ՀԱՑԻ ՀԱՄՈՒՀՈՏՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՍԵՂԱՆԻ ՏԵՍՔԸ

ՀԱՑԻ ՀԱՄՈՒՀՈՏՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՍԵՂԱՆԻ ՏԵՍՔԸ

1789

-Բալես, մեր ընտանիքում երբեք հաց առած չկանք խանութից: Միշտ ես եմ պատրաստել, հացի համն ու հոտը հենց պատրաստելու գործընթացն է ապահովում:

Վիկտորյա տատը երկար տարիներ է՝ թոնրի առաջ է անցկացնում իր առօրյայի զգալի մասը: Պատմում է, որ իր աշխատանքը ոչ թե հոգնություն, այլ հաճույք է պատճառում իրեն. «Ես մեծացել եմ գյուղական միջավայրում, որտեղ գրեթե անհնար էր գտնել ընտանիքներ, ովքեր հացը նախընտրում էին խանութից գնել, փոխարենը կարող էիք տեսնել թոնրի մոտ համախմբված մի շարք կանանց, ովքեր հումոր անելով, օրվա թեմաները քննարկելով, հաց էին թխում: Ես էլ հետևելով տատիս, հետո արդեն մորս հաց թխելու պրոցեսին, հեշտությամբ ինտեգրվեցի գործին»:

Վիկտոր տատը հիշում է, որ երբ ամուսնացավ, եկավ քաղաք, ամուսնուն խնդրեց իր համար աշխատանք գտնի, բայց նա չհամաձայնեց. «Չնայած երկուսս էլ գյուղից էինք ու սովոր էինք էնտեղի վարք ու բարքին, ամեն դեպքում, ամուսինս նախընտրեց գալ քաղաք, ապրել այստեղ և աշխատել, բայց ինձ արգելեց՝ պատճառաբանելով, որ դեռ կհասցնեմ աշխատել մեծ տարիքում: Ինձ համար շատ խորթ էր, որ խանութ էի իջնում հաց գնելու: Մեկ-երկու դեպք եղավ այդպես, հետո որոշեցի ինքս հաց թխել: Մի օր եկավ ամուսինս աշխատանքից և հացի հոտից, որը տարածվել էր ամբողջ տան մեջ, ախորժակը բացվեց»:

Վիկտոր տատի ցանկությունը իրականացավ շատ տարիներ հետո, երբ ծնվեցին թոռները ու նա որոշեց ոչ թե միայն տանը, այլև թոնրատանը հացթուխ աշխատել. «Ամուսինս մի օր եկավ ու ասաց՝ այ կնիկ, էն որ ասում էիր ուզում եմ աշխատել, հիմա դեմ չեմ, գնա քո սիրած գործը գտի, աշխատի: Ես էլ առանց ժամանակ կորցնելու իջա մեր շենքին հարակից թոնրատուն և խնդրեցի հացթուխի աշխատանք տրամադրել, իրենք էլ սիրով համաձայնեցին: Գիտեք, հաց թխելու մեջ որպես էդպիսին բարդություններ չկան, պարզապես պիտի ճիշտ և շուտ կողմնորոշվող լինել և, իհարկե, սիրով անել: Ամենաբարդը, թերևս, հացը թոնիր իջեցնելու պահն է, որից էլ, իհարկե, բոլորս  ապահովագրված ենք, տեխնոլոգիաները հիմա զարգացել են, մեր ժամանակ էր թոնիր, հիմա հազար ու մի ապարատ կա (ծիծաղում է)»:

Վիկտոր տատն անկեղծացավ, որ իր սպասված հյուրերը իր թոռներն ու երեխաներն են, երբ ինքը ժամանակ չի կորցնում հաց թխի ու վազի տուն. «Ինձ համար մեծ բավականություն է, երբ տանս դռները բացում են թոռներս ու սեղանի շուրջ համախմբվում՝ մի-մի կտոր նոր թխած հացից փորձելու համար, որի հետո նոր միայն սեղան ենք նստում բոլորս: Հացի համուհոտն ապահովում է ամբողջ սեղանի տեսքը»:

 

Օֆելյա Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել