ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՝ՏԱՐԻՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՝ՏԱՐԻՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

1882

57-ամյա Նարինե Դանիելյանը արդեն կես տարուց ավելի աշխատանք է փնտրում: «Հայաստանում 50-անց կանանց, հավաքարարից բացի, ուրիշ աշխատանք չեն առաջարկում: Մասնագիտությամբ հրուշակագործ եմ, որքան ժամանակ է՝ իմ մասնագիտությամբ աշխատանք եմ ման գալիս, բայց չեմ գտնում: Որտեղ դիմում եմ՝ հավաքարարից բացի, ոչինչ չեն առաջարկում, ասում են՝ տարիքով ես, մեզ երիտասարդ, աշխատողներ են պետք: Ես մասնագետ եմ, այդքան տարիներ սովորել եմ, հետո աշխատել, ինչի՞ գնամ՝ հավաքարար աշխատեմ»:

Նարինեի խոսքով՝ գործատուները պատրաստ են անփորձ երիտասարդներին աշխատանքի ընդունել, բայց փորձառու մասնագետին մերժում են տարիքի պատճառով:

«Վերջերս դիմել էի մի հրուշակեղենի արտադրամաս, բոլոր պահանջներին բավարարում էի, միայն տարիքս չհամապատասխանեց: Պատասխանում են, որ իրենք ՝ 55 տարին լրացած անձանց աշխատանքի չեն ընդունում, բայց իրենց աշխատակիցներին պահում են մինչև թոշակառու դառնալը»,- պատմեց Նարինեն:

ՀՀ-ում գործազրկության ընդհանուր մակարդակը 2016 թվականին կազմել է 18.1%:

Ներկայացված տվյալների համաձայն՝ մինչև 30 տարեկան գործազուրկների թիվը կազմել է 19.2 հազար մարդ: Գործազուրկ են 31-54 տարեկան 48.1 հազար մարդ, իսկ 55 տարեկանից բարձր գործազուրկների թիվը կազմել է 13.1 հազար մարդ: Տվյալներից պարզ է դառնում, որ գործազուրկների ամենամեծ թիվը 31-54 տարեկան մարդկանց շրջանում է:

Հայաստանը 1995 թվականին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ 1958 թվականին ընդունված Ժնևյան կոնվենցիան, որով արգելվում է աշխատանքային խտրականությունը տարիքի պատճառով: ՀՀ Սահմանադրությունը նույնպես բացառում է խտրականությունը: Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները:

Հայաստանի աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, որ անկախ տարիքից՝ աշխատանքային իրավահավասարությունների կողմերը հավասար իրավունքներ ունեն:

Աշխատանքի ընդունման գործակալությունների կայքերում և թերթերում հաճախ կարելի է հանդիպել նմանատիպ հայտարարությունների:

Խանութ-սրահին անհրաժեշտ է 25-40 տարեկան իգական սեռի խորհրդատու-վաճառողուհի, ով պետք է լիովին տեղեկացված լինի խանութում վաճառվող տնային և հյուրանոցային տեքստիլի, անկողնային պարագաների ողջ տեսականուց, կարողանա մանրամասն ներկայացնել հաճախորդներին:

ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մինչև 33 տարեկան իգական սեռի վաճառքների համակարգողի (օպերատոր) :

Սրանք քաղվածքներ են աշխատանքի ընդունման մասին հրապարակված հայտարարություններից:

34-ամյա Սոնաին նույնպես անհանգստացնում են գործատուների կողմից պարտադրվող տարիքային շեմերը: Սոնան վաճառողուհի է: Նա աշխատում է Երևանի հագուստի խանութներից մեկում: Ասում է, որ սովորաբար նման խանութներում մինչև 26 տարեկան աղջիկների են աշխատանքի ընդունում:

«Աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի մասնակցեցի: Ինձ ասացին, որ ընդունում են մինչև 26 տարեկան աղջիկների, բայց երիտասարդ եմ երևում, այդ պատճառով բացառություն են անում: Հիմա աշխատանքս լավ է, աշխատավարձը ժամանակին են վճարում, բայց չգիտեմ՝ մի քանի տարի հետո, երբ երիտասարդ չերևամ, ի՞նչ պետք է անեմ: Ո՛չ բարձրագույն կրթություն ունեմ, ո՛չ էլ որևէ արհեստ եմ սովորել: Իմ աշխատանքն ուրիշ է, չեմ կարող մտածել, որ, եթե լավ աշխատեմ՝ պաշտոնս կբարձրացնեն:

Մեզ մոտ այդպես է, քանի երիտասարդ ես՝ տարբեր խանութներում կարող ես աշխատել, 35-ից հետո միայն մթերային խանութներում են աշխատանքի ընդունում, իսկ 50-ից հետո, հավաքարարի աշխատանքից բացի, ոչինչ չես կարող գտնել»,-ասաց Սոնան:

Փաստաբան Կարեն Հովհաննիսյանը  նշում է, որ չնայած օրենսդրությամբ արգելվում է խտրականությունը պրակտիկայում պատկերն այլ է:

«Աշխատանքային օրենսգիրքն արգելում է խտրականություն դնել կամ աշխատողին ազատել աշխատանքից տարիքի պատճառով, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքը նախատեսում է որոշակի տարիքային սահմանափակում, մասնավորապես՝ անչափահասների դեպքում, կենսաթոշակային տարիքի հետ կապված, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան աշխատանքային հաստիքներ, որոնք չեն կարող իրականացվել կենսաթոշակային տարիքի անձի կողմից: Որպես այդպիսին, միայն այդ շեմերն են խտրականություն տարիքի մասով, մնացած դեպքերում աշխատանքային օրենսդրությամբ ցանկացած խտրականություն, այդ թվում՝ տարիքի, սեռի, մաշկի գույնի և այլն, արգելվում է:

Վերահսկողություն իրականացնելը նույնպես դժվար է, քանի որ աշխատանքի ընդունելիս գործատուն պետք է ստուգի անձի համապատասխանությունն այդ հաստիքին, և այս դեպքում հնարավոր է, որ աշխատանքի բնույթից կախված կարող են լինեն աշխատանքի չընդունելու նաև օբյեկտիվ պատճառներ »,-ասել է պրն. Հովհաննիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ հիմնականում միջին տարիքի անձինք են բախվում տարիքային խտրականությանը, մասնավորապես՝ նրանք, ովքեր չունեն բարձր որակավորում:

«Դատարան դիմելու դեպքում շատ դժվար է ապացուցել, որ գործատուն տարիքի հետ կապված է խտրականություն դնում, այն դեպքում, երբ գործատուն այլ հիմքեր է փորձում ստեղծել աշխատանքից ազատելու համար:

Իմ պրակտիկայում տարիքային խտրականության հետ կապված դեպքեր չեն եղել, բայց հաճախ քաղաքացիները դժգոհել են, որ տարիքի պատճառով իրենց չեն ընդունում աշխատանքի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չենք կարող հիմնավորել, որ տարիքային խտրականություն է եղել, քանի որ, ամեն դեպքում, գործատուն կարող է ունենալ այլ պատճառներ  աշխատողի հետ պայմանագիր կնքելու կամ չկնքելու: Տեսականորեն անհնար է ապացուցել և պարտադրել գործատուին աշխատանքային պայմանագիր կնքել»,- ասաց փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Նախկինում գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որը զբաղվում էր գործատու-աշխատող փոխհարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև հսկողություն էր իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության, պայմանների, աշխատողների իրավունքների պաշտպանության և այլ հարցերով: Սակայն 2013 թվականին կառավարության որոշմամբ այս կառույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվեց Առողջապահության նախարարություն՝ ձևավորելով «Առողջապահության պետական տեսչությունը», որը ինչ-որ չափով է մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին:

 

Թամարա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել