ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՕՐԱԿԱՐԳԸ

ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՕՐԱԿԱՐԳԸ

1868

Քաղաքի խանութներում գարուն-ամառ հավաքածուն հայտնվելուն պես՝ երիտասարդները, մասնավորապես իգական սեռի ներկայացուցիչները, սկսում են դիետիկ սնվել, իսկ շատերը նախընտրում են սեղմ ժամանակահատվածում զբաղվել սպորտով և ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ այդ հավաքածուների հագուստով հոյակապ տեսք ունենալու համար:

Անցկացնելով հարցում՝ պարզ դարձավ, որ բոլորը սիրում են մարզվել և հետևել կազմվածքին, բայց ժամանակի առումով, դա քչերին է հաջողվում. «Ամռան ամիսներին եմ կարողանում զբաղվել սպորտով, քանի որ աշխատանքային ժամերս թույլ չեն տալիս հիշել անգամ մարզասրահների մասին: Ես միմիայն ողջունում եմ, երբ տեսնում կամ լսում եմ, որ մարդ առողջ ապրելակերպ է վարում»:

Ոմանք նախընտրում են մարզասրահներ հաճախել, իսկ մյուսները սեփական օրակարգ են իրենց համար գծում և հետևում դրան: 28-ամյա Արփինեն արդեն 8 տարի է՝ մարզասրահներ է հաճախում ամեն օր 2-3 ժամ. «Դեռևս ուսանողական տարիներից սկսել եմ հաճախել սպորտ-զալեր, սկզբնական շրջանում նախասիրություն էի համարում մարզվելը, բայց հետո չանցած 2-3 տարի, հասկացա, որ օրվա անբաժան մասնիկ է այն դարձել ինձ համար և առանց մարզվելու օրս չեմ պատկերացնում: Մեծամիտ գուցե հնչի, բայց 8 տարի նման կերպ մարզասրահներ հաճախելը համարում եմ զբաղմունքից ավելին, չասեմ մասնագիտություն, բայց նման մի բան, որովհետև լիովին տիրապետում եմ այս ամենին առնչվող բոլոր նրբություններին և հեշտությամբ կարող եմ ցանկացածին ուղղորդել, ով առաջին անգամ է եկել մարզասրահ և չգիտի՝ որից օգտվի, որ ճիշտ արդյունքի հասնի: Մի բան հաստատ գիտեմ՝ էսպես առողջ ես նիհարում և մտահոգվելու խնդիր չկա, որ հեշտությամբ կարող ես նորից լցվել»:

Հակառակ Արփինեին՝ մեր մյուս մարզասերը՝ Դիանան, նախընտրում է առավոտյան վազքի դուրս գալ, քան հաճախել մարզասրահներ. «Երբ նկատում եմ մոտս քաշի ավելցուկ, հաջորդ իսկ առավոտյան զարթուցիչ եմ դնում և դուրս գալիս վազելու: Եղանակի փոփոխությունն ինձ չի անհանգստացնում. ամռան տապին էլ, ձմռան ցրտին էլ նույն ոգևորությամբ կարող եմ արթնանալ: Առավոտյան 7-ից մինչև 9:30 անդադար վազում եմ: Շատ եմ սիրում աստիճաններ բարձրանալ-իջնել, որը էլ ավելի է մարսողականության վրա դրական անդրադառնում, ուստի նախընտրում եմ վազել Կասկադի մոտակայքում: Մեկ ամսվա կտրվածքով սեփական օրինակով կարող եմ փաստել, որ նիհարել եմ 6 կիլոգրամ, ինչը կարծում եմ լավ ցուցանիշ է: Մարզասրահներ կտրականապես չեմ գնում, քանի որ իմ կարծիքով, ցանկացած մարդ կարող է նիհարել առանց ավելորդ գումար ծախսելու: Բավարար է ունենալ մեծ ցանկություն և աշխատասիրություն՝ առավոտյան քնից վաղ արթնանալու համար»:

Մեր հերոսուհու կարծիքով՝ պետք է հետևել առավոտյան մարզվելու բոլոր կանոններին. «Մարդկանց մեծամասնությանը թվում է՝ վազելը սովորական բան է դե, դրամեջ դժվար բան չկա, բայց ես հատուկ վարժանքներ եմ անում վազելու հետ մեկտեղ: Առաջին հերթին նախավարժանք, որպեսզի մկաններս տաքացնեմ. բակում գտնվող ամենասովորական ձողերն էլ կարող են դրա համար ծառայել»:

Մեր երկու հերոսուհիներն էլ երանի տվեցին, բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ գիրանալու խնդրի առջև չեն կանգնում. «Կան չէ՞ մարդիկ, որ ինչքան էլ ուտում են, միևնույն է չեն չաղանում, այո, իրենց օրգանիզմից է դա, զարմանալի է, բայց փաստ, ինչ արած»:

Մարզասրահների պակաս քաղաքում չկա, զբոսայգիների պակաս՝ ևս: Մարդիկ տարբեր են, նախասիրությունները՝ նույնպես, ուստի կապ չունի, թե որ տարբերակը կնախընտրես, կարևորը ցանկալի արդյունքի հասնելն է և, ամենակարևորը, առողջ լինելը:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել