«ԵՐԵԽԱՅԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ». ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ

«ԵՐԵԽԱՅԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ». ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ

2606

«Փակում եմ աչքերս ու նույն ծանոթ ձայնն է, այդ ձայնը թերթվում է ամեն էջի հետ, էջերը մեկ պատկերազարդ են, մերթ ռուսական, մերթ ֆրանսիական, մերթ անգլիական, մերթ հնդկական, մերթ արաբական, ու ամենից առաջ ու ամենից ավելի հայկական աշխարհներ են, պալատներ, մարդիկ, կախարդներ ու  չարին միշտ հաղթող բարի հերոսներ: Վիշապների մասին հեքիաթներն են սիրում լսել Անին, Լուսին. վիշապ Բազազուկը ու վիշապ Նեսին ամեն գիշեր մեր փոքրիկ մանկական սենյակի հյուրերն են»,-պատմում է լրագրող, 2 դուստրերի մայր Հրածին Սաֆարյանը։

Իսկ տարիքն առած շատ տատիկներ փաստում են, որ իրենք են իրենց համար ընթերցել հեքիաթներ, կարծում են, որ պատճառներից մեկը սոցիալական ծանր վիճակն է եղել, ինչն էլ նրանցից խլել է ծնողների` սպասված ուշադրությունը, բայց անգամ, եթե պատմել են,պատմել են հիմնականում Թումանյանի հեքիաթներից: Տիկին Լուսյան պատմում է. «Ես ու եղբայրս անգիր գիտեինք նրա բոլոր հեքիաթները, երբ քեռին ինչ-որ փոփոխություններով էր սկսում պատմել, բարկանում էինք, ինքն էլ ասում էր`մեծ մարդ եմ, չեմ կարող այդքան հեքիաթները մտապահել»:

Իսկ ահա, թե ինչ նշանակություն ունեն հեքիաթները երեխաների դաստիարակման գործում, Կապանի բժշկակաան կենտրոնի հոգեբան Էմմա Արզումանովան նշում է, որ հեքիաթը պետք է ընտրվի ճիշտ՝ երեխայի տարիքային ու խառնվածքային առանձնահատկությունները հաշվի առնելով։ Հեքիաթը պատմելուց պետք է ուղղորդվել մի շարք սկզբունքներով, որոնք հնարավորություն կտան հեքիաթի արդյունավետությունն ապահովել և ծառայեցնել բուն նպատակին և հավելում. «Դաստիարակության գործընթացում հեքիաթները բավականին մեծ արդյունավետություն ունեն, եթե դրանք համապատասխանում են երեխայի տարիքային առանձնահատկություններին և հեքիաթ պատմողը՝ տվյալ դեպքում ծնողները, ճիշտ են պահում հեքիաթի կառուցվածքը և ճիշտ ընտրում հերոսներին»:

Այսօր շատ ծնողներ հեքիաթներ պատմելու պարտականությունները վայր են դնում և նախընտրում ավելի դյուրին և ոչ ժամանակատար տարբերակը` մուլտֆիլմը։

Երիտասարդ մայրիկներ համոզմամբ՝ երեխաների համար ավելի հետաքրքիր է տեսնել այն հերոսների պատկերները, որոնք կան հեքիաթներում։

Այնուամենայնիվ, տիկին Արզումանովայի կարծիքով՝ հեքիաթները միշտ էլ կպահեն իրենց արդիականությունը, եթե դրանք պատմվեն այնպես, որ երեխան չձանձրանա և հետաքրքրությամբ լսի այն. «Ամենակարևոր կետերից մեկն այն է, որ երեխան կարողանա հեշտությամբ նույնականանա որևէ հերոսի հետ, որին անուղղակիորեն մատնանշում է հեքիաթասացը։ Մուլտֆիլմների դեպքում, ցավոք, մենք չունենք ինտերակցիա, այն վեր է ածվում մենախոսության։ Այսինքն՝ երեխան նստում է հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց և ուղղակի լսում։ Եթե հաճախ է երեխան մուլտֆիլմ նայում, նրա մոտ կարող է առաջանալ մերժողականություն սոցիալական շփումների հանդեպ։ Մյուս, ոչ այդքան ցանկալի կողմը, ակտիվ երևակայության բացակայությունն է, ինչն օրինակ չկա հեքիաթների պարագայում։ Երեխան ուղղակի հետևում է տեղի ունեցող դեպքերին և մասնակցությունն այդ պրոցեսին պասիվ դիրքից է, մինչդեռ հեքիաթների դեպքում երեխան կարող է ակտիվ մասնակցություն ցուցաբերել հեքիաթի զարգացումներին և դրանով իսկ արտացոլել իր գիտակցված կամ չգիտակցված պահանջմունքները»:

 

Մոնիկա Մամյան

3-րդ կուրս

Կիսվել