ԵՐԵՎԱՆԻ ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

1356

Կոնդի մասին մամուլի անդրադարձը բազմազան է: Տպավորություն է, որ այնտեղի բնակիչների հետ թեմաներն անսպառ են ու դա, իրոք, այդպես է: Անկախ ինձանից, միանգամից քայլերս տարան դեպի Կոնդ, որը կարծես քաղաքի այն կոլորիտային հատվածն է, որտեղ ամենից առաջ տեղի բնակիչների լեզվով խոսում է հենց ինքը` իմ ու քո հարազատ քաղաքը: Մի թաղամաս, որը մեր համաքաղաքացիներն անվանում են Երևանի պատմական կորիզը:

Մեր համաքաղաքացների հարցումից պարզ դարձավ, որ շատերն այն կարծիքին են, որ Կոնդը քաղաք է քաղաքի մեջ, մի վայր, որտեղ միշտ կցանկանաս գնալ, շրջել, հիանալ տեղի բնակիչների հյուրասիրությամբ ու բարեհամբույր վերաբերմունքով. «Ես մասնագիտությամբ գիդ եմ և մեծ բավականություն եմ ստանում, երբ զբոսաշրջիկներս ցանկություն են հայտնում այցելել Կոնդ, նրանց հետ ամեն անգամ յուրովի եմ բացահայտում Կոնդը: Ժամանակի սղության պատճաոով երբեք չի եղել դեպք, որ մեկ ամբողջ օր կարողանանք տրամադրել Կոնդով շրջելուն, այլապես համոզված եմ շատ ավելին կիմանայի թաղամասի մասին»:

Կոնդ տանող ճանապարհները բազմազան են՝ Սարյան, Պռոշյան և այլ: Այդ փողոցներում գտնվող մի շարք գեղեցիկ ու նորոգված շենքեր կարող են տպավորություն ստեղծել, որ Կոնդում նույնպես նման պատկեր է, բայց երբ խորանում ես, պատկերը գլխիվայր շրջվում է. կիսախարխուլ շենքեր, փոքր ցածր տանիքներով բազմաթիվ տներ:

Այստեղ առօրյան լիովին տարբերվում է քաղաքից: Տեղացիները պատմում են, որ հատկապես ամռանը, երբ տաքերն ընկնում են, թաղի տղամարդիկ հավաքվում են և սկսում նարդի խաղալ. «Ազիզ ջան, հլը մի Կոնդով շրջի, տես ինչքան բիսետկա կտեսնես, բայց ամռանը ոչ մի ազատ տեղ չես գտնի, իրար հերթ չեն տալիս տղամարդիկ նարդի քցելու համար, դե, մենք՝ կանայքս էլ, մի-մի բաժակ սուրճը դնում, հավաքվում ենք մեկիս տանը: Էստեղ բոլորս մեկս մյուսին հարազատ ենք, քաղաքի նման չի, որ սպասենք իրար հյուրության կանչեն, մենք միշտ էլ իրար տներ գնում ենք»:

Թաղի երեխաները նույնպես անմասն չմնացին մեր զրույցից: Արմենը, ով 11 տարեկան էր, պատմեց Կոնդը սիրելու և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու մասին. «Մեր մոտ շատ հավես ա, որ մի քիչ երկար մնաք, կարանք գնանք միասին խաղալու, համ էլ կծանոթացնեմ թաղամասի հետ, կասեմ, որտեղ ինչ կա: Էն դուռը տեսնում եք, էդ ամենաապահով դուռնա մոտակայքում, որտեղ պախկվոցի խաղալու ժամանակ կարանք թաքնվենք, որովհետև հազար ու մի ծակ ունի, որտեղից կարելիա դուրս գալ (ծիծաղում է)»: Մեր այն հարցին, թե երբեք չի ցանկացել Կոնդից բացի ուրիշ տեղ ապրել, Արմենը պատասխանեց. «Իմ պապին միշտ ինձ պատմումա, որ ինչքան էլ մեծանամ, երբեք չհեռանամ Կոնդից, այլ մեր տունը շենացնեմ ու լիքը էրեխեք ունենամ: Ինձ հետաքրքիրա քաղաքում էրեխեքի հետ ծանոթանալը, բայց ես իմ Կոնդը սիրում եմ: Մեկ-մեկ լինում ա, որ գալիս են էրեխեք, ուզում ենք հետները խաղալ, բայց մի տեսակ ուրիշ ձև են, չեմ կարա ասեմ, է»:

Կոնդեցիները, անկախ բոլոր տեսակ դժվարություններին, սիրահարված են իրենց թաղամասին. «Էհ, բալես, իմ սաղ կյանքն ա էստեղ անցել, ես իմ Կոնդը շատ եմ սիրում ու համոզված կարամ ասեմ, որ իմ կարծիքին ա յուրաքանչյուր կոնդեցի: Էս տունը տեսնու՞մ ես: Գիտես՝ քանի տարվա պատմություն ունի, հետո ինչ, որ շատ քանդած տեղեր ունի, էստեղ ցանկացած քար իր պատմությունն ունի: Շատ օրեր եմ ունեցել նենց, որ ոչ ջուր եմ ունեցել, ոչ էլ ուտելու բան, փոխարենը դուրս եմ եկել էստեղի մաքուր օդը շնչել ու անուշ քուն մտել: Ես չունեմ ոչ մի ալբոմ կամ տենց թիթիզ բաներ, որ ցույց տամ, իմ հիշողություններն իմ մեջ են ու էդ ինձ լրիվ հերիքա: Դեպքեր են եղել, ազիզ ջան, որ քաղաքի այլ վայրերում տուն են առաջարկել, բայց ես ու իմ հարևանները չենք ընդունել, որովհետև մեզ հարազատա էս Կոնդը` անգամ ավերված ու քանդած վիճակում»,- անկեղծանում է Արաքսյա տատիկն ու հավելում. «Բայց էդ օլիգարխ հարուստներից հլը մեկին առաջարկի գա էստեղ ապրի, հերիք չի կմերժի, մի հատ էլ ավել պակաս կխոսա: Թող գնան իրանք իրանց հին պատմությունը թողած նոր շենքերում բնակվեն»:

Մեր այն հարցին, թե ինչ կա Կոնդում, որ չես գտնի քաղաքում, Արաքսյա տատը հոգոց հանեց ու պատասխանեց. «Պատմություն չկա, բալես, պատմություն: Էնտեղ ամեն ինչ ձև ա, իսկ էստեղ հայի պատմոււթյուննա, որ մենք դեռ շատ երկար տարիներ կպահպանենք ու չենք թողնի, որ մեր Էս թաղամասն էլ վերածեն նորակառույց շենքերի»:

Արաքսյա տատիկի խոսքերը կարծես բոլոր բնակիչների սրտից լինեին, պարզապես իրենք խուսափում էին բարձրաձայնել, իսկ Արաքսյա տատիկը ինչպես ինքն է նշում՝ լեզվին փուշ չկա, դուզը խոսացող մարդ է:

Որքան էլ ցավալի էր գիտակցել, այնուամենայնիվ պիտի համաձայնենք Արաքսյա տատիկի հետ, որովհետև իրեղեն ապացույցները ամեն քայլափոխի հանդիպում են. քանդված շենքեր, շինարարություն, փոփոխություններ: Մի բան ակնհայտ էր՝ Կոնդում կյանքը  եռռում էր շնորհիվ կոնդեցի երեխաների ուրախ ու աշխույժ ձայների, ովքեր դեռ չեն կորցրել իրենց մանկությունը և տարատեսակ խաղերի միջոցով առավոտից երեկո ապահովում են Կոնդի ուրախ մթնոլորտը:

 

Շուշան Սահակյանց

4-րդ կուրս

Կիսվել