Երկու հազար տարի է՝ լույսի ու ստվերի համադրությամբ ստեղծվում է Ստվերների տիկնիկային թատրոնի իրականությունը: Ստվերների թատրոնի լույսը ծագել է Արևելքում, տարածում գտել Չինաստանում, Հնդկաստանում, արաբական արշավանքների հետ հասել Առաջավոր Ասիա, ապա՝ Եվրոպա: Հայ իրականության մեջ ստվերների թատրոնն ուներ իր անունը՝ Ղարագյոզ: Վերջինս Մահմեդ սուլթանի ծաղրածուներից էր, բանսարկուների դրդմամբ սուլթանը գլխատում է Ղարագյոզին, որոշ ժամանակ անց՝ զջղում: Սուլթանի կամակատարներն ավանակի կաշվից տիկնիկներ են պատրաստում Ղարագյոզի կերպարով, խաղացնելով տիկնիկին՝ կրկնում են մահացած ծաղրածուի խոսքերը: Այսպիսով Ղարագյողը հարություն է առնում:
35 տարի առաջ մեր իրականությունում հարություն առավ Ստվերների թատրոնը: Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները ստեղծել էին Այրուձի հեծյալ արշավախումը: «Վերականգնել հեծյալ խաղերն ու գտնել մեր մշակույթի մոռացված նմուշները». սա էր արշավախմբի նպատակը: Գյուղեր և արոտավայրեր կազմակերպած այցելություններից, մարդկանց հետ զրույցներից հետո խումբը որոշում է վերականգնել ստվերների թատրոնի ավանդույթները: Խմբին օգնում է էթնոպարագետ Ժենյա Խաչատրյանը. «Քանի որ արշավախումբը կոչվում էր Այրուձի, թատրոնն անվանեցինք Այրոգի: Խաչատուր պապը թոռն էր առաջին Ղարագյոզ խաղացնողի, Էրզրումից գաղթելով Ջավախք՝ իր հետ բերում է թղթե տիկնիկները, ապա՝ վերականգնում»:
Այրոգի թատրոնում Ղարագյոզը շուտով դարձավ Ղազարոս. Թատրոնը մինչև վերջերս տուն չուներ. Ժողովրդական արվեստի Հանգույց հիմնադրամը տանիք տվեց նվիրյալների խմբին ու նաև բեմ՝ ստվերների տիկնիկներին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Կիրակոսյանն իրենց աշխատանքը չի համարում խիստ պրոֆեսիոնալ. «Այն ինչ անում ենք` սիրողական է. մեր միջոցներով, գիտելիքներով փորձում ենք կյանք տալ ստվերներին»: Տիկնիկավար Կարեն Մամիկոնյանն ասում է՝ «Նույն տեսարանը հազար անգամ խաղացել ենք. ոչ մի անգամ չենք կրկնվել: Նախնական սցենարից ներկայացման ավարտին բան չի մնում»:
Սվերների թատրոնի դերասան Արթուր Քոչարյանը յուրահատուկ վերաբերմունք ունի ամեն տիկնկի հանդեպ. «Ստեղծելիս արդեն գիտենք ինքն ով է, ինչ պիտի անի էս աշխարհում»:
Ի՞նչ են անում ստվերները մարդկանց աշխարհում. երևի թե արտացոլում են մարդկանց կոկիկ ապրումներն ու բնավորությունը: Բայց նաև իրենք են փխրուն ու մի տեսակ ժամանակավոր. մի քիչ շատ կամ մի քիչ պակաս լույս՝ ու տիկնիկները չկան: Ստվերների թատրոնի նվիրյալները հույս ունեն՝ մի օր դերասանական խումբ կմիանա իրենց ու ամեն օր մի նոր տիկնիկի ստվեր կյանք կստանա:
Լիլիթ Հարությունյան
4-րդ կուրս