ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔԸ

ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔԸ

1674

Մեր ծայրամասային թաղամասից մինչև Երևանի կենտրոն և Երևանի կենտրոնից մինչև մեր ծայրամասային թաղամաս կարելի է հասնել միայն մի երթուղայինով:

Առավոտյան համալսարան գնալիս`տեղավորվում եմ պատուհանի մոտ գտնվող նստարանին, դնում ականջակալներս ու փորձում եմ չզգալ ավտոբուսի դանդաղ ընթացքը:

Երևի կյանքում ամեն ինչից կարող եմ ձանձրանալ, բայց ոչ այն երթուղուց, որ ինձ Չարբախից տանում է դեպի Ալեք Մանուկյան փողոց և հակառակը: Աչքերիս առաջ Չարբախի չորս հարկանի շենքերն են, հասարակ խանութները, փոքրիկ դեղատունը, ծանոթ մարդկանց դեմքերը:

Մեր թաղամասը չափազանց լուսավոր է, իսկ «Չարբախ» անվանումը գորշացնում է այն: Հին բնակիչները պատմում են, որ խորհրդային տարիներին այստեղ բնակարան ստացած մարդկանց համարել են «չար բախտ» ունեցողներ, բախտ բառի տ-ն անհայտ պատճառով սղվել է, և մնացել է թաղամասի ներկայիս անվանումը՝ Չարբախ:

Հասնում եմ 3-րդ մաս: 3-րդ մասի միակ հրապարակը կրում է Գ.Նժդեհի անունը, իսկ հրապարակի կենտրոնում տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Ավտոբուսն անցնում է առեղծվածային հրապարակի կողքով, և ես հայտնվում եմ ուղիղ ու երկար մի փողոցում, որի անունը մինչև հիմա չգիտեմ: Փողոցի երկու անկյունները լցված են հագուստի միանման խանութներով ու արագ սննդի կետերով: Երկար փողոցի վերջում ճարտարապետական յուրահատուկ ոճով կառուցված «Հայրենիք» կինոթատրոնն է, որը վաղուց արդեն չի գործում:

Մի քանի րոպեից ավտոբուսը կհաղթահարի երևանյան անտանելի խցանումը և ես կանցնեմ հարազատ դպրոցիս կողքով: Այս դպրոցում անցկացրած երեք տարիներն ինձ ստիպեցին անսահման սիրել մեր լուսավոր քաղաքը: Բայց «Երևանը սիրելը քիչ է, կարևորը՝ Երևանը սիրի քեզ»: Հայտնի երգի ենթատեքստն իրականում ավելի խորն է, քան թվում է: Երևանը սիրելը հեշտ է, իսկ նրա սիրուն արժանանալու համար պետք է անել ամեն ինչ և դարձնել  այն ավելի լավը: Չէ որ Երևանը իմ հուշերի քաղաքն է, ամենաազնիվ ընկերս ու երջանիկ մանկությունս: մանկություն, որ ապրել եմ իմ քաղաքի հետ ու իմ քաղաքի շնորհիվ:

 

Նանե Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել