ՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ ՀԱՃԱԽԵԼ

ՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ ՀԱՃԱԽԵԼ

2057

Մեր օրերում մարդիկ հիմնականում ձգտում են կենցաղային բոլոր հոգսերը հնարավորինս թեթևացնել: Մի մասը նախընտրում է ամենօրյա գնումներ կատարել, մյուս մասը՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով առևտուր է անում շուկաներից կամ սուպերմարկետներից:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարդկանց զգալի մասը նախընտրում է գնում կատարել սուպերմարկետներից. «Ես միշտ սուպերմարկետներից եմ օգտվում, էդպես համ ժամանակս եմ խնայում, համ էլ ինչ պետք ա արագ առնում, վերջացնում եմ»: Հարցվածներից մի քանիսն էլ այն կարծիքին էին, որ շուկաներից օգտվելու առավելությունը ավելի մատչելի գնումներ կատարելն է. «Բալես, հիմա, որ թոշակառուներն ուզեն էլ իրենց թույլ չեն կարա տան սուպերմարկետներից գնումներ անել: Շուկաներում գոնե համեմատած ավելի խելքին մոտ գներ ա, չնայած որ սուպերմարկետներում էլ իրար հերթ չեն տալիս, էնքան գնորդներ ունեն»:

Մեր հերոսուհին՝ Հռիփսիմեն, միշտ օգտվում է սուպերմարկետներից և հավաստիացնում, որ նույն գումարն է ծախսում, ինչ իր մայրիկը՝ շուկայում. «Սխալ տպավորություն է ստեղծվել մեր հասարակությունում, որ սուպերմարկետներից իրեն կարող է թույլ տա օգտվել միայն հարուստ մարդը: Եթե վերցնենք շաբաթական կտրվածքով գնումները, ապա ես իմ փորձով կարող եմ ասել, որ նույն գումարն եմ ծախսել, ինչ մայրս շուկաներում և մթերային խանութներում: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ կան տարբեր սուպերմարկետներ, որոնցից մի քանիսը, իսկապես, համեմատած մնացածների ավելի թանկ են, բայց խոսքս դրանց մասին չի: Սուպերմարկետներում գնումներ կատարելն ավելի արդյունավետ է ըստ իս, որովհետև ամեն ինչ քո աչքի դիմաց է, շրջում ես, վերցնում ու դուրս գալիս, այլ ոչ թե շուկաներում ժամերով ման գալիս, արդյունքում մոռանում, թե ինչեր էին հարկավոր: Ես հորս եմ նման այս հարցում. նա նույնպես սուպերմարկետներից գնումներ կատարելու սիրահար է և մամայի հետ գնալու փոխարեն հաճախ ինձ հետ էր գնում (ծիծաղում է): Հիմա ես ունեմ իմ ընտանիքը, որտեղ ի ուրախություն ինձ, ամուսինս համակարծիք է ինձ հետ և մենք միասին երեկոյան ուշ ժամի գնում ենք մոտակա սուպերմարկետ, գնումները կատարում և գալիս տուն»:

Հակառակ մեր հերոսուհու կարծիքին՝ տիկին Քնարը կտրականապես դեմ է սուպերմարկետներ հաճախելուն. «Այ բալես, ինչ մի թիթիզությունների հետևից են ընկել: Ախր ո՞նց կարելի ա տան ուտելիքը սուպերմարկետից առնել, փոխարենը չգնա՞ս քո ձեռքով ընտրես, նայես, լավ ու վատ անես, բերես: Մեր ժամանակ հո չկար էս սուպերմարկետները, բայց հո լավ ապրում էինք, էդ հիմա է, որ ամեն քայլափոխին մոլ ու սուպերմարկետ են բացում»:

Տիկին Քնարը չի զլանում ամեն առավոտ գնալ շուկա և գնումներ կատարել: Իր կարծիքով առավոտյան թարմ պիտի արթնանալ և առաջին տեղը, որ պիտի գնա կինը՝ շուկան է. «Մինչ տան անդամներս կարթնանան, ես ավելի վաղ եմ արթնանում և գնում շուկա, որ հասցնեմ գամ, պատրաստեմ նախաճաշ մինչև էրեխեքիս ու թոռներիս սեղան նստելը: Անգամ շուկայի մթնոլորտն ուրիշա. ոչ մեկ սուպերմարկետում չի ասի՝ տատի ջան, արի տեսնեմ ո՞ր մեկն ես ուզում, կշռեմ տար, ոչ մեկ քո հետ հավասար չի ջոկի ամենալավը, որ քո սրտով լինի»:

Շուկայի աշխատակիցների հետ զրույցում պարզ դարձավ, որ առևտուր շատ քիչ է լինում. «Գործ չկա, շարժը կանգնած ա, հիմնականում մենակ գալիս են կես-կես կիլոյով մի բան տանում ու վերջ»:

Սուպերմարկետների աշխատակիցներից մեկի հետ անկեղծ զրույցից պարզ դարձավ, որ օրվա կտրվածքով այնքան հաճախորդ են ունենում, որ ընդմիջում անելու ժամանակ չի գտնվում. «Էնքան մարդ ա գալիս ու հիմնականում մեծ գնումներ կատարելու, որ տեղ ու դադար չի լինում: Մարդիկ սուպերմարկետներ ավելի շատ են հաճախում»:

Անկախ հնչող տարաբնույթ կարծիքների՝ ակնհայտ է, որ յուրաքանչյուրն ուզում է ավելի հեշտ և արագ լուծում տալ գնումներ կատարելու գործընթացին, ինչը մեր օրերում ավելի իրական է սուպերմարկետներում:

Չնայած մարդկանց կողմից հնչող տարբեր տեսակետների՝ բոլորը կարևորեցին մթերքի թարմ լինելը, այլ ոչ գինը կամ վայրը (շուկա, սուպերմարկետ):

 

 

Շուշան Սահակյանց

4-րդ կուրս

Կիսվել