ԼԱՅՆ ՕՐԵՐԻ «ՆԵՂՎԱԾՔԸ» ԿԱՄ ԵՐԲ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ

ԼԱՅՆ ՕՐԵՐԻ «ՆԵՂՎԱԾՔԸ» ԿԱՄ ԵՐԲ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ

2627

Այսօր կայացել է Երևանի ավագանու առաջին  նիստը՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Մեր փոքրիկ հարցախույզը ցույց է տալիս, որ երևանցիների համար թիվ մեկ խնդիրը տրանսպորտի հարցն է, որի լուծումը ակնկալում են իրենց «կարգին» քաղաքապետից։

Երևանի բնակիչ, 50-ամյա Ռոզա Հովհաննիսյանը դժգոհում է  երթուղայինների անսարք  լինելուց. «Ժամանակ ա լինում, որ ռիսկ չեմ անում նստեմ տրանսպորտ։ Մեր մոտից աշխատանքիս վայր մենակ մի համարի ավտոբուս ա գնում, էն էլ մեծամասամբ անսարք վիճակում ա։ Վախտ ա եղել, ճանապարհի կեսից չի աշխատել, կամ դռներն ա լռվել մնացել, չի բացվել։ Կարելի ա չէ՞ էտ հարցով զբաղվել։ Է գազելներն էլ նստել չի լինում՝ նեղվածքա սաղ։ Գոնե մի հատ էլ ավտոբուս դնեն էս գծի վրա»,-ասում է բնակիչը:

20-ամյա Մարիամը դժգոհ էր տրանսպորտի աշխատանքային ժամերից. «Աշխատանքս ավարտվում է երեկոյան ժամը 23:00-ին։ Հազարից մեկա լինում, որ նորմալ տուն հասնեմ։ Կամ տրանսպորտ չի աշխատում, կամ էլ վարորդները ալարում են կանգնեն։ Ոնց որ թե ճաշը գազին թողած լինեն»: 19-ամյա Աննան  ավելացրեց. «Ճաշը գազին թողնել ասեց՝ հիշեցի։ Չեմ կարա չնշեմ էն դեպքերը, երբ վարորդներից շատերը, տեսնելով, որ տրանսպորտ ա բարձրանում տարեց մարդ (առավել ևս հաշմանդամ)՝ չեն կանգնում և դռները կտրուկ փակելով գնում են։ Ճիշտ ա, տարրական կուլտուրայի և հարգանքի բացակայությունա, բայց դե էտ խեղճ պապիները մեղավոր չեն, որ կուլտուրայից զուրկ վարորդներ կան։ Պետքա տուգանքներ նշանակել նման դեպքերում»:

Հրմշտոց, ոտք տրորոցի, հաճախակի հնչող վիրավորանքներ և իհարկե՝ «Կամա´ց փակի, գոմի դուռ չի´», «Ըտեղ մի քիչ առաջացեք, տեղ կա´…». այսպիսի «հուսադրող» խոսքերով էլ հաճախ վարորդները ապահովում են իրենց մի քանի հատ 100 դրամանոցները։ Եվ այս ամենը հասարակության նյարդերի, ժամանակի և անհարմարության հաշվին:

Եթե Երեւանում հասարակական տրանսպորտի վերաբերյալ դժգոհությունները միանման են՝ քիչ են մեքենաները, անսարք են, ուշ-ուշ են գալիս և այլն, ապա ակնկալիքները ևս չեն տարբերվում։ Մեր հարցախույզին մասնակցած անձինք հավատում են՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շուտով կհասնի մայրաքաղաքի տրանսպորտին եւ նոր քաղաքապետին վերջապես կհաջողվի լուծել իրենց «լայն օրերի նեղվածքը»։

Նշենք, որ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշված էր՝ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում, տրանսպորտի արդիականացում։

 

Գոհար Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել