ՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄԱՍՆԱՎՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

ՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄԱՍՆԱՎՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

1886

Մասնավոր եւ պետական մանկապարտեզների առավելություններն ու թերությունները

Շատերն ասում են, թե երեխան մանկապարտեզում՝ հասակակիցների կողքին ավելի լավ է կրթվում, քան տանը. գուզե սա է պատճառը, որ Հայաստանում գործում են մոտավորապես 650 պետական եւ 65-ից ավելի մասնավոր մանկապարտեզներ: Երբ գալիս է երեխային մանկապարտեզ տանելու ժամանակը, ծնողը հաճախ կարող է երկընտրանքի առաջ կանգնել՝  պետակա՞ն, թե մասնավոր: Փորձենք ներկայացնել երկուսի եւ առավելությունները, եւ թերությունները:
«Ֆեյրի թեյլ», «Հրաշք մանկիկ», «Հեքիաթ», «Գուլիվեր», «Օկի դոկի». սրանք մասնավոր մանկապարտեզներից ընդամենը մի քանիսն են: Այստեղ հազվադեպ են հանդիպում տարբեր տարիքային խմբեր. հաճախում են նույն տարիքային խմբի երեխաներ: Խմբում սովորաբար լինում է 15-20 երեխա: Սնունդը երեքանգամյա է, երեխաներին խնամում է դայակը, կազմակերպվում են հմտությունները զարգացնող խաղեր: Ցանկության դեպքում կարող են տրամադրել փոխադրամիջոցներ: Եվ եթե որոշել եք ձեր երեխային տանել մասնավոր մանկապարտեզ, դա կարող է արժենալ 60-ից մինչեւ 120հազար դրամ: Զրույցում իր երեխային մասնավոր մանկապարտեզ տանող Ամալյան գոհունակություն հայտնեց. «Երեխայիս համար այնտեղ շատ լավ է. նորմալ սնվում է, խաղում, իրեն լավ են վերաբերվում, տանն էլ իրեն նորմալ է պահում, եւ բացի այդ հասցնում եմ աշխատանքից հանգիստ տուն գալ»:

Պետական մանկապարտեզների թիվն անհամեմատ ավելիւ մեծ է: Հայաստանում գործող պետական մանկապարտեզներն անվճար են, սակայն կան մանկապարտեզներ, որտեղ սա մասնակի է գործում: Այսինքն, եթե ունեք քաղաքի գրանցում, ապա երեխան մանկապարտեզ կհաճախի անվճար: Այստեղ երեխաներն ընդգրկվում են խմբերում՝ ըստ տարիքի (խմբերի քանակը կարող է լինել 3-ից մինչեւ 8), երեխաներին խնամում են դայակները, տրվում է երեքանգամյա սնունդ, սովորեցնում են նկարել, երգել, տարբեր վարժություններ կատարել:
Սերինեն, ով իր չորսամյա տղային տանում է պետական մանկապարտեզ, եւս չի դժգոհում. «Պետական մանկապարտեզ տանելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ դա տանն ավելի մոտ է. մասնավորի դեպքում ժամանակի խնդիր կունենայինք: Որպես թերություն կարող եմ նշել երեխաների քանակը. կան խմբեր, որտեղ ներառված են 20-25 երեխա, չնայած դա էլ իր լավ կողմն ունի՝ երեխադ շփվում է տարբեր բնավորության տեր երեխաների հետ»:
Չնայած մանկապարտեզների թիվն այնքան էլ քիչ չէ, այնուամենայնիվ, երեխային ժամանակին մանկապարտեզ տանելու համար պահանջվում է ամիսներ առաջ հերթագրել, որպեսզի ձեր երեխային եւս հերթ հասնի:

 

Գայանե Իսրայելյան

4-րդ կուրս

 

Կիսվել