ՁԵՌՔԵՐԻ ԽԱՂԸ ԽԱՐԱԶԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

ՁԵՌՔԵՐԻ ԽԱՂԸ ԽԱՐԱԶԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

1804

Մի հայացք ձգելով կավից մնացած հետքերին, անաղմուկ փակում է դուռն ու քայլերն ուղղում  փողոց: Աշխատանքային գործերից ազատվեց գիշերվա տասին: Գոհ է: Նիհար ու բարձրահասակ այս երիտասարդի աչքերում յուրօրինակ խաղ կա, և նա առանձնանում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի մարդկանց մեջ իր աշխուժությամբ:

Սուրենը դեռ դպրոցական տարիներին է աչքի  ընկել աշխուժությամբ և համառ բնավորությամբ: Երկար ժամանակ մարտարվեստով է զբաղվել և գուցե թվար՝ դա կարող է հետագա ուղին դառնալ: Կարող էր հաջողության հասնել, բայց այդ ասպարեզում մնալու դեպքում պիտի վնասեր, իսկ նա ստեղծել էր սիրում: Նկարում էր, քարերի վրա փորագրում ու երկաթից առարկաներ պատրաստում: Ինչ-որ բան կերտելու նկատմամբ սերը ժառանգել էր հայրիկից: «Երբ եկավ որոշում կայացնելու պահը, ինձ համար պարզ էր՝ քանդակագործությունն էր իմը: Քանդակը կերտելու ընթացքում ոչ միայն տեսնում ես արածդ, այլև այդ ամենը քո ձեռքերի մեջ է կատարվում: Շոշափելի է», – պատմում է Սուրենը՝ ընդգծելու համար, թե ինչու ընտրեց քանդակագործությունը և ոչ թե նկարչություն:

Հարազատ քաղաք Ալավերդին սիրում էր, սակայն այնտեղ չէր կարող իրականացնել երազանքները: Ուղին սկսեց Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում, ապա շարունակեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ակադեմիայում սովորելու ժամանակ երազանք էր Ռեպինի գեղարվեստի ակադեմիա ընդունվելը: Ջանասիրությունն ու համառությունը նրան հասցրին Սանկտ Պետերբուրգ: Երազանքը դարձավ նպատակ, նպատակն էլ՝ իրականություն: Հիմա Սուրենը Ռեպինի ակադեմիայի ուսանող է:

Նրա քանդակները կարծես իրական լինեն: Ձեռքերի արագաշարժությամբ, ինչ-որ յուրահատուկ ճարպկությամբ ու աշխատանքի մաքրությամբ նա կարողացել է ուշադրություն գրավել: Մինչ Ռեպինի ակադեմիան, փոխանակման ծրագրով մեկ ուսումնական կիսամյակ սովորել է Շտիգլիցի ակադեմիայում: Նրա յուրաքանչյուր քանդակ պատմություն  ունի: Առանձնահատուկ է թելերով քանդակելու տեխնիկան: Սուրենը հիշում է ու մանրամասնում. «Շատերը կարող են արած լինել. փուչիկի ամբողջ մակերեսը սոսնձված թելերով պատում ենք ու չորանալուց հետո պայթեցնում: Արդյունքում ունենում ենք թելերից գունդ: Սա աչքիս առաջ ունենալով՝ նոր գաղափար հղացավ: Կարող էի նույնը փորձել կավի վրա: Սկզբի փորձերն անհաջող էին, բայց հետո արդյունքը բավականին լավը եղավ»: Նրա հիշողության մեջ յուրահատուկ տեղ է գրավում  մասնակցությունը ձնե արվեստի փառատոնին: Դրա ընթացքում ձյունը կավի պես ծեփել է, արդյունքում ստացած քանդակը  կոչել՝ «Պապերի կանչը»: Քանդակի կողքին էլ ազգային պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանն իր խմբով պարել է՝ գնահատելով որպես լավագույն աշխատանք:

Քանդակ պատրաստելը Սուրենի համար բավականին նուրբ արվեստ է, և ներշնչանք կարող է դառնալ նույնիսկ ժպտացող անցորդը: Նրա կյանքը քանդակագործության մեջ է: Շեշտում է՝ մարդ պետք է ունենա մտավոր և հոգևոր հիմք, որպեսզի կարողանա ստեղծագործել: Իսկ ազգանվան առաջին երկու վանկերից ձևավորել է անունը, որով ներկայանում է` Խարազ: Լինելով աշխատասեր ու նպատակասլաց, իր գործի հմուտ վարպետ դարձավ ու հիմա ունի նոր երազանք: Սակայն երազանքը դեռ գաղտնի է պահում:

 

Լուիզա Աբրահամյան

3-րդ կուրս

Կիսվել