ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

1626

Հայաստանում տարեկան միջին հաշվով  ավելի  շատ տղանե՞ր են ծնվում, թե՞ աղջիկներ. ՀՀ ազգային ժողովում քանի՞ տոկոս են կազմում կանայք, որքա՞ն կին առաջնորդներ կան աշխարհում: Այս և այլ հարցեր, որոնք առնչվում են կանանց իրավունքներին հոկտեմբերի 11-ին հնչեցին Ազատության հրապարակում կազմակերպված Աղջիկ երեխաների միջազգային օրվան նվիրված խաղ-մրցույթի ընթացքում:

Այն կազմակերպել էին Փոփոխությունների թատրոնը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել աղջիկ երեխաների խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով: «Ծնելիության ցածր մակարդակ, սելեկտիվ  աբորտներ, աղջիկների թերարժևորում և տղաների գերագնահատում. այս երեք չափանիշները, որոնք տրված են ՄԱԿ-ի կողմից, գոյություն ունեն բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մեր անցկացրած ծրագրերի շնորհիվ այս տարիների ընթացքում դրական տեղաշարժեր եղել են, բայց խնդիրները շարունակում են մնալ: Շատ կարևոր է հանրության հետ շարունակական աշխատանքներ տանելը, մտածելակերպի փոփոխությանը նպաստելը»:

Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցներից Զառա Օհանջանյանն էլ, շնորհավորելով բոլոր աղջիկներին, ավելացրեց, որ այս միջոցառումը  նույնպես կօգնի իրազեկել մարդկանց առկա խնդիրների մասին: Խաղ-մրցույթի ավարտին մասնակիցներն ու ներկաները ստացան փոքրիկ նվերներ:

Աղջիկ երեխաների  միջազգային օրը աշխարհի տարբեր երկրներում նշվում է Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ամեն տարի` սկսած  2012 թվականից:

Արփի Շահինյան

2-րդ կուրս

Կիսվել