Սիրիայի պատերազմ, կլիմայի փոփոխությունից մինչև կեղծ լուրերի տարածում ֆեյսբուքում, ամերիկյան և եվրոպական լրագրության աղերսներ, մեդիայի տնտեսական անկախություն, ինչպես նաև Թրամփի գրասենյակի և մեդիայի աշխատանք:
Հիշեցնենք, որ «Մենք ենք մեդիան» ձևաչափը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Միլենա Մկրտչյան
2-րդ կուրս