ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

1715

Հայաստանում աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականություններն ամրագրված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որն ընդունվել է 2004 թվականին:

Հայաստանյան իրականության մեջ ուսանողների անցումը բուհից աշխատաշուկա բարդ է ու խոչընդոտներով լի: Ունենալով կրթություն, սակայն չունենալով համապատասխան փորձ՝ նրանք աշխատանք փնտրելու ճանապարհին հանդիպում են մի շարք դժվարությունների: Լալա Նալբանդյանը, ով ավարտել է ԵՊՀ Գյումրու մասնաճյուղի մանկավարժական հոգեբանության ֆակուլտետը, արդեն շուրջ 4 տարի աշխատանք է փնտրում: Դիմել է բազմաթիվ աշխատանքային գործակալությունների, որոնց պատասխանին մինչ այսօր սպասում է: Դիմումներ է ներկայացրել նաև դպրոցներին, բայց տնօրեններն ասել են, որ այս պահին ազատ հաստիք չունեն: Ինչպես պատմում է Լալան, նրանցից մեկն էլ ասել է, թե մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, որ պետք է 2000 անգամ մեծ ցանկություն ունենալ:

Ըստ Զբաղվածության պետական գործակալության տվյալների` 2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 7.8%-ով, իսկ տարեսկզբի համեմատ` 7.5%-ով:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.5%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.1%, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները` 5.5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8%, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1%:

Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2017 թվականի հունվարին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95 հազար 811 մարդ: Այս  թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2 տոկոսով:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ կան մարդիկ, ովքեր գտնում են աշխատանք դեռևս ուսանելու տարիներին: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Շողիկ Ղազարյանը աշխատում է 3-րդ կուրսից: Շողիկը համոզված է, որ մասնագիտության հանդեպ սերը և պոտենցյալը օգնեցին հիշվել դասախոսների կողմից, որոնք էլ հենց ռեալ գործատուներն են: §Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Առավոտ լուսո» ծրագրի խմբագիր Արփի Հարությունյանն, ով դասախոսում էր մեզ մոտ, ինձ առաջարկեց պրակտիկա անցնել իրենց մոտ: Միանգամից համաձայնեցի` առանց ուրախությունս և հուզմունքս թաքցնելու: Մի քանի ամիս փորձաշրջան անցնելուց հետո, այսօր արդեն աշխատում եմ «Առավոտ լուսո» ծրագրում` որպես լրագրող¦,- անկեղծանում է ուսանողուհի- լրագրողը:

Ամեն տարի Հայաստանի տարբեր բուհերն ավարտող բազմահազար ուսանողներից քչերն են իրենց տեղը գտնում աշխատաշուկայում՝ չնայած մեր բուհերում գործում են կարիերայի կենտրոններ, որոնց նպատակը համալսարան-գործատու կապի ապահովումն է: 2006 թվականից ԵՊՀ-ում գործում է  Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի նպատակն է զարգացնել ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակությունը աշխատաշուկայում: Գործատուների հետ համագործակցության շրջանակում կենտրոնը կազմակերպում է մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև աշխատանքի տոնավաճառներ` ուղղված համալսարանականների զբաղվածության խնդիրների լուծմանը: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տվյալներով, բուհն ավարտելիս՝ իրենց ուսանողների 90%-ը լրացնում է թերթիկը և պարբերաբար էլեկտրոնային փոստին ծանուցումներ է ստանում այս կամ այն աշխատանքի վերաբերյալ: 2014-2015 ուսումնական տարվա ցուցանիշներով, 488 շրջանավարտ դիմել է կարիերայի կենտրոնի ուղարկած աշխատանքի համար, որոնցից միայն 83-ն է ընդունվել  աշխատանքի:

 

Մարիամ Ալեքյան

4-րդ կուրս

Կիսվել