ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԸ

ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԸ

1121

Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակչուհի Աննա Մանուկյանը երկու թոռնիկներին՝ Ռազմիկին ու Գոհարին ամիսը մի քանի անգամ է տեսնում. երեխաներն ապրում են Արթիկ քաղաքի  խնամքի կենտրոնում: «Կարոտում եմ, բայց հանգիստ եմ. իրենք երեխեքին ավելի շատ բան կարող են տալ, քան ես: Լավ են նայում»: Ընտանիքը ծայրահեղ սոցիալական պայմաններում է ապրում, ամիսներ առաջ այրվել է նրանց տունը, հիմա բարեկամներից մեկի լքված տանն են, ամուսինը  ձեռքից եկածն անում է, իսկ տղան գյուղի անասնագոմերից մեկում է աշխատում: Չնայած ծայրահեղ պայմաններին՝  ավագ դստեր երեխաներին իրենք են  պահում, թոռնուհուն ինչ-որ ժամանակ տարել է գյուղի դպրոց, բայց հետո էլ չի կարողացել ուղարկել. «Հարմար հագուստ չուներ, նորմալ գրենական պիտույքներ չուներ»: Աննայի խոսքերով՝ երեխային նաև հաճախ ծաղրել են: Գոհարիկն ամենից շատ կարոտում է գյուղի դպրոցի ճաշարանը, ու նաև տխրում է, որ դասարանից չէր կարող կավիճ բերել տուն՝ պատերը նկարազարդելու համար: Հիմա քույր ու եղբայր ամիսներով տանից հեռու են, Աննան ասում է՝ ավելի լավ է էնտեղ լինեն, քան մնան գյուղի անկյուններում՝ անելու բան չունենան: «Ռազմիկը հենց գալիս է տուն, լաց է լինում, թե ինձ հետ ուղարկեք գիշերօթիկ»: Այս ընտանիքում դպրոց չհաճախելն «ավանդույթի ուժ» ունի: Աննայի երկու դուստրերն ու որդին ևս կրթություն չեն ստացել:

Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2016թ.-ին հանրապետությունում  դպրոց հաճախել է 364.868 երեխա՝ 117.038-ը՝ մայրաքաղաքում, մարզերից ամենից քիչ դպրոց հաճախողներ ունի Վայոց Ձորը՝ 6313 երեխա: Մինչդեռ հստակ վիճակագրություն չկա, թե ՀՀ-ում քանի դպրոցահասակ երեխա է զրկված դպրոց գնալու իր իրավունքից:

ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 28-րդ հոդվածը հաստատում է՝ մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթութան իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք ներմուծում են պարտադիր և անվճար տարրական կրթություն:

ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքին առնչվում է նաև ՀՀ Հանրակրթության մասին օրենքը, որով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը՝ որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:  Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է՝ հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Կրթական տեղեկատվական ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի հավաստմամբ՝ հստակ մեխանիզմ չկա պարզելու՝ քանի դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում: Պարզ է միայն այն, որ հանրապետությունում 302 երեխա ընդունվել է դպրոց ու այդպես էլ չի հաճախել: Կենտրոնի տնօրենը կարծում է՝ խնդիրը մի քանի արմատներ ունի: «Մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներ են, բայց հարցը ոչ միայն  համապատասխան հագուստ չունենալն է, այլ նաև հոգեբանական է՝ այսպիսի ընտանիքներում պարզապես չեն հավատում, որ կրթություն ստանալը կարևոր է և ինչ-որ բան կարող է փոխել»:

Ապագայի պատկերը հստակեցնելու և ինչ-որ բան փոխելու համար 2018թ.-ի հունվարից գործարկվելու է «Դպրոցից դուրս մնացաած երեխաների վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համակարգ» ծրագիրը: Այն առաջինը փորձարկվելու է Լոռու մարզում:

Թեպետ հստակ վիճակագրություն չկա, որը կփաստի՝ մարզերում ավելի շատ են դպրոց չհաճախող երեխաները, բայց Արտակ Պողոսյանի կարծիքով՝ անզեն աչքով էլ երևում է, որ միջնակարգ կրթության պատկերը մարզերում ավելի տխուր է: Այնուամենայնիվ  մայրաքաղաքում ևս քիչ չեն կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաները: Հակոբ Կարպենցի դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որ նախընտրեց  անանուն մնալ, պատմում է՝ գոնե ես ճանաչում եմ երկու երեխաների, որ ընդունվել են դպրոց, բայց հազարից մեկ են գալիս, երկուսի ընտանիքներն էլ սոցիալական սուղ պայմաններում են ապրում: Երեխաներից մեկի մայրը շատ աշխատասեր է, զգացվում է՝ ամեն բան անում է, որ երեխային ապահովի, բայց տղան ամաչկոտ է, բարդութավորված, այդպես էլ դպրոց չի գալիս:

Հոգեբան Իրինա Խանամիրյանն իր ունեցած փորձից է հավաստում՝ այն երեխաները, որ դպրոց չեն հաճախել, այդպես էլ հասարկության լիարժեք անդամ չեն դառնում, իրենք ինքնաօտարվում են՝ ենթագիտակցության մեջ կրելով դպրոցական տարիների բացը:

Ովքե՞ր են պատասխանատու

Հանրակրթության մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով հաստատվում է՝ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով: Երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքի երաշխավորը միայն ծնողը չէ, նույն հոդվածի 6-րդ կետով սահմանվում է՝ ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններն ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն: Կրթական ազգային տեղեկատվական կենտրոնի  տնօրեն Արտակ Պողոսյանն ասում է՝ դպրոց չհաճախող երեխաների համար պատասխանատու են հասարակության բոլոր ներկայացուցիչները: «Թեպետ մեծ հաշվով երեխայի դպրոց չգնալու համար մեղավոր են ծնողները, հետո նաև համայնքի ղեկավարները, դպրոցի տնօրենները, այնուամենայնիվ խնդրի լուծման համար  կարևոր է մեզնից յուրաքանչյուրի հոգատարությունն ու հետաքրքրվածությունն այս հարցին»:

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել