ԿԵՍ ԴԱՐ

ԿԵՍ ԴԱՐ

1525

Կես դար, որ մնում ես, կամ ծերանում ես, կամ`  հնանում. նայած ինչ ես` վերարկու, թե մարդ: Մեկը ծնվեց, մեծացավ, հիմա ծերանում է: Մեկը, ով որոշեց լինել անկախ պետության մասնիկը: Պատերազմ գնալու տարիքը երբեք չեմ հարցրել, թեև հաշվելը հեշտ է, բայց դժվար է պատկերացնել ու ընդունել երիտասարդ մի թվի ու դարավոր պատերազմի առճակատումը: Լևոն Խեչոյանի «Խնկի ծառերն» ընկավ ձեռքս. առաջին էջին գրված է` «Մռայլին` իմ մարտական ընկերոջը»: Նայում եմ բազմոցի անկյունում նստած գլխահակ էս մարդուն, փորձում հասկանալ` մռայլ էր ի սկզբանե՞, թե՞ պատերազմն է մռայլեցնում մարդակնց: Ազատության մարտիկը ծերանում է, բայց պատերազմն իր մեջ հավերժ ջահել է մնում, որովհետև  ժանտ է ու ժանտախտ, բացիլը ընկնում է մեջդ, ու էլ չես բուժվում: Ուրեմն` պատերազմից վերադարձած ազատ-ա-մարդ և հավերժ խրամատում: Ծխախոտը կոշտացած մատների արանքում այրվում, հասնում է ֆիլտրին, ինքը մոռանում է ծխել, որովհետև թոքերում երևի վառոդի մոխիրն է նստած: Ես չեմ հուշում, որ մոխիրը հիմա կընկնի, դա էական չէ…  Այսօր Մարտակերտի ազատագրման օրն է, իսկ ընկերները մնացել են էնտեղ, Մարտ կերտող, կամ Մարդ կերտող էն դաշտում… Ուրեմն ծխելը ինքնախաբեություն է, զբաղմունք, կսկիծից փախչելու միջոց: Մինչ Մռայլվելը,  երևի երեք տասնամյակ առաջ, ինքը գրել է, նկարել, հիմա միայն կարդում է: Ես թաքուն պահած մի գրվածք ունեմ միայն  ու մի նկար: Պատերազմից հետո չի նկարում, չի գրում, պատերազմի մասին չի խոսում, և ընդհանրապես, քիչ է խոսում: Ինքը գիտի, որ ամեն ինչ էլ պատահում է կյանքում, գիտի , որ ամեն ինչից հետո էլ վերականգնվում ես.  մեկ է` ուրիշ տարբերակ չունես:  Կարողանու՞մ է: Չի ընդունում, չի համակերպվում, ներսում լցնում, լցնում է, հետո պիտի պարպվի, ու ծխախոտին օգնելու է գալիս օղու բաժակը, և ես ոչինչ անել չեմ կարող, և ես լսել չեմ կարող, որովհետև ես չգիտեմ` ինչ կա ներսում , չեմ իմանա, և ոչ ոք չի իմանա: Իր մասին պատմել չի սիրում, ընկերների մասին պատմել չի սիրում, պատմել չի սիրում, չի ուզում, դրա համար ես ներում եմ օղու դառնահոտը, իր դառնահայացքը: Ներում եմ լռությունը, որովհետև ծերանում, հնանում , բայց մնում է իմ վերարկուն, թեկուզ` հին, բայց միակ ու միակ: Ինքն եղավ էս անկախության մի մասնիկը, ինքն եղավ իմ անկախությունը: Ամեն խոսելիս` ասում է` ազնիվ եղիր… Ինքն ազնիվ եղավ այս պետության հանդեպ, բայց պետությունն իր հանդեպ չեղավ ազնիվ: Ես ներում եմ իրեն` ինձ օղու հետ փոխելու համար, ինձ ազնվություն սովորեցնելու, բայց իմ հանդեպ ազնիվ չլինելու համար, որովհետև մի օր անկախությունն է եղել կարևոր: Ես ներում եմ ամեն ինչ, բոլոր լացերը, բոլոր լռությունները, որովհետև ես պիտի’անեմ դա, որովհետև ես անկախ պետության, ազատության մարտիկների սերունդ եմ:

 

Հայարփի Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել