ԲԱՐԵՎ, ՔՆՆԱՇՐՋԱՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍԻՑ

ԲԱՐԵՎ, ՔՆՆԱՇՐՋԱՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍԻՑ

1459

Երևանի պետական համալսարանում հաջորդ շաբաթ մեկնարկում է քննական շաբաթը. գրադարաններում ու  պատճենահանման սրահներում հերթեր են գոյանում, իսկ  ուսանողների հայացքներում անհանգստություն է երևում: Ոմանք «կոնսպեկտում» են դասերը, ոմանք ծածկագրեր պատրաստում, մի մասը ոչինչ չի անում, մյուսներին էլ սթրեսն է խանգարում կենտրոնանալ, մի խոսքով՝ նախաքննական եռուզեռ:

Հոգեբան Սաթենիկ Գրիգորյանի կարծիքով՝ քննաշրջանը ուսանողի համար ամենամեծ սթրեսոգեններից է, քանի որ առաջացնում է ավելորդ լարվածություն և պահանջում պատասխանատվության զգացում.

«Ուսանողն ունի ամեն ինչ վերջին պահին թողնելու հակում՝ մտածելով, որ պատրաստվելու համար դեռ շուտ է, և ժամանակ շատ կա: Իսկ երբ գալիս է վերջին օրը, ու հասկանում է, որ չի հասցնում, առաջանում է ավելորդ նյարդային լարվածություն, ինչն էլ իր հերթին խոչընդոտ է հանդիսանում աշխատունակության և նյութի լիարժեք ընկալման համար»:

Իսկ սթրեսը իր ազդեցությունն է ունենում քննություններին պատրաստվելու վրա.

«Սթրեսի ժամանակ օրգանիզմում արտադրվում է ադրենալինի որոշակի քանակություն, ուստի անհնար է, որ սթրեսն իրեն զգացնել չտա: Նախևառաջ, առավել նախընտրելի է, որ ամեն ինչ ժամանակին արվի և նախաքննական սթրեսի չվերածվի»,- պարզաբանում է հոգեբանը:

Իսկ եթե արդեն ուշ է, և բանը հասել է սթրեսին, Ս. Գրիգորյանը խորհուրդ է տալիս ավելացնել մաքուր օդում գտնվելու ժամանակահատվածը, քննությունների հանդեպ դրական տրամադրվել՝ չմոռանալով, որ այն միշտ տոնի է պետք վերածել:

Կան ուսանողներ, ովքեր հենց այդպես էլ վարվում եւ կոչ անում ընկերներին հետեւել իրենց օրինակին.

«Ընդհանրապես չլարվել, շատ չկենտրոնանալ. պետք չէ առողջություն և նյարդեր փչացնել, ինչ է թե բարձր ստանաս»,-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Նավասարդյանի կարծիքն է:

«Որպես չորրորդ կուրսի ուսանող, ով երեք տարի տեղը տեղին սովորել է, կարող եմ ասել, որ քննություններին պետք է շատ թեթև նայել, չընկնել հավելյալ սթրեսի մեջ»,-նշում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Կոստանյանը: Աննան նաև քննաշրջանը անցնցում հաղթահարելու տարբերակ է առաջարկում.

«Ամենահեշտ ձևը դասերի ընթացքում ակտիվ լինելն է, դրանով դու և´ ընթացքում դասերն ես հեշտ ընկալում, և´ դասախոսներն են քեզ որպես ուսանող ճանաչում, ուստի քննության ժամանակ այդքան բարդ ու վախենալու վիճակ չի ստեղծվում»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը քննություններին պատրաստվելու հետ կապված այսպիսի դեպք է հիշում.

«Մենք մի ուսանող ունեինք, ով առաջին կուրսում եկավ և խնդրեց արտասահմանյան գրականության ցանկ, որ նա անցնելու էր 3-րդ կուրսի երկրորդ կիսամյակում: Կարծում եմ շատ ճիշտ որոշում էր, որովհետև միշտ ուսանողները դժգոհում են հատկապես գրականության դասերից: Իրոք կարելի է շատ ավելի վաղ սկսել, որպեսզի և´ հաճույք ստանաս քո ընթերցանությունից, և´ հասցնես»:

Հարցին, թե ինչպիսին են լինում քննության արդյունքները, Ա. Մենեմշյանը պատասխանեց.

«Արդյունքները կախված են առարկայի բարդությունից: Մասնագիտական առարկաներին սովորաբար ավելի լավ են պատրաստվում և լավ են պատասխանում, երևի թե ուշադրությունն ավելի մեծ է այս առարկաների հանդեպ»:

Ում համար տոն, ում համար պարզապես սովորական օր, ում համար էլ կարևոր իրադարձություն, իսկ քննությունը, ըստ ԵՊՀ կողմից սահմանված՝ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի, ընդամենը ուսանողի գիտելիքը ստուգելու միջոց է։  Ի դեպ, վերջին տարիներին ԵՊՀ-ում ուսանողներին մեկ շաբաթ ազատում են դասերից՝ քննություններին լավ պատրաստվելու համար։

 

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել