ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

2062

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսերի (հիմնականում 1-ին) ուսանողներերի համար հոկտեմբերի 28-ին հնարավորություն ընձեռվեց այցելել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

Հանդիպման ողջ ընթացքում ուսանողների կողքին էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի նորանշանակ տնօրեն Արեգ Միքայելյանը:

Հենց Համբարձումյանի անձնական աշխատասենյակում էլ Արեգ Միքայելյանի և սկսնակ լրագրողների միջև երկար և հետաքրքիր զրույց ծավալվեց, որի ընթացքում տնօրենն իր աշխատակիցների հետ ներկայացրեց թե՛ իրեն, թե՛ աստղադիտարանը:

Պարզվեց, որ Արեգ Միքայելյանը անդամամակցում է միջազգային մի շարք աստղագիտական այնպիսի կազմակերպություների, ինչպիսիք են՝ Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերութունը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերութունը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությունը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեն (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսը (IPDA), և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS):

Պարոն Միքայելյանը միջազգային աստղագիտական ընկերությունների հետ համագործակցությունից բացի 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի հեղինակ է: Ղեկավարել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DոFG, DAAD, NASA, COST և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Այցելուներին չձանձրացնելու նպատակով անձամբ տնօրենի առաջարկությամբ զրյուցը տեղափոխվեց սուրճի սեղանի շուրջ: Հետո արդեն ուսանողները շարժվեցին դեպի Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, որտեղ ավելի շատ խոսվեց անվանի գիտնականի մասին:

Ելնելով թանգարանային էթիկայի կանոնակարգի պահպանումից՝ ցավոք, հնարավորություն չեղավ լուսանկարահանումը: Նախապես նշվել էր, որ աստղադիտակով դիտումներ կատարելու հնարավորություն է լինելու, սակայն եղանակն անբարենպաստ էր:

Օրվա վերջում լրագրողները նորից հանդիպեցին Արեգ Միքայելյանին՝ պատմելով տպավորությունների մասին: Միքայելյանն էլ ոգևորված պահանջեց, որպեսզի ապագա լրագրողները աստղագիտական թեմաներով նյութեր պատրաստեն: Նաև նշեց, որ լավագույն նյութի հեղինակին պատրաստակամ է անգամ մրցանակ հանձնել:

 

Կարեն Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել