ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆՈՂՆԵՐԸ ՍՆԿԻ ՆՄԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ

ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆՈՂՆԵՐԸ ՍՆԿԻ ՆՄԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ

2185

Այսօր գրեթե բոլորը, անկախ սեփական մեքենա ունենալուց, ցանկանում են վարորդական իրավունք ձեռք բերել, ինչը հանգեցնում է նրան, որ դիմում են տարատեսակ ավտոդպրոցների, անհատական պարապմունքների՝ վարման դասեր անցնելու համար: Որքանո՞վ են դրանք արդյունավետ ստացվում, հարցի մյուս կողմն է, իսկ ահա մտահոգիչ է այն փաստը, որ ամեն երկրորդը, ով ունի մեքենա, բայց չունի աշխատանք, զբաղվում է մեքենայի վարման դասեր անցկացնելով, դրանով իսկ լուրջ վտանգ ներկայացնում ապագա վարորդի համար, ով քաջատեղյակ չէ մեքենա վարելու կանոններից և «սովորեցնողներ»-ը թերի գիտելիքներ ունենալու դեպքում կարող են լուրջ հետևանքների հանգեցնել:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների զգալի մասը նախապատվությունը տալիս էր ոչ թե ով կսովորեցնի, այլ ինչ մակնիշի մեքենա կլինի. «Ես մեքենա վարել սովորելու ժամանակ առաջնահերթ հաշվի եմ առնում, թե ինչ մեքենայի ղեկին պիտի նստեմ, ըստ իս, ոչ մեկ էլ անկապ մեքենա չի ընտրի ու կարևորի սովորելը, ինչքան էլ, որ վարողը լինի պրոֆեսիոնալ»:

Ի տարբերություն այս կարծիքի՝ Ալլան, ով, ի դեպ, գնում էր մեքենավարման դասընթացների նշեց, որ ընտրությունը կատարել է եղբոր խորհրդով. «Ծնողներս շատ խիստ են և մեքենա վարել սովորելու հարցում երբեք միևնույն հայտատարի չէինք գալիս: Մի օր հայրս ականջալուր եղավ իմ հորդորներին և պայման դրեց, եթե մեծ եղբայրս կստուգի այդ մեքենա սովորեցնողի գիտելիքները (եղբայրս շատ լավ է վարում), նոր այդ դեպքում ինքը կվստահի ինձ այդ վարորդին: Պայմանավորվեցինք և որքան էլ ծիծաղելի հնչի, բայց առաջին պարապմունքս եղբայրս էր սովորեցնողի դերում` իրական սովորեցնողի փոխարեն (ծիծաղում է): Միանշանակ, ես համամիտ եմ, որ մեքենայի մակնիշն էական չի, կարևորը իր գործում հմուտ մարդու ձեռք ընկնես, որովհետև այսօր բարձր մակնիշի մեքենա ունենալը բարդ գործ չէ, առավել ևս՝ զարմացնելու»:

Տաթևը, ով հիմա արդեն երկու ամիս է՝ իր սեփական մեքենան է վարում ինքնուրույն, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչքան երկար փնտրտուքների արդյունքում է գտել ճիշտ ու վստահելի տարբերակ. «Առհասարակ բնույթով բծախնդիր մարդ եմ և սիրում եմ պահանջկոտություն ցուցաբերել այն ամենում, ինչ ինձ հետ է առնչվում: Մեքենա վարելու, ձեռք բերելու ցանկություն դեռ մանկուց եմ ունեցել, երբ հայրիկի հետ առիթը բաց չէի թողնում մեքենայով ինչ-որ տեղ գնալ, առավել ևս գյուղ, որի անվտանգ հատվածներում խնդրում էի ղեկը տրամադրել ու վստահել ինձ: Հայրս ինձ մանկուց էլ ռիսկով է մեծացրել և ես ամեն փորձության գրկաբաց էի ընդունելու: Երբ 18 տարեկանս լրացավ, առանց վարանելու հորս խնդրեցի, որ վարորդական իրավունք թույլ տա հանեմ, իմանալով ինձ, որ ես տեսական քննություններ հանձնելուց կիլոմետրերով հեռու եմ, ասաց, որ տեսականն իր կողմից նվեր կանի, բայց այ մյուսը պիտի հանձնեմ ինքնուրույն: Վարկյաններ տևեց որոշումս կայացնելը և միանշանակ դրական էր այն: Օր ու գիշեր համացանցով ման էի գալիս, թե ում կարելի է դիմել, դե պապաս ժամանակ չուներ, իսկ եղբյարներիս հետ նյարդերս տեղի կտային, էդպես է չէ, որ բարեկամի հետ մեկ բիզնեսի մեջ պիտի չմտնես, մեկ էլ մեքենա սովորեցնելու, երկու դեպքում էլ տուժող ես դուրս գալիս: Ընկերներիս շրջանակում հետաքրքվեցի և արդյունքում գտա մեկին, ով, իմ կարծիքով կարող էր ինձ սովորեցնել, բայց չշտապեցի նրան այդ մասին ասել, փոխարենը դրեցի պայման, եթե ես 15 պարապմունքի արդյունքում, ինչպես ինքն էր նշում, կսովորեմ և կհանձնեմ քննությունս, միայն այդ դեպքում կվճարեմ իր ծառայության համար (ծիծաղում է): Առհասարակ միշտ մտածում եմ էսպես, եթե վարորդը հմուտ է ու վստահ իր ուժերի վրա, ապա առանց երկմտելու այս պայմանի հետ կհամաձայնի: Արդյունքում երկուստեք շահեցինք: Ես իմ ուժերով ստացա քննությունս, նա իր վաստակած գումարը»:

Մեր հերոսուհուն խնդրեցինք տրամադրել իրեն մեքենա սովորեցնողի կոնտակտները և գնացինք ինքներս պարզելու, թե ինչ է անհրաժեշտ վարորդին՝ իրեն վստահ ու համարձակ մեքենա սովորեցնող համարելու համար:

Արամը, ով 50-ին մոտ տղամարդ էր, պատմեց, որ երկար տարիներ է՝ զբաղվում է մեքենավարման դասեր անցկացնելով և երբեք չի ստացել բողոքներ, փոխարենը սպասելիքներն արդարացված են եղել. «Արդեն 15 տարի է, որ մեքենայի ղեկին եմ նստում որպես սովորեցնող, ինչը եռակի անգամ ավելի բարդ է, քան երբ ինքդ ես ղեկին, որովհետև այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը քո ուսերին է, առավել ևս բարդությունը կայանում է նրանում, որ մեծամասամբ իրավիճակի տերը դու չես, այլ մեքենա վարել սովորողը, ուստի առանց սեփական ուժերի վրա վստահ լինելու ոչ մեկ չի վտանգի իր կյանքը մեկ-երկու կոպեկի համար»:

Արամի հետ ունեցած զրույցից ակնհայտ էր, որ նա դասվում է այն վարորդների շարքին, ովքեր իրենց գործում կարևորում են օգատակար լինելու հանգամանքը, սրտացավությունը, նոր հետո միայն գումարը. «Մեր կյանքում ամեն երկրորդը մտածումա շնից մազ պոկելու մասին, ասեմ ավելին՝ մեքենա սովորեցնողները սնկի նման աճում են: Ամեն երկրորդ տաքսու վարորդ հիմա մեքենա է սովորեցնում, ցավում եմ շատ, որ լուրջ սահմանափակումներ ու հետևողական քայլեր չի նկատվում, այն ինչ լուրջ հարց է օրակարգային: Ինձ որ գալիս ասում են՝ ինչքանով ես սովորեցնում, ես չեմ շտապում գին ասել, փոխարենը վստահեցնում եմ, որ իմ աշխատանքից գոհ մնալու դեպքում միայն կվճարեն իրենց գրպանին հարմար տարբերակով: Իհարկե, դիմացինը հասկանում է ու գիտի հիմիկվա գները, բայց ես անձամբ չեմ նշում, որովհետև դա արդար չի: Եթե համեմատական տանեմ հիմա միջին գները օրավարձով 3000-4000 են կազմում, դե իսկ էն նորեկները 2000-ով էլ կսովորեցնեն, մենակ թե իրենց գրպանը մեկ-երկու կոպեկ գա: Հարյուրավոր էրեխեք եմ ունեցել տարբեր տարիքի, մինչև անգամ ինձ հասակակիցներ ու բոլորի հետ էլ աշխատել եմ նենց, որ հիմա փողոցում ինձ կարմիր լույսի տակ կամ թեկուզ ճանապարհի կեսին տեսնեն, պատուհանը կիջացնեն, ջերմ կբարևեն ու էնպես էդ պահին կվարեն մեքենան, որ ես հպարտանամ, ինչը մեծ ուրախություն է պարգևում»:

Արամը մեզ հետ անկեղծացավ, որ աշակերտներ է ունեցել, որոնց շնորհիվ կարողացել է կապվել իր նախկին աշակերտների հետ՝ իմանալու հիմա ոնց են, հո չեն նեղվում երևանյան երթևեկության մեջ. «Հենց նոր աշակերտ եմ ունենում, շտապում եմ հասկանալ, թե իմ մասին ոնց է իմացել և եթե ասում են, որ ինչ-որ մեկն է խորհուրդ տվել, չեմ զլանում այդ պահին համարն եմ խնդրում, զանգում, հարցնում թե ոնց են մեքենայի հետ գործերը: Հաճախ աղջիկ աշակերտներից զանգեր եմ ստանում, որ մեկ-երկու դաս նորից կայանման դասեր անենք, դա բնական է, ոչ թե ես լավ չեմ սովորեցրել, այլ էդ աչքաչափը ժամանակի ու փորձի արդյունքում է ձևավորվում և ես ազատ ժամանակ ունենալու դեպքում չեմ մերժում նրանց խնդրանքները»:

Ավտովարման դասընթացներն, իսկապես, մեր օրերում դարձել է շատ ակտուալ հարց, իսկ շատերի համար ինչու ոչ` խնդիր: Մարդիկ թերահավատորեն են վերաբերվում ավտոդպրոցներին, անհատական պարապմունքներին, ինչի պատճառը, անխոս, Արամի խոսքում ինչպես նշվեց մեքենա սովորեցնողների սնկի նման աճելն է, ինչից խուսափել հնարավոր չէ կամ գոնե ոչ իրական հիմա:

Մի առիթով «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանն իր խոսքում նշել է՝ մենք ունենք 2 առաջնագիծ. առաջինը մեր երկրի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները, դրանք ավելի շատ զոհեր են տալիս: Ելնելով վերը նշված խոսքերից՝ պիտի հնարավորինս զգոն լինենք, որ ամեն պատահած վարորդի չվստահենք մեքենա վարելու դասերը՝ դրանով վտանգի տակ դնելով մեր կյանքը:

 

Օֆելյա Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել