Հոկտեմբերի 22-ին ԷՕՆ սրճարանում անցկացվեց Garage sale բացօթյա միջոցառումը, որի նպատակն էր օգնել մարդկանց ազատվել այն իրերից, որոնք պիտանի են օգտագործման համար, սակայն իրենք այլևս չեն օգտագործում: Ծրագիրը չուներ տարիքային, ապրանքային կամ գնային որևէ սահմանափակում. մասնակիցներն իրենք էին որոշում, թե ինչ ապրանք վաճառեին և ինչ գնով:
ԷՕՆ-ի համահիմնադիր Կարինե Արոյանը նշում է, որ ծրագրի գլխավոր գաղափարը ապրանքների էթիկապես ճիշտ սպառումն է: Անցյալ տարի իրերի փոխանակում կազմակերպելուց հետո որոշեցին այս անգամ էլ Garage sale-ով հանդես գալ:
Կազմակերպիչ Անի Տեր-Հովհաննիսյանը պատմում է, որ Garage sale-երը համաշխարհային պրակտիկայում շատ տարածված են: Նրա խոսքով՝ օնլայն գրանցմանը հայտագրվել էր 21 հոգի, որոնց մեծ մասը նախապես հաստատել էր մասնակցությունը. «Garage sale-ն առաջին անգամ է մեզ մոտ, որոշեցինք կազմակերպել, լավ ժամանակ անցկացնել, լավ իրեր գնել, ինչու չէ, նաև վաճառել»:
Ծրագիրը նոր էր սկսվել, բայց բակում արդեն բազում իրեր կային՝ հագուստներ, կոշիկներ, մոմեր, ձեռագործ աշխատանքներ:
Մասնագիտությամբ դիզայներ Միլեն Լիլոյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանալով ծրագրի մասին, որոշել էր ներկայացնել իր ձեռքի աշխատանքները. դրանք ամանորյա բացիկներ էին, տնակներ, տարբեր զարդարանքներ. «Մեր երկրում անհատ ձեռներեցները չունեն իրավունք և հնարավորություն ներկայացնելու իրենց աշխատանքները, ուստի սա շատ լավ միջոց է, որ կարող է նոր առաջընթաց խոստանալ ստեղծագործողներին»,- ասում է նա:
Արվեստաբան Անի Հակոբյանը կողմ է նման միջոցառումներին, տարիներ առաջ նույնիսկ ինքն է Լատվիայում նման մի ծրագիր կազմակերպել: Նրա խոսքով՝ ծրագրի ամենադրական կողմը հենց upcycling-ն է (վերաօգտագործում), բայց այն հետաքրքիր է նաև որպես միջոցառման տեսակ և շփման միջոց. «Ձեռքի աշխատանքներից բացի նաև կոշիկներ եմ բերել», – պատմում է ու ծիծաղում,- «օնլայն պատվիրելուց հետո պարզվել էր, որ դրանք փոքր չափսի են, էդպես էլ չօգտագործեցի, հետևաբար սա հրաշալի առիթ է՝ չնչին, սիմվոլիկ գումարով դրանք վաճառելու»:
Անին համոզված է, որ երևանյան իրականության մեջ հենց այսպիսի ինքնատիպ և բազմաբնույթ ծրագրեր են պետք. «Ես կուզեմ, որ նմանատիպ միջոցառումները ավելի հաճախ և ավելի մասշտաբային լինեն, որպեսզի աստիճանաբար մտածելակերպ զարգացնեն և փոխեն կարծրատիպերը այն մասին, թե օգտագործված ապրանք գնելը ամոթ է»:
Միլենա Խաչիկյան
2-րդ կուրս