ՇԱՐԺՄԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

ՇԱՐԺՄԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

1277

Համալսարանական ընկերներիցս մեկին տեսա՝ չհարցրեց՝ ոնց եմ, միանգամից. «Լիլիթ, էսօր անպայման կգնաս Օպերայի բակով»…

Շտապում էի. Էլ չհարցրի՝ ինչու, ասացի լավ, անցա..

Օպերայի բակում Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված ցուցահանդես էր:

Համալսարանից Ազատության հրապարակ՝ 15 րոպե ոտքի ճանապարհ, ավելի արագ հասա, աննկատ հասա. մի օր ուշացել էի. չէի ներում ինձ կամ գուցե 30 տարի էի ուշացել:

Նկատեցի նկարները, եթե ասեմ, որ իմ մեջ կամ դրսում մի քանի բան սառեց, չեմ խաբի: Ես քայլում էի դեպի նկարները՝ քայլում էի անցյալ, կարևոր անցյալ՝ պատկերված՝ ափսոս որ սև-սպիտակ:

Քիչ մարդ կար. սառը քամի էր…

Մեծ ( ոչ թե  ծեր ) մարդիկ էին կանգնած էդ նկարների կողքին՝ սեփականատիրոջ հանգստությամբ, ու էդ հանգստությունն ինձ թվաց  պարզ ժեստ՝ «էդ նկարները մերն են, մենք ենք էդ նկարներում, մերն են էդ օրերը, մեզ էլ նայեք՝ մենք նկարների մարդիկ ենք»:

Բայց  մենք միայն նկարներն էինք տեսնում, մարդուն տեսնելու բարդույթ ունենք. չէ՞, որոշ ժամանակ հետո չլինեն էդ մարդիկ, մենք ավելի կսիրենք էդ նկարները ու գուցե թախծենք, իսկ իրենք զրուցել էին ուզում՝ ներկայի բառերով անցյալի մասին՝ ներկայի մարդկանց:

Մի կնոջ հետ ոնց էլ քայլում էինք իրար կողք էինք կանգնում. Էլ չդիմացանք՝ ասաց.

-Ինչքան ուժ ունեմ ուշադիր նայում եմ նկարներին, որ գուցե մերոնց գտնեմ:

-Ձերո՞նց:

-Դե հա, էն մարդիկ, որոնց հետ էստեղ  (ցույց է տալիս հրապարակի մի կտոր) կանգնել ենք…

Վերջին անգամ գուցե հենց 30 տարի առաջ էր հանդիպել իրոնց:

Ասում է՝ «Հրազդանից ոտքով հասնում էինք հրապարակ. ոտքերս չէին ցավում»:

Հարցնում եմ. «Գտա՞ք ձերոնց»:

Ժպտում է. «Մեծ հաշվով՝ բորլորն էլ մերոնք են»…

Հետո քամին տեղավորվեց հրապարակում՝ ամբողջ լայնքով:

30 տարվա պաստառները քամուց շարժվում էին. Շարժմա՜ն պաստառներ:

«Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում»:

Պարզություն պարզության. ախր հա, կարդում եմ ու մտածում՝ տեսնես ե՞ս եմ գծել իմ սահմանը, թե՞ չհասկանալով խցկվել եմ ինչ-որ սահմանի մեջ. քամին տեղավորվում է իմ մեջ:

Ես իջնում եմ գետնին, որ ավելի լավ նկարեմ «անկախության»  պաստառը. ես կպել եմ 30 տարվա գետնին, թեպետ ասֆալտը թարմացրել են:

Երկու մեծ մարդ մի քիչ ջղային խոսում էին. «Այ մարդ, ինչքան նայեցի ինձ չգտա ոչ մի նկարում, բայց ես հո առաջին օրվանից եկել եմ… Սասունին էլ չտեսա նկարների մեջ»:

Ինձ որ հասան՝ ավելի բարձր խոսեցին:

Ասում եմ՝ գիտեք՝ դժվար ձեզ գտնեք՝ նկարներում դեմքեր հիմնականում չեն երևում:

Ի դեպ՝ էդ քանի նկարում մի քանի դեմք կգտնեիք, մնացածում՝ ուղղակի դեմքեր. անհատականություններ չկա՞յին, բայց կանանց շատ կհանդիպեիք:

Մի կին, մոտ քսան տղամարդու մեջ կանգնած, և ինքը միակն էր, որ երկու ձեռքը վեր էր պարզել. համեստ կին էր երևում:

Ու մի զույգ կար նկարում՝ երկուսն էլ ձեռքերը պարզած. Ազատության հրապարակում իրենք իրենց ընտանիքի հարմոնիան գտան:

Հետո գտա դեմքեր՝ մեզ հայտնի. իրենց երկար չեմ նայում. իրենց շատ ենք տեսել, փորձում եմ անծանոթների գտնել:

Երրորդ շրջանն եմ անցնում՝ նայում եմ ինձ նախատելով, որ ավելին չեմ տեսնում, հանում եմ հեռախոսս, որ էդ նկարները հետս տուն տանեմ, մեկ էլ անջատվեց. այֆոնը զզվելի բնավորություն ունի՝ ցրտից անջատվում է: Տաքացնում եմ, միացնում, մի րոպե է դիմանում. հույսս կտրեցի, քարացած նայում եմ նկարին, որ տեղավորեմ ամեն դետալով գլխիս մեջ ու տուն գնամ…

Մոտեցա կազմակերպչի հագուստ ունեցող տղամարդու, հարցրի՝ վաղն էլ չե՞ն մնա նկարները. տխրեցի. էսօր վերջին օրն էր:

Տուն քայլեցի՝ աչքերս սև-սպիտակ էին տեսնում. նկարներն էին գլխիս մեջ տեղավորվում ու դեռ աչքերիս հատվածում էին:

Գնում էի ու նախանձում ինձ ընդառաջ եկողներին, որ պիտի կտրեին Ազատության հրապարակն ու տեսնեին 30 տարվա նկարները:

Հետ գնալու իմաստ չկար. պիտի քայլեի ու քայլում էի էն մտքով, որ 30 տարի հետո ես, եթե կանգնեմ Ազատության հրապարակում, Էլի ցուցահանդես կլինի՞, նկարներ կլինե՞ն, ինձ կփնտրե՞մ էդ նկարներում, Շարժում կլինի՞….

Օդն ու նկարներն ու 30 տարվա մարդիկ մնացին Ազատության հրապարակում:

Ես ավտոբուսի մեջ եմ. չեմ շարժվում:

Վաղը էլի դատարկ կլինի Օպերայի բակը ու գուցե էլ երբեք չլվցի, որովհետև մենք դանդաղկոտ ենք, շարժվել չենք սիրում:

Մութ է:

Հիմա  Ազատության հրապարակում մթի հետ՝ մի քանի պաստառ ու մի քանի նկար ու 30 տարվա կարոտ շարժվում են:

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել