ՀՈԼԵՐԻ ՄԻՍԱԿԸ

ՀՈԼԵՐԻ ՄԻՍԱԿԸ

1882

Եթե անցյալում կարող էինք լսել «Իջնե՞նք բակ խաղալու» արտահայտությունը, ապա այժմ դրան փոխարինելու է եկել «Համակարգչիս մեջ նոր խաղ եմ ներբեռնել, գնա՞նք խաղանք» արտահայտությունը:

Բակային խաղերից մեզնից շատերին հարազատ է հոլ պտտեցնելը:

Վերնիսաժում քայլելիս ակամայից կարող ես հիշել մանկությունդ` տեսնելով վաճառասեղանների վրա դրված հոլերը, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել և ոչ ոք: Այդ վաճառասեղաններից առանձնանում է հատկապես Միսակ Իսկանդարյանինը` լի գունավոր և նախշազարդ հոլերով: Վարպետ Միսակը երկար տարիներ է, ինչ զբաղվում է հոլերի պատրաստմամբ և նախշազարդմամբ. «Արդեն մոտ 8 տարուց ավել է հոլեր եմ պատրաստում, սկզբում հասարակ հոլեր էի մշակում, հետո միտք առաջացավ նախշազարդել դրանք և ես որոշեցի հայկական նախշեր պատկերել, ամեն ինչ պիտի լիներ հայկական, նույնիսկ, երբ պատկերում եմ Արարատ լեռը պարտադիր գրում եմ Արմենիա, դա ինձ համար սկզբունքային հարց է», պատմեց Միսակն ու անկեղծացավ, որ նա երբեք չի մտածել հոլեր պատրաստելու մասին. «Ես ավարտել եմ Թերլեմեզյանը, այստեղ` Վերնիսաժում, ես վաճառել եմ տարատեսակ առարկաներ, հետո նոր միայն սկսել  հոլերի պատրաստմամբ զբաղվել»:

Չնայած այս ամենին՝ մեր հերոսին Վերնիսաժում ճանաչում էին որպես Հոլերի Միսակ. «Այդ նույն հաջողությամբ կարող էին ասել պարսատիկի Միսակ»,- ծիծաղով նշում է վարպետը և հիշում մի պատմություն. «Փոքր տղաս` Արեգը, ով դեռ 3 տարեկան է, երբ դրսում հարևաններից մեկը հարցնում է Արեգ ջան, պապադ ու՞ր է, ասում է աշխատանքի, հարևանս պտտվում հարցնում է, իսկ ի՞նչ է աշխատում, Արեգս շատ լուրջ հայացք ընդունելով պատասխանում է դե էն հոլերը էլի»:

Վարպետ Միսակն այն հարցին, թե հիմա ովքե՞ր են ավելի շատ գնում հոլեր, նա պատասխանում է՝ օտար երկրում ապրող հայերը, տուրիստները, բայց այս ամենի հետ մեկտեղ Միսակ Իսկանդարյանը հավատում է, որ օրերից մի օր հոլերը նորից վերածնունդ կապրեն և իրենց նախկին նշանակությունը կունենան երեխաների` հատկապես տղաների համար:

 

Մարիամ Ադամյան

4-րդ կուրս

Կիսվել