ՌՈՒԱՆԴԱՆ ԵՎ ՍԵՆԵԳԱԼԸ՝ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ

ՌՈՒԱՆԴԱՆ ԵՎ ՍԵՆԵԳԱԼԸ՝ ՕՊԵՐԱՅԻ ԲԱԿՈՒՄ

1406

Օպերայի բակում Ֆրանկոֆոնիայի ավանը մշակույթների, արվեստի և հասարակության հանդիպման վայր և խաչմերուկ էր դարձել երկու օր շարունակ։ Հայերն ու այլ ազգի ժողովուրդներն էլ այդ օրերին կարծես բարեկամներ էին դարձել. միասին շրջում էին քաղաքով մեկ, միասին երգում, պարում ու լուսանկարվում։ Շատերն անգամ հասցրին ծանոթանալ Աֆրիկյան երկրների մշակույթին և պատմությանը։

Ռուանդայից  եկած Կուժուան Հայաստան էր եկել ծանոթանալու ու իրենց մասին բոլորին պատմելու. «Մենք ներկայացնում ենք Ուանդան. փոքր, բայց շատ գունավոր մի երկիր, որի մասին գիտեն քչերը: Մենք եկել ենք ծանոթացնելու աշխարհին մեր երկրի հետ, իսկ լավագույն միջոցը ավանդական մշակույթ ցուցադրելն է»:

Ռուանդայի ներկայացուցիչներն իրենց հետ բերել էին նաև ձեռագործ ափսեներ, որոնք պատրաստվում են հենց այնտեղի բույսերից և ծառերից. «Մենք պատրաստում ենք ափսեներ, որոնց մեջ կարելի է դնել մրգեր, հաց և առհասարակ ցանկացած բան: Ափսեները պատրաստվում են ագավի ծառի մանրաթելից։ Սկսած մշակման փուլից՝ ամեն բան արվում է ձեռքով, գույները տալիս ենք բույսերից ստացված գունավոր փոշիով, եռացնում ենք այն մանրաթելի հետ միասին, հաճախ նաև օգտագործում ենք թեյի գույն»։

Կուժուան հպարտությամբ էր խոսում նաև իր երկրի պատմության մասին։ Պատմում էր՝ անկախության առաջին տարիներին Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ: 1994 թվականին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հազար ռուանդացիների:

«Մենք շատ ենք նման հայերին և Հայաստանին: Հայերը առաջին ազգն էին, որ տեսան ցեղասպանությունը, իսկ ռուանդացիք՝ վերջինը»,- ասում էր Կուժուան:

Ուանդային կից աֆրիկյան Սենեգալի տաղավարն էր, որտեղ բարձր երաժշտության ներքո հեռուստացույցով ցուցադրվում էր Սենեգալը։ Հայ երիտասարդներն իրենց դրոշը ձեռքներին գալիս ու լուսանկարվում էին Սենեգալի ներկայացուցիչների հետ։

«Այո, մենք մուսուլման ենք, բայց կոչ ենք անում բոլորին, որ անկախ ազգությունից, կրոնից, մշակույթից կամ մաշկի գույնից պետք է ապրել հաշտ և կողք կողքի», -հպարտորեն ասում էր Սենեգալից Մամադուն:

Ֆրանկոֆոնիայի հայկական օրերը գերհագեցած էին Երևանի ու երևանցիների համար։ Օպերայի փոքրիկ ավանը դարձավ փոքրիկ մշակութային վայր, որը միավորեց աշխարհի տարբեր ժողովուրդներին։

 

Թերեզա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել