ՄԱՐԶԵՐԻ «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ »

ՄԱՐԶԵՐԻ «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ »

1496

Մարզերում հասարակական տրանսպորտի խնդիրն այնքան է բթացել, որ վաղուց դադարել է հանրային քննարկման առարկա լինել: Բոլորը գիտեն՝ տրանսպորտը որակ չունի, անհարմար է, անհասանելի է, բայց այդ ամենը ընկալվում է որպես կյանքի նորմատիվ, իրողություն, որի հետ բոլորը վաղուց հաշտվել են:

  1. Տրանսպորտին վերաբերող խնդիրները բազմաթիվ են՝ անվտանգ չեն,
  2. աշխատում են առանց հստակ գրաֆիկի,
  3. վարորդները  մեծ մասամբ չեն համապատասխանում այդ աշխատանքի համար անհրաժեշտ չափորոշիչներին,
  4. տրանսպորտը հիմնականում հակահիգիենիկ վիճակում է գտնվում,
  5. երթուղայիններից օգտվելու վճարման համակարգը խիստ դժվարացնում է վարորդների աշխատանքը` շեղելով նրանց ուշադրությունը ճանապարհից,
  6. տրանսպորտի ոչ կենտրոնացված համակարգը դժվարկացության մեջ է դնում վարորդներին, որոնք աշխատում են օրվա պլանի սահմաններում` առաջնային խնդիր դարձնելով սահմանված պլանը հասցնելը և անտեսելով աշխատանքի որակական չափանիշները: Վարորդը, ում աշխատած գումարն ուղղակիորեն կախված է իր տեղափոխած ուղևորների թվից, չի կարող հետևել ժամանակացույցին և կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքին:

Շարքը կարելի է շարունակել անվերջ, քանզի ամեն ոք, ով օգտվում է մարզերի տրանսպորտից, կարող է լրացում կատարել իր անձնական փորձից:

Եթե Հայաստանի 95%-ը բողոքում է երթուղայինների վատ աշխատանքից, ապա ըստ Տրանսպորտի և  կապի նախարարության հաղորդագրության՝ հանրապետությունում հասարակական տրանսպորտ չունեցող մոտ 100 գյուղ կա։

«Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ (անբարեկարգ ճանապարհներն ու սակավաթիվ բնակչությունը), որոնք շատ համայնքներում ընդհանուր են»,-տեղեկացնում է նախարարությունը։

Գծատերերն էլ պատճառաբանում են, թե շահութաբեր չէ. երեք-չորս հոգու համար ձեռնտու չէ դուրս գալ գիծ։

Մայրաքաղաքի բուհերում սովորող այն ուսանողները, ովքեր ապրում են մարզերում և ամեն օր ավտոբուսներով են գալիս Երևան, չեն կարողանում հասնել մայրաքաղաք:
«Գյուղից քաղաք հասնելը մեծ դժվարությունների հետ է կապված, ուղևորներից շատ ժամանակ և գումար է խլում` պատճառելով անհարմարություններ»,-դժգոհում են ուսանողները։
Նրանց խոսքերով` ամենաանհարմարը Երևանից վերադարձող վերջին տրանսպորտի ժամն է։
«Դա համարվում է պիկ ժամ։ Աշխատողները, երկրորդ հերթով սովորող ուսանողները այդ ժամին են տուն վերադառնում ու անհարմար վիճակով են տուն հասնում։ 13 հոգու համար նախատեսված երթուղայինը սպասարկում է մի քանի  գյուղի  բնակիչների՝ վերցնելով ավելի քանի 30 ուղևոր։ Բոլորը տուն են շտապում հոգնած, ոտքի վրա կանգնած, իրար սեղմված»։

Տրանսպորտի և կապի  նախարարությունից տեղեկացրին, որ հանդիպումներ են կազմակերպվում մարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների և տվյալ մարզը ներկայացնող քաղաքացիների միջև՝ ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով:

«Մենք չենք կարող ռադիկալ խնդիրներ բարձրացնել և ռադիկալ փոփոխությունների գնալ, քանի որ առաջիկայում միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքներ են տարվում»- հավելեց նախարարությունը՝ վստահեցնելով, որ գոնե տեսանելի, մարդու համար ամեն օր դժվարություններ ստեղծող խնդիրները կվերացվեն։
Նշենք որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել էր մարզերի տրանսպորտի խնդրին՝ այն անվանելով «հուսահատության գազել»։

 

Սրբուհի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել