ՄԵԿ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՄԵԿ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

1732

Քաղաքի «չխչխկոցներին» կարոտ տիկին Նարինեն Գյումրիի բնիկներից է։ Նա ծնվել, մեծացել է այստեղ։ Վստահ է՝ իրեն հաջորդող սերունդները նույնպես կմնան իր սիրելի քաղաքում, այն էլ ավելի կգունազարդեն։

«Մեր ժողովուրդը «թեզ» է. Մենք բոլորս խառնվում ենք իրար ու սկսում ուժ տալ օգնության կարիք ունեցողին։ Մենք հենց այսպիսին ենք. անչափ զգացմունքային ու հոգատար»,-  ասում է տիկին Նարինեն։

Նրա խոսքով՝ սրբությունը հենց «Յոթ Վերք»-ի մեջ է. ինչ որ ունի, կնվիրի իր սիրելի եկեղեցուն։ Այն միակ սրբավայրն է, որտեղ կարողանում է սրտի խոսքը ուղղել Աստծուն  ու խաղաղություն գտած դուրս գալ։

Տիկին Նարինեն մեզ դիմավորեց գնացքից իջնելուն պես։ Թեև նա մեզ ամենևին չէր ճանաչում, բայց հարազատի պես ջերմ  գրկաբաց ընդունեց։ Նա առաջարկեց ուղեկցել մեզ։ Նայելով շուրջս՝ զգացի, որ իրականում ես իմ տանից հեռու չեմ. այստեղ էլ նույն ջերմ մարդիկն են, նույն աղմուկն ու պարզությունը։ Տիկին Նարինեն ինձ համար Գյումրեցիների խտացումն է։ Նա պարզ է, անկեղծ, հոգատար ու սրտացավ յուրաքանչյուրի հանդեպ։

Քայլելով քաղաքի բնակելի փողոցներով` մենք մեզ հին հայկական գեղարվեստական ֆիլմի հերոսներ էինք զգում։ Ահա այն պատշգամբը, որը «Կտոր մը երկինք» ֆիլմում է երևում, ահա այն փողոցը, որտեղով շնչակտուր վազում էին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Ռուբենն ու Սիրանուշը։ Հենց այստեղ է գտնվում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, նրա հագուստը, անձնական իրերն ու նկարները։ Թանգարան մտնելուն պես զգում եմ Ֆրունզի  շունչն ու պատկերացնում նրան ներսում քայլելիս։

Ահա Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, նրա մահճակալն ու ծխամորճը։ Տան խոհանոցում նախկինում երկու թոնիր է եղել, այժմ, վերանորոգման պատճառով, մեկը մնացել է գետնի տակ, իսկ մյուսի կողքին մինչ օրս էլ լավաշ է դրված։

Միայն այս ամենը տեսնելու և զգալու համար արժե կյանքում գոնե մեկ անգամ այցելել Գյումրի։ Տիկին Նարինեն քայլելու ընթացքում ինձ պատմություն պատմեց մի կնոջ մասին, ով բավականին ունևոր լինելով հանդերձ՝ ապրում էր Գյումրիի հրապարակում՝ ինչ֊որ կոտրված աթոռի վրա։

«Նա Արուս տատն է, աղջիկս, որդու   կորստի վշտից խելագարվել ու կորցրել է տունը։ Արդեն երկար տարիներ դրսում է ապրում։ Երբեմն անիծում է անցորդներին։ Մինչ օրս անհայտ է, թե ու՞ր են մնացել նրա շքեղ կահավորված տներն ու հարազատները»,- պատմում է տիկին Նարինեն։

Ունևոր մուրացկանը, անեկդոտների պատը, չխչխկացող գործարանները, «Դուխով» օպտիկան, ցայտաղբյուրների սառը ջրերը… Ահա այն ամենը, ինչն առաջին հայացքից տպավորվեց ինձ մոտ Գյումրի քաղաքում,  հմայեց ու ստիպեց հրաժեշտ տալ` շուտով կրկին հանդիպելու խոստումով։

 

Լիանա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել