ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԻՆԳՈ ԹԻՄ ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ՕՎՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԻՆԳՈ ԹԻՄ ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ՕՎՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ

2080

Ներկայումս գրեթե ամբողջ աշխարհը լի է անպաշտպան ու անտուն կենդանիներով, որոնց մենք երբեմն չենք էլ նկատում։ Հատկապես Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել անտուն և հաշմանդամ կատուների, շների, որոնց կողքով անտարբեր չեն անցնում սրտացավ մարդիկ, այդ թվում նաև Օվսաննա Հովսեփյանը։ Օվսաննան 2007թ.-ից որպես անհատ օգնում էր փողոցային կենդանիներին և իր անձնական ռեսուրսներով պահում և հոգ էր տանում կենդանիների մասին։

Ինչպե՞ս որոշեցիք հիմնել կազմակերպությունը։ Աջակցողներ, հովանավորներ եղա՞ն։

Կազմակերպություն հիմնելու որևէ պլան չի եղել։ Պարզապես 2007թ.- ից ես փրկում էի անտուն ու հաշմանդամ կենդանիներին, պահում էի իմ տանը, խնամում և բուժում իմ ռեսուրսներով, և երբ նրանք շատացան, այլևս հնարավոր չէր տանը պահել։ Ու որոշեցի Facebook- յան էջ բացել և նրանց որդեգրմամբ հանձնել պատասխանատու և բարեխիղճ մարդկանց։Այդ էջի շուրջ սկսեցին մարդիկ հավաքվել և այն աճեց, դարձավ կազմակերպություն։ Հովանավորներ, որպես էդպիսին, չունենք։ Մեր ամբողջ բյուջեն կազմված է միայն անհատական նվիրատվություններից, որի միջոցով էլ կարողանում ենք բուժել մեր կենդանիներին և պահել կացարանում։ Բայց որևէ տեղից և որևէ մեկից չենք ֆինանսավորվում, խոշոր և կայուն գումար չենք ստանում։

Ի՞ նչը հիմք հանդիսացավ կազմակերպության անվան ընտրության հարցում։

Դինգոն իմ շունն է և արդեն 15 տարեկան է։ Ոչ ցեղական շուն լինելով հանդերձ` նա շատ խնամված տեսք ուներ։ Որոշեցինք որ հենց նրա անունով էլ անվանենք կազմակերպությունը։

Քանի՞ հոգի է աշխատում Դինգոի թիմում։ Նրանք սիրո՞վ են զբաղվում այդ գործով։

Դինգո Թիմն ունի մի քանի տեխնիկական աշխատակիցներ. այսինքն կացարանի երկու աշխատակից, վարորդ. մենք աշխատում ենք նաև բժիշկների հետ, որոնց վարձատրում ենք։ Մնացած անձնակազմը հիմնականում կամավորներից է կազմված. ունենք մոտ 30 կամավոր, ովքեր տարբեր հարցերում են օգնում` թարգմանություններ, շտապ օգնություն, կենդանիներին ժամանակավոր տանը պահել և այլն։

Պատմեք Դինգո կենտրոնի մասին։

Մեր կենտրոնը ռեավլիտացիոն կենտրոն է, որտեղ մենք տանում ենք վնասված կենդանիներին` լավանալու նպատակով։ Այս պահին այնտեղ բնակվում է մոտ 90 շուն։ Այդ թիվը ընթացքում փոփոխվում է, քանի որ բավականին արագ որդեգրվում են և նորերն են գալիս։ Մեր կացարանը կարելի է ասել նաև թերապիայի կենտրոն է. մարդիկ գալիս են, իրենց վախերն են հաղթահարում, շփվում են կենդանիների հետ և լավ ժամանակ անցկացնում։

Հաճա՞ խ են Դինգոից շների որդեգրում, և ինչպիսի՞ շների։

Որդեգրումը շատ շատ է զարգացել Հայաստանում, մանավանդ եթե համեմատենք անցած տարիների հետ, երբ ես զբաղվում էի այդ գործունեությամբ։ Տարբեր կենդանիների են որդեգրում` ոչ ցեղականից մինչև ցեղական։ Մեզ մոտ հայտնվում են ամեն տեսակի կենդանիներ։ Ցեղատեսակը երաշխիք չէ, որ կենդանին դրսում հայտնվի, քանի որ շատերը վերցնում են ցեղական կենդանի, որովհետև այդպես նորաձև է, սակայն չեն կարողանում պահել և առաջին իսկ դժվարության դեպքում հրաժարվում են, և այդ կենդանիներին մենք նույնպես տերեր ենք գտնում։ Տերեր ենք գտնում նաև հաշմանդամ կենդանիներին և հիմնականում որդեգրման ուղարկում ԱՄՆ։ Սակայն Հայաստանում նույնպես գտնվում են մարդիկ, ովքեր հաշմանդամ կենդանիների են որդեգրում։ Օրինակ 2012թ.-ի ընթացքում միայն Հայաստանում որդեգրման ենք տվել 17 հաշմանդամ կենդանի։

Իսկ Դուք տանը ի՞ նչ կենդանիներ եք պահում։

Ես տանը պահում եմ միայն իմ շանը` Դինգոյին, որը, ինչպես արդեն նշեցի, 15 տարեկան է։ Նա, ցավոք սրտի, այլ կենդանի չի ընդունում, և ես, իր տարիքը հարգելով(ծիծաղում է), չեմ ուզում իրեն սթրեսի ենթարկել։ Կցանկանայի կատու որդեգրել, բայց այս պահին փաստացի չեմ կարող։

2017 թ.-ի լավագույն բնապահպանն եք։ Երբ ստացաք կոչումը, ինչոր բան փոխվե՞ց գործունեության մեջ։

Իրականում այդ կոչումը իհարկե շատ հաճելի էր, բայց ես երբեք իմ գործունեությունը չեմ ծավալել որևէ տիպի կոչման համար։ Այդ կոչումը իմ անձի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ Բայց iսկապես հաճելի է գնահատված լինելը, զգալը, որ քո աշխատանքը մարդիկ դրական տեսանկյունից տեսնում են, գնահատում և ցանկանում որևէ կերպ խրախուսել։

Ի՞նչ կենդանիների հիմնախնդիրներով է զբաղվում Դինգոն։

Քանի որ մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է անտուն կենդանիների հիմնախնդիրներով, մասնավորապես շտապ օգնությամբ, իսկ անտուն կենդանիները Հայաստանում հիմնականում երկուսն են` շները և կատուները, արդեն ավտոմատ զբաղվում են այդ կենդանիների հիմնախնդիրներով։ Եթե լինեին անտուն կոկորդիլոսներ ( ժպտում է ), բնակամաբար դրանցով էլ կզբաղվեինք։

Բոլոր կենդանիների նկատմա՞մբ եք հոգատար։

Իրականում ես չեմ առանձնացնում որևէ կենդանու. Ես սիրում եմ բոլոր կենդանիներին և նշեմ` այդ թվում նաև այն կենդանիներին, որոնց մարդկանց մեծամասնությունը համարում է մսամթերք։ Ես բուսակեր եմ արդեն 15 տարի է և որևէ տեսակի կենդանի չեմ ուտում։ Դինգո Թիմի անդամների զգալի մասը նույնպես բուսակեր է։ Մենք սիրում ենք բոլոր կենդանիներին, պարզապես մենք զբաղվում ենք շների և կատուների հիմնախնդիրներով, քանի որ այս պահին մեր «քթի տակ» այդ խնդիրն է։

Երբևէ պատահե՞լ է, որ ոչ մի ձևով չեք կարողացել օգնել կամ փրկել խնդիրներ ունեցող կենդանիներին։ Եթե այո, ապա ի՞նչ զգացողություններ են եղել։

Ցավոք այո. պատահում է որ չենք կարողանում օգնել, քանի որ մենք մի քանիսն ենք և ամբողջ Հայաստանի կենդանիներին բնականաբար օգնել չենք կարող։ Լինում են դեպքեր, երբ ահազանգում են, բայց մեքենայի անսարքության կամ այլ տեխնիկական խնդիրների պատճառով չենք կարողանում օգնել։ Ցավոք ահազանգերի մոտ 30%-ին չենք կարողանում հասնել, ինչը մեզ համար շատ տխուր և ցավալի է։ Չունենք ռեսուրսներ, ֆինանսներ և տարածք այդքան կենդանիներ պահելու համար։

Հետագայում ի՞նչ պլաններ ունեք կենտրոնի հետ կապված։

Հետագայի հետ կապված պլանավորում ենք Դինգո Թիմը ավելի մեծացնել, ավելի շատ գործողություններ ներառել` շնաթերապիա և այլն և այլն։ Շատ գաղափարներ կան, որոնցով չէի ցանկանա հիմա կիսվել։ Բայց ավելի մեծանալու և հանրայնանալու պլաններ ունենք։

 

Հարցազրույցը՝ Անահիտ Գալոյանի

3-րդ կուրս

 

Կիսվել