Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնն իր ներկայացումներով հանդես է գալիս ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում։ Հոկտեմբերի 20-ին թատրոնի դերասանական կազմը եղավ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Ցուցադրվեց երկու ներկայացում` «Ձյունե թագուհին»՝ մանուկների համար, իսկ մեծահասակների համար բեմադրվեց «Ամեն գող գող չէ» ներկայացումը։
Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը տեղեկացրեց, որ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը համայնքապետի ջանքերով տարվա ընթացքում մի քանի անգամ հյուրընկալվում է Նոյեմբերյանում։ Տիկին Զուրաբյանը հույս հայտնեց հետագայում ունենալ համատեղ դերասանական կազմ և պատշաճ ներկայանալ հանդիսատեսին։
Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրենը նաև հավելեց. «Մեր դրամատիկական թատրոնը, որը գործել է 80 տարի շարունակ և ունեցել է ժողովրդական կոչում, կվերականգնվի և այլևս չեն լինի թատերական ներկայացումների կանգառներ»։
Նշենք, որ հաջորդ ներկայացումը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի և ՀՀ Մշակույթի նախարարության միասնական ուժերով հանդիսատեսի դատին կհանձնվի մոտ ժամանակներս:
Մոնիկա Մամյան
2-րդ կուրս