ԿՐԱԿ ՄԱՐՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՈԿՈԼԱԴԻ ՏՊԻՉՆԵՐ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ

ԿՐԱԿ ՄԱՐՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՈԿՈԼԱԴԻ ՏՊԻՉՆԵՐ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ

1358

Հոկտեմբերի 5-7-ը «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվեց տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը:

«Երևան էքսպո» կենտրոն էին շտապում բոլոր հետաքրքրասերները՝ անկախ տարիքային պատկանելությունից: Երեխաները 3D տպիչներով տարբեր առարկաներ էին ստանում, երիտասարդները փնտրում էին կրթությանը վերաբերող տաղավարներ, մայրիկները մասնակցում էին խաղարկություններին՝ շահելով խանութների զեղչի քարտեր, տղամարդկանց հետաքրքում էին բանկային գարծարքները, իսկ պապիկները ուսումնասիրում էին արևային էներգետիկայի սարքերը:

Ծրագրավորողներից մեկը ներկայացնում էր իր գաղափարը. սարք, որը զգում է ալկոհոլի հոտն ու ավտոմատ դանդաղեցնում մեքենայի ընթացքը:

«Տեսնում եք ռոբոտ մեքենայի վրա տեղադրված է փոքրիկ սարքը: Հիմա մեքենան շարժվում է այսպիսի արագությամբ, փչում եմ ալկոհոլային հոտ, և, ինչպես տեսնում եք, մեքենայի ընթացքը դանդաղում է»,-պատմեց ծրագրավորողը։

Հետաքրքրվեցինք, թե նույնը փորձարկել են իրական պայմաններում:

«Ոչ, նման փորձ դեռ չենք արել»,- պատասխանեց սարքի հեղինակը:

«Երևան էքսպո» կենտրոնում մեկ հարկ հատկացված էր նաև կրթությանը: Արտասհմանում սովորելու համար կրթաթոշակային ծրագրեր էին առաջարկվում, Ֆրանսիական համալսարանը պատմում էր նոր բացված ֆակուլտետի մասին, Ամերիկյան համալսարանն էլ ներկայացնում իր ունեցած տեխնոլոգիական նոր սարքերն ու հաստոցները, որոնք հնարավորություն կտան իրականացնել ճարտարագիտական գաղափարներ:

Erasmus+ կրթաթոշակային ծրագրի տաղավարից փորձեցինք պարզել, թե որ ծախսերն են ֆինանսավորվում:

«Մագիստրոսական ծրագրերի համար Erasmus+-ը ֆինանսավորում է բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, կեցություն, կրթության վճար և մուտքի արտոնագիր: Բայց եթե տվյալ երկրի դեսպանատունը Հայաստանում չի, և արտոնագրի համար պիտի մեկնեք այլ երկիր, ստիպված եք դուք հոգալ ճանապարհածախսը»- մանրամասնեց կազմակերպության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է կազմակերպում այսպիսի ցուցահանդես, այն հնարավուրություն է տալիս տեխնոլոգիական ոլորտի ստարտափերներին ներկայանալ նորարարական լուծումներով ու հետաքրքիր գաղափարներով:

 

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել