ՍՈՎՈՐԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ. ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍՈՎՈՐԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ. ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1763

Գեղարքունիքի և Տավուշի մարզերի շուրջ 30 երիտասարդներ հոկտեմբերի 10-12-ը Արզական գյուղի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում մասնակցեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» խորագիրը կրող դասընթացին:

Ծրագիրն իրականացվում է «Եվրոպական միությունը հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «ՕքսԵՋեն» հիմնադրամի շնորհիվ: «Նպատակն է նպաստել Հայաստանի բոլոր մարզերից 300 երիտասարդների «սովորել՝ ինչպես սովորել» հմտության զարգացմանը, որը աշխատաշուկայում առավել մեծ հնարավորություններ կտա նրանց»,-ասում է ծրագրի համակարգող Գևորգ Բաբայանը:

Դասընթացի մասնակից Անահիտ Աբրահամյանի խոսքով՝ դասընթացը հետաքրքիր էր, հագեցած ու լի օգտակար ինֆորմացիայով. «Ծրագիրը հնարավորություն տվեց կատարել ինքնավերլուծություն, ինքնաներկայացում, օգնեց տիրապետել ժամանակի կառավարման, կոնֆլիկտների լուծման, թիմի կառուցման հմտություններին: Ծանոթացանք վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության հմտություններին, խոսքն առավել ազդեցիկ դարձնելու միջոցներին և կիրառեցինք դրանք սեփական օրինակով՝ փորձելով մասնակիցներին ապացուցել անհավանական գաղափարներ: Դասընթացավարները խոսեցին նաև անձի բրենդավորման,  CV կազմելու և արդյունավետ էլեկտրոնային նամակ  գրելու մասին, ինչից հետո պրակտիկ խմբային աշխատանքներ կատարեցինք: Նաև ծանոթացանք աշխատանքի հարցազրույցին մասնակցելուն նախապատրաստվելու սկզբունքներին, գործատուների կողմից գնահատվող անձնական հատկանիշներին, տպավորություն թողնելու և այլ նրբությունների:

Դե իսկ երեկոները համեմված էին  բազմազան խաղերով ու հետաքրքիր զրույցներով, որոնք հնարավորություն տվեցին միմյանց ավելի լավ ճանաչելու»:

«Արդեն մի քանի մարզերում այս դասընթացը կատարվել է երկու փուլով, իսկ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մասնակիցների համար երկրորդ փուլը կկայանա մեկ ամիս հետո՝ նոյեմբերին, որից հետո 300 մասնակիցներից 60-ին վճարովի պրակտիկայի հնարավորություն կընձեռվի իրենց համայքներում»,-նշում է ծրագրի համակարգող Գևորգ Բաբայանը:

 

Լիլիթ Մկրտչյան

2-րդ կուրս

 

Կիսվել