Հայրաքաղաք Գյումրի այցելելու բազմաթիվ պատճառներից մեկը հանրապետության ամենահին վարսավիրանոցը տեսնելն է։ Վարդանանց հրապարակից քիչ վերև բարձրացողին միանգամից կգրավի ապակե լայն պատուհաններով ծաղկանոցի նմանվող շինությունը` վրան սպիտակ մեծ տառերով գրված` Վարսավիրանոց։ Նախկին կենցաղասպասարկման թիվ 1 վարսավիրանոցը «Լյուքս» անվանեց սրահի ամենատարեց վարսավիր Խանաև Արիստակեսյանը, ով արդեն 61 տարվա փորձ ունի այս գործում:
Վարպետը պատմում է` մինչև բանակ գնալը աշխատել է Լենինականի հզոր գործարաններից մեկում` Մսի կոմբինատում: Հետո, երբ վերադարձել է, հայրը ձեռքն է տվել սանրներն ու մկրատը:
«Հարևաններիս գլուխները խուզելով վարսավիր դառա»: Իհարկե, կատարելագործվել ու հմտացել է Գյումրվա հին վարպետների մոտ: Հիմա օրհնում է հորը` արհեստի տեր է դարձել, իսկ արհեստավորը մինչև օրվա կես է սոված մնում: 61 տարվա ընթացքըւմ միայն 2 տարի է ընդմիջել, այն էլ որդու առողջական խնդիրների պատճառով: Վարպետ Խանիկը` նա այսպես է հայտնի ողջ Գյումրիում, ցավով ու ափսոսանքով է հիշում անցած-գգնացած տարիները: «Լեննագանս փոխին, առաջվա ղայդին քաղաքից բան չմնաց: Երկրաշարժը շենքերն ու գործարաններն ավիրեց, խեղճ մարդկանց էլ մեր «տերերը» քշեցին երկրից: Մարդ չմնաց: Առաջ մենակ ես ժամում 7-8 հոգի կսպասարկեի, իսկ վարսավիրանոց 100 հոգի մարդ կմտներ, կելներ: Հմի սաղ քաղաք 100 հոգի մարդ չես գտնի…»: Փոխվել է Գյումրին, ու փոխել է իր կենցաղավարությունը գյումրեցին, իսկ քաղաքի ամենահին վարսավիրանոցում պահպանվել են հին կարգերն ու սովորույթները: 77 տարի է անցել սրահի հիմնադրումից և այն ընդամենը 2 անգամ է վերանորոգվել: 80-ականների բազկաթոռներ, հին բայց որակյալ սանրեր, մկրատներ ու չխամրող հայելիներ: Վարպետ Խանիկը հպարտանում է՝ ձեռքին 50 տարվա ընկեր-սանրն է, որ չի փոխի ոչ մի նորաոճ գործիքի հետ: Խնամքով պահված են նաև ջրաեռուցիչն ու դույլերը՝ ջուր տաքացնելու և հաճախորդի գլուխը լվանալու համար: Իսկ դե հաճախորդներն էլ վստահում են վարպետներին. հին թե նոր գործիքներով, իրենք լավ գիտեն իրենց անելիքը:
Սկզբում որդու, հետո թոռի ու ծոռի ձեռքը բռնած գալիս են հաճախորդներն ամեն կիրակի, եթե նույնիսկ գործ չկա, կարելի է զրույց անել կամ օրվա կեսին նարդի ու շախմատ խաղալ…
Ամենակոլորիտային վարսավիրանոցի երկարակեցության գատնիքը սրտացավ աշխատողների մեջ է: «Պատն օր թեթև ճաքմ էլ տա, հերթով կելնինք կնայենք, կսարկենք մեր տան պես: Երկրաշարժին իրեք օր պահակություն էրինք, օր չավիրեն: Տեր չեղնեինք, վաղուց քանդվել էր մյուսների պես»:
Նույն հոգեբանությունն էլ սերմանում են աշակերտների մեջ: Վարպետ Խանիկը պատմում է՝ 150-ից ավելի աշակերտներ է ունեցել: Հիմա իր կողքին աշխատում են աշակերտները, նույնիսկ աշակերտների աշակերտները: Սիրով է փոխանցում տարիների փորձը ու պահանջում լինել իրենց վարսավիրանոցին արժանի սան: Հետն էլ կատակում է՝ «սկսնակ վարսավիրն օր առաջի ամիսը 3 հատ անկաջ չկտրեց, մարդ չի դառնա»: Դե, բայց ինքը սահմանափակվել է մի քանի վնասվածքներով՝ ականջի շրջանում:
Վարպետի վարսավիական աթոռին նստել են Մհեր Մկրտչյանը, Հովհ. Շիրազը ու շատ դերասաններ Աճեմյանի թատրոնից: Հիշում է՝ մի անգամ Իսահակյանին էլ է սպասարկել: «Անցան էդ համով-հոդով տարիները, հեչ պարապ չէինք մնա, ծանրաբեռնված էինք, բայց անհոգ ու անդարդ… լավ ժամանակներ էին…»:
Վերջին խոսսքերը մի կերպ ասաց, հազիվ լսելի ձայնով: Ամբողջ ընթացքում ծխում էր, հանգցրեց ծխախոտն ու գլխով հասկացրեց՝ վերջ: Վեր կացավ ու միայն այդ պահին նկատեցի՝ աջ ոտքից կաղում էր: Զգույշ հարցրի պատճառը «Երկրաշարժին աջ թևս ու ոտս վնասվել է, շուրուպներով է ձգած, բայց դե սանր բռնեգը…»:
Շնորհակալություն հայտնեցի զրույցի համար և առողջություն մաղթեցի: Ժպտաց…: Տեսածս ամենաբարի ժպիտն էր, ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրի սպիտակած մորուքի տակից…
Աիդա Կիրակոսյան
2-րդ կուրս