ԴԺՎԱՐ Է ՆԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՎԵՐԱՊՐԱԾԻ ԱՉՔԵՐԻՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՔՈ ԴԻՐՔԵՐԻՑ

ԴԺՎԱՐ Է ՆԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՎԵՐԱՊՐԱԾԻ ԱՉՔԵՐԻՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՔՈ ԴԻՐՔԵՐԻՑ

1198

«Սիրիահայերի խնդիրները Հայաստանում»  ռեպորտաժիս  համար  պայմանավորվեցի Մարինայի հետ. սիրով  ընդունեց  իր պատմությունը ներկայացնելու  առաջարկս: Խնդրեցի գալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, ասաց՝ ես չգիտեմ ինչպես գալ, բայց տաքիսով կգամ… միանգամից մերժեցի այդ տարբերակն ու առաջարկեցի գալ մի տեղ, ուր տաքսիով հասնելու խնդիր չի ունենա. Մարինան ընտրեց Օպերայի բակը…

ժամն ինքս առաջարկեցի՝ 17:00… Մարինան չուշացավ, բայց որ նկատեց ես առաջինն եմ հասել, բարևի փոխարեն ներողություն խնդրեց՝ կարծելով՝ ուշացել էր… հետո բացատրեց՝ «Դասերս 17:30-ին են ավարտվում, խնդրեցի ու եկա որքան հնարավոր է շուտ»:

Այս ամենը  պատմում եմ  ընկերներիցս  մեկին  ու երևի թե պատասխան չակնկալող հարց տալիս՝ ինչու՟ մենք նույնքան պատրաստակամ չենք միմյանց հանդեպ: Լաուրան մի փոքր լռեց ապա ասաց՝ մեզ մեր կյանքը, առօրյան թույլ չեն տալիս բարի լինել…

Մարինան մի քանի ամիս է՝ ինչ վերադարձել էր Սիրիայից՝ թողած տունը, ուսումը, ընկերներին, 22 տարվա հիշողությունները…

Ես 19 տարի է՝ ապրում եմ հայրենիքումս, պատերազմի մասին միայն լսել եմ:

Մարինան կարճ ժամանակ է ինչ Երևանում է, բայց հասցրել է գիտակցել՝ թեպետ կյանքի անմոռանալի տարիներն անցել են Սիրիայում, բայց ինքը Հայաստանինն է, Հայաստանն էլ՝ իրենը: Աղջկա աչքերը հատկապես ժպտում էին ուսման մասին խոսելիս.

«Մինչև հիմա ինձ համար Հայաստանում ամենալավ բանը ուսմանս խնդիրը եղավ»: Մարինան նաև գոհունակությամբ նշեց՝ ուսման ծախսերը հոգում է Սփյուռքի նախարարությունը: Դեմքի գոհունակ արտահայտությունը ստվերվեց, երբ խոսեցինք Հայաստանում ունեցած խնդիրներից:

«Շատ ժամանակ տևեց տուն գտնելը հարմար վարձքով, ես մի քանի ամիս աշխատեցա, աշխատավարձքս շատ ուշացուցին, անոր համար աշխատանքս ձգեցի և փորձեցի մի բան գտնել ուսումիս հետ կապված. մի քանի տեղ գնացի, բայց չընդունեցին, քանի որ վկայական չունիմ: Ծնողներս մինչև այսօր աշխատանք գտած չեն»:

Խաղաղության իմ դիրքից դժվար էր պատերազմ վերապրած Մարինայի աչքերին նայել. զրույցի ընթացքում խուսափում էի հարցնելուց՝ ցանկություն կա՞  վերադառնալու Սիրիա, թե կմնաք հայրենիքում: Մարնինա չհիասթափեցրեց.

«Կմնանք, այո, եթե լավ լինի: Եթե իմ պահանջները կարողանամ բավարարել, էստեղեն չեմ շարժվեր, քանի որ շատ լավ երկիր է, ինչու պիտի մեր հայրենիքը ձգենք: Հիմա իմ քաղաքը Երևանն է»:

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել