ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

1239

2004թ. փետրվարի 4-ն աշխարհում ամենամեծ պահանջարկ, այցելություններ ունեցող սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի ծննդյան օրն է: Տարիներ հետո այս օրը պիտի կարևորեր Երկիր մոլորակի  երկու միլիարդ բնակիչ-օգտատեր: Հայաստանում գրեթե կես միլիոն մարդ ունի ֆեյսբուքյան անձնագիր՝ էջ: Վիճակագրությունը փաստում է՝ օգտատերերի թիվը օրեցօր աճում է, հոգեբաններն ահազանգում են՝ վիրտուալ տարածքն ընդլայնվում է ի հաշիվ իրական կյանքի:

Սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասն անչափահասներն ու երիտասարդներն են: Հոգեբան Աննա Բադալյանն այս փաստը մեկնաբանում  է վիրտուալ միջավայրի առաջարկած գրավիչ գործոններով: «Համացանցը ծառայությունների փաթեթ է մատուցում սեփական եսը թաքցնելու, ցանկալի կերպար ստեղծելու մոլուցք ունեցողների համար: Հետևանքը՝ քաղաքացիական հասարակությունում տեղ չգտնող, շփման հմտությունները կորցնող երիտասարդներն են»: Հոգեբանը թիրախային խմբում ներառում է նաև նրանց, ովքեր ուշադրության պակաս ու պատշաճ վերաբերմունքի խնդիր ունեն:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում սովորող Դավիթ Աքելյանը փորձում է կոտրել սոցցանցերում ժամանակ վատնող երիտասարդի  կարծրատիպը:

Դավիթի ֆեյսբուքյան էջում ամեն օր կարելի է գտնել գիտական հոդվածների հղումներ՝ այլընտրանքային մատուցմամբ:  Նպատակն է՝ հանրամատչելի լեզվով ներկայացնել տիեզերքն իր գաղտնիքներով: «Մի բան լավ գիտեմ՝ համացանցի դատարկ միջավայրը  կարող է լցվել և անորակ, և որակյալ նյութերով. քանի որ մեծ մասամբ գերակշռում են ցածրորակ նյութեր, ինքս սկզբունք-նպատակ եմ սահմանել՝  ինձ հատկացված տիրույթը հագեցնել հետաքրքիր, քչերին հասանելի, բայց կարևոր ինֆորմացիայով»: Դավիթն օգտվում է մոտ 30 գիտական աղբյուրներից՝ առավել հաճախ Նասայի կայքից: Կես կատակ, կես լուրջ ասում է՝ Նասայի կայքն իմ երկրորդ տունն եմ դարձրել: Թե քանի ժամ կմնա «գիտական տանը»՝ որոշում են  հոդվածի ծավալն ու բարդությունը:

«Եթե մի ժամանակ որևէ գիտական հոդված ներկայացնելու համար 3-4 ժամ էի աշխատում, հիմա արդեն փորձի շնորհիվ կես ժամում էլ կարողանում եմ նախ ընկալել, ապա ընտրել ներկայացման պատշաճ տարբերակ»: Դավիթի ֆեյբուքյան էջում առավել շատ կարելի է գտնել տիեզերական բովանդակության նկարներ, քան անձնական. «Չեմ սիրում իմ առօրյան ներբեռնել, թեև ընկերներս այնքան ակտիվ են, որ իրենց հրապարակումներով այդ բացը լրացվում է»:

Նկարների պակաս իր էջում չունի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում  սովորղ Լուսինե Հովհաննիսյանը: Ակտիվ է ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ Ինստագրամում: «Մի ժամանակ մեկ ժամ սելֆի էի անում՝ արդյունքը մոտ 600 նկար: Հիմա հարյուրով պակասեցրել եմ նկարներիս թիվը: Սոցցանցեր ներբեռնում եմ ամենաստացվածները՝ օրական 3-ից 4 նկար»:

Լուսինեն ոչ միայն չի պատաստվում վերջ տալ իր սովորությանը, նաև խոստովանում է՝ երեխա ունենալուն պես փոքրիկի համար  ինստագրամի էջ է բացելու:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցիալական ցանցերից հաճախ օգտվող երիտասարդներին բնորոշում է «պոտենցիալ զոմբիներ»: «Որպեսզի օգտատերը  չդառնա զոմբի, պետք է սկսի ինքնակառավարումից, անձնական էջի մաքրումից, ինֆորմացիոն դարակների դասավորումից: Նկարների մրցավազքով տարված՝ չեն էլ  գիտակցում՝ որքան կարևոր ինֆորմացիա են հասանելի դարձնում»:

Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթթեր. Ամենից հաճախ հենց այս  սոցիալական միջավայրերն են դառնում հայ երիտաասարդների ամենօրյա «այցելությունների կենտրոն»: Հոգեբան Աննա Բադալյանն առաջարկում է՝ վիրտուալ իրականությունում չդիմազերծվելու համար սահմանափակել այցելությունների ժամերը, պահպանել չափի ու նաև իրականության զգացումը:

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել