Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում համերգային ծրագրով հանդես եկավ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Դեպի լույս» և «Կանչ» միացյալ երգի խումբը: Միջոցառումը կրում էր «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը: Նախքան համերգի սկսվելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը: Միջոցառման մեկնարկը տրվեց խմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած խորհրդանշական «Հայ զինվոր» երգով, որը բազմիցս հնչել է Հայաստանի Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլի կատարմամբ:
Վարդուհի Խաչատրյանը նշեց, որ իրենց համար ուրախություն է կենտրոնի սաների համար ելույթ ունենալը: Իսկ համերգի առաջարկը «Զատիկի» տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունել:
Կենտրոնի ղեկավար Աշոտ Մնացականյանը կարևորում է նման նախաձեռնությունները. «Համերգը ևս մեկ անգամ հիշեցնում է 2016 թվականի ապրիլյան օրերը` փոխանցելով ուրախություն և տխրություն: Իսկ եթե այդ հիշողությունը կա, ուրեմն ունենք վաղվա օր», – նշեց Մնացականյանը:
Խմբի ավագ երգիչ Սուրեն Հովսեփյանը համոզված է` յուրաքանրյուր երեխա պետք է դաստիարակվի հայրենասիրական ոգով: Ինչպես նշեց խմբի ղեկավարը, առաջիկայում սպասվում են համերգներ նաև տուն-ինտերնատներում և զորամասերում:
Համերգի նկարահանմանը աջակցել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Համերգի ողջ ընթացքում կենդանի հնչողությամբ փոքրիկ երգիչները կատարեցին բոլորիս քաջ ծանոթ մի շարք ռազմահայրենասիրական երգեր, իսկ երգչախմբին ձայնակցում էին ոգևորված զատիկցիները:
Մարիամ Ալեքյան
4-րդ կուրս