ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ՝ ՄԵՐՕՐՅԱ ՄԵԾ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ՝ ՄԵՐՕՐՅԱ ՄԵԾ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

2319

Աշխատանք գտնելու ճանապարհին բոլորը բախվում են մի շարք խնդիրներին, որոնցից ամենամտահոգիչն աշխատանքային փորձ չունենալն է: Համալսարանն ավարտելուն պես շատ երիտասարդներ ջանք չեն խնայում, որ գտնեն  իրենց մասնագիտությամբ կամ գոնե դրան առնչվող  աշխատանք և, ցավոք, դա քչերին է հաջողվում:

Փորձելով կատարել փոքրիկ վերլուծություն՝ ինքներս սկսեցինք փնտրել աշխատանքի հայտարարություններ և հետաքրքրվել այդ ամենով: Ամենատարածված տարբերակն, ինչ խոսք, համացանցն է դարձել մեր օրերում: Թերթելով մի քանի  կայքեր՝ կանգ առանք մի քանի հայտարարության վրա, որոնք շատ զվարճալի էին:

-Փնտրում ենք բարետես արտաքինով 25-30 տարեկան աղջիկ, ով մեր կազմակերպությունում կաշխատի որպես թարգմանիչ և կշփվի արտերկրում գտնվող մեր աշխատակիցների հետ: Ինքնակենսագրականի հետ ՊԱՐՏԱԴԻՐ կցել մեկ լուսանկար:

– Փնտրում ենք գեղեցիկ արտաքինով երիտասարդ աղջկա՝ տնօրենի օգնական լինելու համար. համով սուրճ դնելը կարևորագույն նախապայման է:

Հարց է ծագում՝ ինչ կապ ունի մարդու արտաքինը խելքի հետ, եթե իրապես պատրաստ է աշխատել և համապատասխան գիտելիքներ ունի: Հայկական իրականության մեջ գործատուներն առաջնորդվում և ավելի մեծ նախապատվությունը տալիս են արտաքինին, քան խելքին:

24-ամյա Վարդուհին բարձրագույն ավարտած ուսանող է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Շուրջ 2 տարի է աշխատանք գտնելու փնտրտուքների մեջ է. «Տարբեր կազմակերպություններ ինքնակենսագրականներ եմ ուղարկել՝ հույս ունենալով, որ մի օր կզանգահարեն և կկանչեն: Մի քանի անգամ պատահել է, որ գնացել եմ հարցազրույցների և անկեղծ չեմ հասկացել, թե ինչն է եղել պատճառն աշխատանքի չընդունելու»:

Մեր հերոսուհին անկեղծացավ, որ արդեն հոգնել է անընդմեջ աշխատանք փնտրել և չգտնելու հարցում և միանշանակ վստահ է, որ գործատուներն այլ շահեր են հետապնդում. «Հերթական անգամ զանգ ստացա և լիահույս էի, որ այս անգամ կստացվի հաստատ, բայց սխալվեցի: Երբ ներս մտա աշխատասենյակ, այնտեղ ինձ սպասում էին տնօրենն ու, երևի, աշխատակցուհին: Սկսեցին հարցեր տալ՝ որտե՞ղ եմ ավարտել, ի՞նչ նախասիրություններ ունեմ և ի՞նչ լեզուների եմ տիրապետում: Այդ հարցերին սպառիչ պատասխաններ ստանալուց անմիջապես հետո նկատեցի, որ տնօրենի «սրտով չեմ». դե երևի բարձրահասակ չէի կամ էլ արտաքինով աչքի ընկնող, ու ինձ մերժեցին՝ պատճառաբանելով, որ իրենց պարտադիր պետք է գերմաներեն լեզվին տիրապետելու կարողությունը. անհիմն պատճառաբանություն էր հաստատ: Մեզ՝ երիտասարդներիս, շփոթության մեջ են գցում, եթե իրենց պետք լիներ դա, նրանք պարտադիր կնշեին այդ լեզվի իմացության հարցը»:

Հակառակ Վարդուհու անհաջող փորձերի՝ Լիլիթը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, շատ հեշտությամբ ու միանգամից գտել է իրեն աշխատանք և հիմա օրհնում է համացանցը, որի շնորհիվ հասել է դրան. «Դեռևս ուսանողական տարիներին ես աշխատել եմ այս կամ այն հիվանդանոցում օրավարձով ու միշտ մտածել, որ դա իր արդյունքը տալու է: Երբ ավարտեցի համալսարանը որոշեցի ստաբիլ աշխատանք գտնել և սկսեցի օր ու գիշեր հայտարարություններ կարդալ: Չանցած երկու օր՝ նկատեցի, որ ֆեյսբուքյան էջիս ընկերներիցս մեկը մի աշխատանքի հայտարարությամբ է կիսվել և սկսեցի հետաքրքվել: Պարզվեց հենց այն հիվանդանոցում, որտեղ առաջին անգամ պրակտիկա եմ անցել բժշկուհու աշխատանքի թափուր հաստիք կա և սիրով ինձ ընդունեցին»:

Ասում են՝ մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում՝ խելքով: Մեր գործատուներից մի քանիսի կարծիքով  ասվածում ճշմարտություն կա, որովհետև մարդու արտաքինն էլ պիտի տրամադրող լինի: PR կազմակերպության տնօրեն Աննան փաստում է, որ եթե իր աշխատակիցները հավուր պատշաճի, ներկայանալի տեսք չունենան, ապա աշխատանքի ընդունվել բացառվում է. «Եկենք խոստովանենք, որ ոչ մեկի դուր չի գա, եթե մարդը հագնվելու էթիկա չունենա: Իհարկե պատահում են այնպիսի դեպքեր, երբ գալիս են շատ գեղեցիկ հագուկապով աղջիկներ, որոնց կերպարները գրավում են ինձ, բայց երկու բառ փոխանակելուց հետո հասկանում եմ, որ ճակատագրական քայլի կգնամ, եթե իրենց աշխատանքի ընդունեմ (ծիծաղում է)»:

Չնայած հնչող տարակարծություններին՝ մարդիկ վստահ ասում են, որ տաշած քարը գետնին չի մնում, ուստի պիտի զինվել համբերությամբ և հավատալ, որ աշխատանք կգտնի ցանկացած խելացի ու աշխատասեր մարդ:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել