ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

1251

Դեկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ակումբային միջբուհական առաջնության եզրափակիչ փուլը: ԵՊՀ Ուսանողական խորհրդի Գիտակրթական հանձնաժողովը հանրապետության 12 համալսարանների ուսանողներից ձևավորված 45 թիմերին հարթակ էր տրամադրել՝ մրցելու գիտելիքների ու տրամաբանության ոլորտում: Հաղթանակը «Anonymous» թիմինն էր, որը հավաքել էր 28 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղում էին հաջորդաբար «ЭВР»-ը` 22 միավորով, եւ «Хаос»-ը` 21 միավորով:

Խաղը վարելու համար հրավիրվել էր «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը, ով էլ հայտարարեց հաղթող թիմերի միավորները:

«Anonymous» թիմի ավագ Ալլա Բաղդասարյանը նշեց, որ սիրում է թիմային խաղեր, առավել ևս՝  ինտելեկտուալ, բայց մասնակցության բուն նպատակը հենց հաղթանակն էր:

Լավագույն եռյակը ստացավ հավաստագրեր, նվերներ, հաղթողը իր հետ տարավ խաղի խորհրանիշ բուի տեսքով մրցանակը: Առաջնության լավագույն խաղացող ընտրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Արսեն Ահարոնյանը:

Առաջնության մասնակիցներից Կարինե Թադևոսյանի խոսքերով՝ խաղը ուղեղը մարզելու, տրամաբանությունը աշխատացնելու լավագույն միջոցներից էր, իսկ դա երբեք ավելորդ չի լինում: Աննա Ազիզյանն էլ կարծում է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը առօրյայում կիրառելի գիտելիքներ է տալիս:

Մասնակիցների հավաստմամբ՝ առաջնությունը գիտելիքներից բացի նաև նոր ընկերներ ու ջերմ հիշողություններ է տվել: Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականներ» անվանումով թիմի անդամ Անահիտ Ազատյանը սկզբում իր թիմակիցներից միայն մեկին է ճանաչել, առաջնության ընթացքում ճանաչել ու սիրել է նաև մյուսներին:

«Առաջնությունը կարելի է համարել ստացված, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները գոհ էին թե խաղերի որակից, թե աշխատակազմի աշխատանքից: Սպասելիքները իրոք մեծ էին և իմ կարծիքով՝ մենք արդարացրեցինք դրանք անցկացնելով իսկապես հաջող մի ծրագիր»,- ասում է առաջնության կազմակերպիչ Լևոն Առաքելյանը և հավելում, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ:

 

Արուսյակ Կապուկչյան

2-րդ կուրս

 

Կիսվել