ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀՐԱՁԻԳԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀՐԱՁԻԳԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

905

Գյումրու հրաձգության մարզադպրոցի 16-ամյա սան Դավիթ Աբաջյանն այս մարզաձևով զբաղվում է երեք տարի։ Նա արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել մեր հանրապետությունում։ Այս մրցաշրջանում Դավիթը կարողացել է միանգամից երկու արծաթե մեդալ նվաճել Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնությունում, իսկ մինչ այդ դարձել էր նաև բրոնզե մեդալակիր։ Հրաձիգն այդ պատվին է արժանացել 10 մ օդամղիչ հրացանով 30+30 և 2 անգամ 20 կրակոցներ վարժությունների, վազող թիրախ և խառը վազք մրցաձևերում։

Առջևում կա ևս մեկ մրցաշար։ «Մասնակցել եմ Հայաստանի մրցումներին, գրավել եմ երկրորդ և երրորդ հորիզոնականները։ Եկող ամսում պատրաստվում ենք Նախագահի  գավաթի մրցումներին։ Հուսով եմ արդյունքս ավելի կբարելավեմ և ավելի բարձր հորիզոնականներ կգրավեմ» –  ասում է 16-ամյա հրաձիգը։

Մարզիչ Էդուարդ Ղարիբյանի սանին հրաշալի ապագա է սպասվում, հավաստիացնում է հրաձգության մարզադպրոցի ամենափորձառու մասնագետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ստեփան Ջանոյանը. «Դավիթին նայելով կարող եմ ասել, որ նա այս ոլորտում ապագա ունի։ Եվ առաջիկայում կայանալիք մրցումները ցույց կտան, թե նա ինչքան լավ պատրաստված հրաձիգ է։ Դավիթը խելացի է, պարտաճանաչ, ամենակարևորը, որ աշխատասեր է և ուշադիր», ֊նշում է  Ս․ Ջանոյանը։

Եթե Դավիթ Աբաջյանին հաջողվի որևէ բարձր մրցանակ ստանալ ՀՀ նախագահի անվան մրցաշարում, որը մասնակիցների բավականին ուժեղ կազմ է հավաքելու, ապա  նա ազգային հավաքական մտնելու լավ հնարավորություն կստանա։

 

Վիոլետա Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել