«ԱՆԳԱՄ ՄԵՌՆԵԼՆ Է ԹԱՆԿ ՆՍՏՈՒՄ»

«ԱՆԳԱՄ ՄԵՌՆԵԼՆ Է ԹԱՆԿ ՆՍՏՈՒՄ»

1620

«О мёртвых, как известно, либо хорошо, либо нехорошо. 
Расскажу хорошо».

Երթուղայինում նստած ուղևորներից երկուսը զրուցում էին, երբ ականջովս ընկավ նրանց զրույցի թեման՝

-Ալվարդ, դու տեսե՞լ ես էդ դագաղների գները, բա մյուս ծառայությունների գները, մի շաբաթ առաջ էր, որ Սամվելը մահացավ, մարդ ապահոված չլինի, իր ա մեռելին չի կարա թաղի, լուրջ եմ ասում:

-Էլ մի ասա, լսի, դաժե մեռնելնա թանկ նստում մարդու վրա, սենց բան կլինի տո:

Այս զրույցից տպավորված և փոքր-ինչ էլ հետաքրքրված՝ ինքս որոշեցի հասկանալ, իսկապես, մեր օրերում ինչքա՞ն արժե «մահանալը»: Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս այն կարծրատիպի կրողն ենք, որ որքան ճոխ է կազմակերպվում թաղումը, այնքան մեծ է եղել հարգանքը մահացողի նկատմամբ:

Փորձեցինք անցկացնել հարցում՝ հասկանալու համար, թե մեր համաքաղաքացիները ի՞նչ կարծիք ունեն այս հարցի շուրջ: Հարցվածների զգալի մասը հակված էր կարծելու, որ թաղումը պիտի կազմակերպվի անգամ պարտքով, եթե դրա կարիքը կա. «Էգուց մյուս օր, Աստված հեռու պահի, որ մեկը մեռնի, ես պարտք էլ կանեմ, բայց թաղումը օտիդո կանեմ», իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում իր նշած «օտիդո թաղումը», մեր 37 ամյա զրուցակիցը պատասխանեց. «Դե հիմա, ոնց ասեմ, ասենք ամեն ինչը պիտի լինի թանկանոց, ոչ թե երկու փայտի կտորի մեջ, կամ ո՞նց անես թաղում առանց դուդուկի երաժշտության, մի խոսքով ամեն ինչով»:

Ի տարբերություն մի շարք երկրների, որտեղ ճոխ թաղում կազմակերպելու համար մարդիկ կարող են տուգանվել, Հայաստանում այս վտանգը չկա, ավելին՝ Արամի պես շատերն էլ ձգտում են թաղում կազմակերպել իր բոլոր ծառայություններով հանդերձ:

Դե ինչ, փորձենք մեր իսկ երևակայության շրջանակում շրջել մի քանի կետերով, որ հասկանալի լինի գնային համակարգը: Դիահերձման գների ընդհանուր գնային պատկերը հետևյալն էր՝ դիահերձումը 25-30 հազար դրամ, դեմքի և մազերի հարդարումը 10-15 հազար դրամ, իսկ, եթե մահացողի բարեկամներն ու հարազատները ինչ-ինչ պատճառներով ստիպված են մեկ-երկու օր հետաձգել թաղումը, ապա սառնարանում պահելու մեկօրյա արժեքն է 5000 դրամ: Հաջորդ կանգառը միանշանակ բոլորիս հայտնի Նար-Դոս փողոցն էր, որտեղ աջ ու ձախ կարելի է լսել դագաղների, ծաղկեպսակների և մի շարք ծառայությունների գները. «Քուրիկ ջան, ո՞ր մեկի գինն է հետաքրքում ասա, ասեմ»: Երիտասարդի հետ ունեցած զրույցից պարզ դարձավ, որ դագաղները սկսվում են 20000-ից ավարտվում այնտեղ, որտեղ կավարտվի մարդու դրամապանակի ամբողջ պարունակությունը. «Դե տենց չեմ կարա ասեմ, ասենք ունեմ 20000 դրամանոց դագաղ, որ ոչ մեկ համարյա չի առնում, որովհետև 4 հայտ իրար կպած փայտեր են, անհարմար են երևի, չեմ փորձել (ծիծաղում է): Դե իսկ ամենաթանկը ունեմ մինչև 3-4 հազար դոլլար»: Գինը լսելուն պես զարմացած հայացքով հարցրի՝ առնող կա՞, պատասխանն ավելի զարմանալի էր՝ շատ ավելի, քան էժանները:

Դագաղագործներից փորձեցինք պարզել ինչով է պայմանավորված դագաղների գների տարբերություն. «Դագաղի գները կախված են փայտի ու կտորի որակից, փորագրությունից: Եթե հարթ, առանց այլևայլությունների ա լինում ավելի մատչելիա լինում, իսկ մարդ կա կարող ա գա ասի ես ուզում եմ իմ մեռելի դագաղի վրա բանաստեղծություն փորագրեք կամ «Հայր մերը»: Տան համապատասխան հարդարման համար ևս ոչ պակաս միջոցներ են անհրաժեշտ: Միջին հաշվարկներով՝ տունը ձեւավորելը արժե 100 հազար դրամ (գինը հիմնականում կախված է պարագաների քանակից եւ տան չափից): Այնուհետև հետաքրքվեցինք սգո մեքենաների կամ ինչպես բոլորն են ասում կատաֆալկայի գներից. այդ մեքենաները արժեն 35 հազար դրամ՝ 2 օրը, իսկ եթե ցանկանում եք մակնիշն ավելի բարձր, հետևաբար պիտի պատրաստ լինեք վճարել կրկնակի:

Շատերը նախընտրում են տան փոխարեն հոգեհանգիստը կազմակերպել եկեղեցում, իհարկե, մենք փորձեցինք մի քանի եկեղեցուց ճշտել (այն եկեղեցիներ, որտեղ թույլատրված է հոգեհանգստի կազմակերպում) գները, բայց բոլորի պատասխանը մեկն էր. «Ով որքան կամենա»: Հաջորդիվ փորձեցինք իմանալ երաժշտության գները, որն իրենից ենթադրում էր երգչախմբի յուրաքանչյուր անդամին 3000 դրամ: Կան դեպքեր, երբ ընտանիքը չի ունենում ընտանեկան գերեզմանատեղիներ, որը ևս իրենից ծախս է ենթադրում. գները տարբեր են՝ կախված տեղից. օրինակ՝ գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է ու հեռու, տեղն ավելի մատչելի է, իսկ առաջին շարքերում գտնվող հողակտորների գները ավելի բարձր:

Եթե չհաշվենք կողմնակի ծախսերը ինչպիսին է օրինակ հոգեհացը, ապա կարելի է միանշանակ փաստել, որ իր օրվա ապրուստը հազիվ հայթաթող կամ անգամ միջին պայմաններում ապրող մարդու համար, իրոք, մահանալը թանկ կնստի:

 

Շուշան Սահակյանց

4-րդ կուրս

Կիսվել