ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ՍՏԱՑԵԼ ԵՊՀ ԲԵՄՈՒՄ

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ՍՏԱՑԵԼ ԵՊՀ ԲԵՄՈՒՄ

2477

ԵՊՀ-ի «Համալսարանական թատրոն-ստուդիա»-ն բեմադրել է Վարդգես Պետրոսյանի «Հայկական  էսքիզներ» ստեղծագործությունը։ Բեմադրության հեղինակները՝ ԵՊՀ մշակույթի կենտոնի տնօրեն և համալսարանական թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Կարինե Դավթյանն ու թատրոնի և գրական ստուդիայի սան Անի Միքայելյանը սցենարը գրելիս թեեւ հիմնվել են Պետրոսյանի ստեղծագործության վրա, բայցեւ փոփոխություններ են կատարել:

Ինչու են հենց այս գրական գործն ընտրել ներկայացման համար հարցին տիկին Դավթյանը պատասխանում է. «Մեր ուսանողության տարիներին Վարդգես Պետրոսյանը եղել է գրողի, քաղաքացու այն կերպարը, որին մենք ուզում էինք նմանվել, որի մտածողությունը մեզ հետաքրքիր էր, որովհետև սովետական տարիներ էին, խոսքի ազատություն չկար: Սովետական մարդու կարծրատիպ էր ստեղծվել, իսկ Վարդգես Պետրոսյանը դուրս էր այդ կաղապարից, նա այլ կերպ էր մտածում, նա ուրիշ բան էր ասում։ Սովետական տարիներին Վարդգես Պետրոսյանը այն մարդն էր, ով ազատ խոսում էր, և նա արդեն հերոսի կերպար էր մեզ համար»։

Կարինե Դավթյանը պատմում է, որ միշտ մտածել է հայրենասիրական թեմայով որևէ ներկանացում բեմադրել: Մի առիթով էմման` Վարդգեսի Պետրոսյանի կինը, ընթերցելու համար նրան է փոխանցել «Հայկական էսքիզներ»-ի՝ Վարդգեսի կողմից պիես դարձրած տարբերակը, որը պատրաստել էր դրամատիկական թատրոնում բեմադրելու համար: Կարինե Դավթյանին դուր է գալիս պիեսը, բայց միայն 2016 թվականի Քառօրյա պատեազմից հետո է որոշում բեմադրել՝ պիեսում որոշ փոփոխություններ կատարելու համար Վարդգես Պետրոսյանի տիկնոջ թույլտվությունը ստանալուց հետո։ «Ավելացրել եմ  էսքիզներ Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասին: Ինձ մոտ ստացվեց 12  հեղինակ, որոնք խորհրդանշում են Հիսուսի 12 առաքյալներին: Հեղինակները խորհրդանշում են Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, ծիրանի ծառը, գոթական ժամանակաշրջանը,  սովետական ժամանակաշրջանը, բոլորը՝ տղա աղջիկ բաժանումով: Հայաստան, Սփյուռք, Արցախ  կերպարները խորհրդանշում են եռամիսանություն: Ծիրանի ծառը այստեղ խորհրդանշում է հայ ժողովրդի հիշողությունն ու արմատները: Գոթականը մեր ցավերն ու կորուստներն են: Սովետական  կերպարները խորհրդանշում են տվյալ ժամանակաշրջանի ձեռքբերումներն ու կորուստները:
Արցախյան ազատամարտի մեջ ես երեք բան եմ մտցրել: Առաջինը  պատմական զուգորդությունն է, որտես ես զուգորդության մեջ եմ դրել Վարդգես Պետրոսյանի հայրենական պատերազմի երիտասարդ հերոսներին և Արցախյան ազատամարտի երիտասարդ հերոսներին. նրանք են՝ Վարդանը, Սասունիկը, Դուշման Վարդանը, Թաթուլ Կրպեյանը, որոնց ճակատագրերը կրկնվել են»,- պատմում է բեմադրության հեղինակը:

Պիեսում կարելի է տեսնել Արցախյան ազատամարտի համալսարանական հերոսներին, ինչպես նաև՝ Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթե Մելքոնյանին, Արկադի Տեր-Թադևոսյանին և միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին, որի կերպարի միջոցով ընդհանրացվել է հայ կնոջ կերպարն առհասարակ:

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունից հանվել է սովետական մարդու մտածողությունը` թողնելով միայն հայի այն տեսակի մտածողությունը, որը սիրում է իր երկիրը, ապրում և արարում է իր երկրի բարօրության համար:
Բեմադրության վրա տարված աշխատանքը տեւել է երկու տարի: «Խաղալ նման կերպարներ՝ բավականին դժվար էր թատրոն-ստուդիայի սաների համար: Ես իմ սաներին ասում եմ, որ այս բեմադրությունը հեղափոխություն է բեմի վրա, և առավել կարևոր է այդ հեղափոխությունն իրականացնել քո ներսում: Մարդու ներսից սկսվող հեղափոխությունն է, որ կարող է իրեն փոխել ու տանել դեպի ավելի լավ երկիր ստեղծելու գաղափարին, որն առավել կարող է նպաստել իրականանալիք լուրջ հեղափոխությունների կայացմանը»,- ասում է թատրոն-ստուդիայի ղեկավարը:

«Ո՞րն է այս ներկայացման ուղարեձը հանդիսատեսին»,- հարցին Կարինե Դավթյանը պատասխանում է. «Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ապրել իր խղճի մտոք, սիրի իր երկիրը առաջին հերթին, չցանկանա երկրից գնալ և ցանկանա լավ երկիր ստեղծել։ Մարդ պետք է պարտադիր տեսնի թերությունները և քննադատի այն։ Ամեն մարդ հայրենասիրությունը այլ կերպ է ընկալում։ Պարտադիր չէ գնալ կռվել, զոհվել, նոր հերոսանալ: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր քաղաքը մաքրելը և այն չաղտոտելը, լավ սովորելը, լավ մասնագետ դառնալը, լավ գործ գրելը, գիտական բացահայտում անելը նույնպես հայրենասիրություն են։ Մարդ պետք է այսպես արտահայտի իր սերը հայրենիքի հանդեպ` արժանավայել ապրելով»:

ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա էին Զարիկ մայրիկը՝ Արցախյան ազատամարտիկ Վարդան Մարտիրոսյանի (Դուշման Վարդան) մայրը, Արցախյան ազատամարտի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, պարուսույց Գագիկ Գինոսյանը , Վարդգես Պետրոսյանի ընտանիքը`կինը` Էմմա Պետրոսյանը, աղջիկը` Արմինե Պետրոսյանը և թոռնուհին` Մարինեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն  Ավագյանը, ԵՊՀ-ի գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը և այլք:

«Տպավորությունը շատ լավ էր, հետաքրքիր էր բեմադրված, կերպարները շատ ճիշտ էին ընտրված, և հագուստով և խաղով ամեն ինչ գեղեցիկ էր և հուզիչ, ոնց որ թատերականի ուսանողներ լինեին»,- նշում է ԵՊՀ-ի ուսանողուհի Սյուզաննա Մարգարյանը:

Ներկայացման հագուստների հեղինակը դիզայներ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է:

 

Արմինե Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել