«ՊԵՏՔ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ ԼՃԱՑՄԱՆ ԳԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ». ՀՈԳԵԲԱՆ ՍԱԹԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ՊԵՏՔ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ ԼՃԱՑՄԱՆ ԳԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ». ՀՈԳԵԲԱՆ ՍԱԹԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1932

21-րդ դարում գաղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաները դարձել են մեր առօրյայի անբաժան ընկերները: Առհասարակ, որքանո՞վ են տեղեկատվական տեխնոլոգիաները բարդացնում կամ հեշտացնում  մեր կյանքը, դժվար է ասել. տարաբնույթ կարծիքներ կարող են հնչել, ուստի փորձեցինք անցկացնել լրագրողական հարցում, որի արդյունքում պարզ դարձավ, որ հարցվածների զգալի մասը չի պատկերացնում իր կյանքն առանց այդ ամենի. «Դե, չէ, չի ստացվի, ախր հազար ու մի բան կա, էդ որ չլինի, մենք կորած ենք»:

Մարտիրոսյան Աննան, ով մասնագիտությամբ հաշվապահ է, գործի բերումով օրվա զգալի մասն անցկացնում է համակարգչի առջև, բայց դրա հետ մեկտեղ անկեղծանում, որ գործից զատ էլ ինքը միշտ համակարգչի առաջ է. «Ես հասկանում եմ, որ այն ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն, բայց չեմ կարողանում զսպել ցանկությունս: Աշխատանքս ավարտելուն պես՝ սկսում եմ կամ սոց ցանցերով շփվել ընկերներիս հետ, կամ այլ զբաղմունք եմ գտնում, որը, միանշանակ, նորից կապված է հեռախոսի կամ համակարգչի հետ»:

Հոգեբանները փաստում են՝ ցանկացած երևույթ, որը գերակշռում է մարդու կյանքում, ազդում է  դրա որակի, ինչպես նաև բնազդաբար կախում առաջացնում իրենից: Հոգեբան, հոգեվերլուծաբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով՝ մեր օրերում խոշորացույցով կարելի է գտնել այնպիսի մարդու, ով կախում չունի իր սմարթֆոնից ու ապրում է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման. «Մարդիկ միմյանց հետ շփման ժամանակ չունեն, քանի որ համացանցն այնպես է զբաղեցնում նրանց, որ միմյանց դեմ առ դեմ շփումը երկրորդվում է կամ դառնում ձանձրալի: Շատերն անգամ այնքան են տարվում այդ ամենով, որ կորցնում են սեփական դեմքն ու դիմագիծը, լրիվ այլ կերպարի մեջ մտնում համացանցում՝ հավատացած լինելով, որ իրենց դիմացինը չի տեսնում, ժեստերն ու միմիկաներն անհասանելի են, իրենց ոչինչ չի խանգարում, բայց երբ հերթը հասնում է իրական հանդիպումներին ու շփումներին, ամեն ինչ այնքան է բարդանում, որ միմյանց հետ խոսելու թեմա պարզապես չեն ունենում»:

Մեր հերոսուհու հետ անկեղծ զրույցից պարզ դարձավ, որ ինքն անձամբ բախվել է հոգեբանի վերը նշված խնդիրներին. «Շատ դեպքեր են եղել, երբ վիրտուալ շփումից իրականին անցնելուց խուսափել եմ. միշտ մտածել եմ, որ նույնքան հետաքրքություն չեմ կարողանա ապահովել իրական հանդիպման ժամանակ, ինչը վիրտուալում ինձ մոտ գերազանց է ստացվում (ծիծաղում է)»: Աննայի հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպքեր հաճախ պատահում են ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ, այլև այն ծանոթների, որոնց հետ միայն վիրտուալ հարթակում է շփվում. «Գործի բերումով ստացվում է այնպես, որ օրվա կտրվածքով շփվում եմ հազարավոր մարդկանց հետ: Հաճախ դեպքեր են պատահել, որ միևնույն մարդը մեկ այլ հարցով արդեն դիմելու ժամանակ առաջարկել է հանդիպել և քննարկել տվյալ հարցը, ես մերժել եմ և իմ փոխարեն ուղարկել մեկ այլ աշխատակցի»:

Մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնի երբևէ, որ շատ տարիներ հետո տեխնոլոգիաներն ու մի շարք հավելվածներ( Viber, WhatsApp, Facebook, Skype և այլ ) կներխուրժեն մեր կյանք, բայց արի ու տես, որ հնարավոր եղավ և նույնիսկ այնքան պատկերավոր, որ մարդիկ կարողանում են տեսնել ու լսել միմյանց՝ հաշվի չառնելով հեռավորությունը:

Հոգեբանի կարծիքով՝ վերը նշվածները «կենդանի շփում» են ապահովում, բայց իրականում այնքան մեծ տարածություն է մարդկանց միջև, որ մարդիկ երբեք չեն հագենում խոսելուց ու ավելի են ընկղմվում այդ ամենի մեջ. « Մարդիկ պետք է հնարավորինս հետևողական լինեն, որ համացանցին ու առհասարակ տեխնոլոգիաներին հատկացվող ժամանակը կրճատեն, փոխարենը նախընտրելի դառնան ամեն տեսակ իրական շփումներն ընկերների հետ: Պետք չէ տեղեկատվական տեխնոլոգիաներում լճացման գերին դառնալ»:

Մասնագետների պնդմամբ, որքան էլ մարդիկ տեղեկատվական տեխնոլոգիաներում գտնեն բացասական ազդեցություններ, անհերքելի ճշմարտություն է այն հանգամանքը, որ առանց դրա չի կարելի պատկերացնել և ոչ մի բնագավառի առաջընթաց: Մեր իրականության մեջ հանդիպող ցանկացած երևույթ ինչ-որ չափով կապված է տեխնոլոգիաների հետ և փախչել կամ խուսափել այդ ամենից հնարավոր չէ:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել