ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է

ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է

1103

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն հիմնադրման 19-րդ տարեդարձի առիթով հյուրընկալել էր «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխության մասնակից առաջատար լրատվամիջոցների և մեդիակազմակերպությունների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից:  «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխությունն առաջին անգամ է անցկացվում Երևանում: Այս հեղինակավոր մրցանակաբաշխությունը կազմակերպում են Fritt Ord Foundation նորվեգական և ZEIT-Stiftung գերմանական կազմակերպությունները: Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրած ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին: Ժյուրին, որի կազմում տարբեր երկրներից հայտնի լրագրողներ եւ իրավապաշտպաններ են, այս  տարի հաղթող է ճանաչել  երեք լրատվամիջոցի՝   «Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» (Ռուսաստան) եւ «Պարտիզան» (Բելառուս)։ Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, մրցանակները  կհանձնվեն այս  լրատվամիջոցներին։ Հայաստանից այս հեղինակավոր մրցանակին արժանացել են   «Ա1+»-ը,  Epress-ը, լրագրողներ Մարիանա Գրիգորյանը, Էդիկ Բաղդասարյանը, Զարուհի Մեջլումյանը։ Միջոցառման սկզբում ուսանողները ներկայացրեցին ֆակուլտետը, նրա անցած ուղին, դասավանդողներին, համագործակցությունը մեդիակառույցների, գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորեց մասնագիտական կրթությունը, այդ կրթությունը արդիական չափանիշներով և ժամանակին համահունչ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև փաստեց, որ ֆակուլտետի շրջանավարտներից շատերն արդեն մեդիադաշտում հայտնի անուններ են: Ն. Մարտիրոսյանը հատկանշական համարեց «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխության մասնակիցների ներկայությունը ֆակուլտետի հոբելյանին: Ապա ողջունի խոսք ասաց ֆակուլտետի շրջանավարտ, «Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը: Հյուրերը ևս ելույթներ ունեցան՝ կարևորելով խոսքի ազատությունը, խոսելով տարբեր երկրներում լրագրողների կրած դժվարություններից, ուսանողներին ներկայացրին իրենց փորձն ու խորհուրդները:  Ապագա լրագրողները ակտիվ մասնակցեցին քննարկումներին, ուղղեցին իրենց հարցերը հյուրերին, իսկ վերջում ԵՊՀ Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի ուսանողներն իրենց փոքրիկ անակնկալը մատուցեցին հյուրերին՝ ազգագրական պարերի տեսքով:

Կիսվել