ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ

1782

Հոկտեմբերի 19-ին ԵՊՀ սպորտային դահլիճում իր հանգուցալուծումը ստացավ սեպտեմբերի 25-ին մեկնարկած ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը: 17 թիմերից եզրափակչում էին հայտնվել Իրավագիտության և Հայ բանասիրության ֆակուլտետները: Թեժ պայքարն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ Իրավագիտության ֆակուլտետի:

Մինի ֆուտբոլի(ֆուտզալի) կանոնների համաձայն՝ խաղը տևեց 40 րոպե: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղի հանգուցալուծումը տրվեց երկրորդ խաղակեսում, որի ընթացքում էլ Հայ բանասիրության ֆակուլտետը հակառակորդի դարպասը գրավեց մեկ, իսկ Իրավագիտության ֆակուլտետը՝ երկու անգամ: Չեմպիոնական գավաթը և 1-ին տեղի մեդալները շնորհվեցին Իրավագիտության ֆակուլտետի թիմին ու անդամներին: Մեդալներով պարգևատրվեցին նաև 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի բոլոր մասնակիցները:

Իրավագիտության ֆակուլտետի խաղացող Արման Հակոբջանյանի խոսքով՝ եզրափակիչն այս առաջնության ամենալարված ու ամենաանկախատեսելի խաղն էր. «Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակին. բավական կենտրոնացված ու ուժեղ խաղ կայացավ, ուրախ ենք, որ կարողացանք բարձր պահել ֆակուլտետի պատիվը»:

2-րդ տեղը զբաղեցրած Հայ բանասիրության ֆակուլտետի թիմի խաղացող Վահագն Ամիրջանյանը նշում է.«Մեզ համար ցավալին ոչ թե պարտությունն է, այլ այն, որ մեր խաղացողներից գրեթե բոլորն ավարտում են համալսարանը, և չգիտես, թե քանի տարի հետո կամ ընդհանրապես կլինի այսպիսի բան, որ «գաճաճ« ֆակուլտետը (խոսքը տղաների քանակի մասին է) նման հաջողության կհասնի»:

Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը կազմակերպվել էր ԵՊՀ ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովի ու Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի համատեղ ջանքերով:

ԵՊՀ ՈւԽ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ առաջնության նպատակը ԵՊՀ ուսանողության ակտիվ ու սպորտային ժամանցն ապահովելն էր։ «Քանի որ ֆուտբոլը թիվ մեկ սպորտաձևն է աշխարհում, այն նաև մեծ հետաքրքրություն ու պահանջարկ ունի մեր համալսարանում: Ուսանողների համար սա շանս էր խաղալու, պայքարելու հաղթողի կոչման, ինչպես նաև աչքի ընկնելու և ԵՊՀ ֆուտզալի թիմը համալրելու համար»: Արտյոմը նշում է, որ սա թվով 2-րդ առաջնությունն էր համալսարանում. առաջին անգամ 2017թ.-ին է անցկացվել. «Փորձելու ենք այնպես անել, որ առաջնությունը կրի ավանդական բնույթ ու անցկացվի ամեն տարի սեպտեմբերին»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հաղթողի տիտղոսը նվաճել էր Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ֆուտբոլային թիմը, իսկ այս տարի նրանք զիջեցին իրենց դիրքերը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել