ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

1524

«Մենք այցելուներին կերակրել թույլ ենք տալիս միայն այն գազաններին, որոնց մի փոքր ավել և տարբերվող սնունդը չի վնասի. բայց շատ կենդանիներ հատուկ սննդակարգի կարիք ունեն, և կողմնակի ուտելիքներ արգելվում է նրանց տալ»,- Մանե Մադոյան (կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ  կապերի պատասխանատու)։

«Երևանի կենդանաբանական այգին համայնքային, ոչ առևտրային կազմայերպություն է. ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, որն էլ հստակ քաղաքականություն է մշակել այգու այցելուների համար։ Անվճար մուտքի հնարավորություն ունեն հաշմանդամները, նրանց ուղեկցողները, Թերլեմեզյանի ուսանողները, սահմանամերձ գյուղերի երեխաները ինչպես նաև այստեղ եկած դպրոցականները»։

Մանե Մադոյանը ներկայացրեց վերանորոգումից հետո այգում եղած փոփոխությունները, հիշեցնեմ, որ կենդանաբանական այգում 2013 թ. ից շինարարական աշխատանքներ էին կատարվում։

«Փոխվել է տոմսարկղի վայրը, եթե ժամանակին այն գտնվուն էր այգու մուտքի մոտ, ապա այժմ այգու մեջտեղի հատվածում է։ Այս քայլի գլխավոր նպատակը մարդկանց մաքուր օդ շնչելու և կանաչապատ տարածքով քայլելու հնարավորություն տալն է։ Եղել են փոփոխություններ կապված կոյուղաջրերի հետ։ Այգու տարածքի ջուրն առանձնացվել է կոյուղաջրերից, որի շնորհիվ էլ վերացել է այստեղ եղած տհաճ օդը, մետաղական ճաղերի փոխարեն փայտե ճաղեր են տեղադրվել, չեն փոխվել միայն որոշ ճաղավանդակների պատեր` պատմական արժեքից ելնելով, կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների և լորիների ազատավանդակները»։

Մանե Մադոյանը խոսեց նաև այգում կառուցված դիտարանի մասին` նշելով, որ իրենք արջերի կողքին բնակության են բերել գայլերին և ուզում են տեսնել, թե ինչպես կարող են վերջիններս ապրել նույն վայրում։

«Դիտարանը կենդանաբանական այգու արջերի և գայլերի ազատավանդակի մի մասնիկն է, գտնվում է այդ ազատավանդակի հարևանությամբ բարձրադիր դիրքում, այն ծառայելու է ոչ միայն արջերին և գայլերին հետևելու համար, այլև այգու ամբողջ տարածքը վերևից դիտելու համար»։

«Կենդանաբանական այգու հիմնական առաքելություններից մեկը բնապահպանական կրթությունն է, մենք հավատում ենք, որ միայն կրթության միջոցով հնարավոր կլինի դաստիարակել այնպիսի երիտասարդություն, որը կսիրի բնությունը և կպահպանի մեր երկրի բնաշխարհը։ Դրա համար Երևանի կենդանաբանական այգին իրականացնում է կրթական- ճանաչողական մի շարք ծրագրեր։ Փորձում ենք այնպես անել, որ ցանկացած միջոցառում, որը տեղի է ունենում այգում, ունենա այդ կրթական բաղադրիչը, անգամ եթե խիստ ժամանցային միջոցառում է լինում, միևնույնն է, կենդանաբանական այգին շեշտը դնում է այնպիսի բաղադրիչների վրա, որոնք կրթական նշանակություն ունեն հատկապես մեր փոքրիկ այցելուների համար. այդ ծրագրերից է «դդմի օր» միջոցառումը, որի ժամանակ երեխաները դդմից պատրաստում են կերակուր այգու կենդանիների համար. առհասարակ ամեն ինչ արվում է, որ երեխաները ցանկացած միջոցառման ընթացքում ստանան նոր գիտելիքներ և տեղեկատվություն»։

«Կենդանաբանական այգին բաց է կամավորների առջև, մասնագիտական բուհերի, քոլեջների ուսանողների առջև, ովքեր իրենց գործունեության ընթացքում ստանում են նաև կարևոր գիտելիքներ կենդանիների խնամքի վերաբերյալ. այն ամենալավ տարբերակն է, որտեղ երիտասարդները կարող են համատեղել հաճելին և օգտակարը։ Սա հիանալի միջոց է մասնագիտական բուհերի ուսանողների համար, և մենք անում ենք ամեն ինչ, որ այս համագործակցությունը լինի ոչ թե միանգամյա, այլ համակարգված»։

Կենդանաբանական այգին բաց է բոլոր օրերին. տարբեր տարիքային խմբերի համար գործում են տարբեր գներ, որոնք կարող են հասնել մինչ հազար երկու հարյուր դրամի։ Բայց միայն հինգշաբթի օրերին երեխաների համար տոմսերն արժեն ընդամենը երկու հարյուր դրամ։

 

 

Գեմա Աղաջանյան

3-րդ կուրս

Կիսվել