Հոկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը, որն արդեն ավանդույթ է դարձել: Միջոցառումը տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական այնպիսի ժողովրդական պարերին, ինչպիսիքն են քոչարին, խամխաման, փափուռին, իշխանաց պարը և այլն:
Գագիկ Գինոսյանի խոսքով՝ այս ամեն նպատակն է հայ ավանդական մշակույթը հայ կենցաղ վերադարձնելը:
««Մեր պարերը և մենք» ծրագիր-միջոցառման շրջանակներում մասնակիցները և՛ սովորում են պարաքայլերը, հասկանում պարերի բովանդակությունն ու պարում դրանք, և՛ ներգրավվում մի շարժման մեջ, որը նվիրված է մշակույթի, ազգի, երկրի, ազգային գաղափարախոսության պահպանմանն ու սեփական արժեքների ու հարստության գնահատմանը։ Ծրագրի երկու կարևոր նպատակներն են «Մեր պարեր»-ի ներկայացումը, լուսաբանումն ու ուսուցանումը և «Մենք»-ի՝ որպես «մեր պարերի» կրողների ու փոխանցողների ձևավորումը»,- նշեց Պարոն Գինոսյանը:
Միջոցառման մասնակից Անի Հովհաննիսյանը զրույցի ընթացքում ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ պարբերաբար մասնակցում է բաց դասին, ապա ավելացրեց. «Սկզբում մտածում էի, թե ինձ մոտ ոչինչ չի ստացվի, բայց չէի դադարում մասնակցել դասերին: Հիմա արդեն հասկանում եմ, որ եթե կա ցանկություն և իհարկե հրաշալի ուսուցիչ, ապա ամեն ինչ լավ կլինի: Սա գերազանց հնարավորություն է ազգային արմատներին մոտենալու համար»:
Ամենամսյա դասընթացների ժամանակ` հոկտեմբեր ամսվանից, Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, մեկնարկվում է նաև երգուսուցման դասընթաց: Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում ուսուցանվելու են կոմիտասյան ոսկե ամբարից hայոց երգի հասուն հասկերը։
«Այսուհետ նաև երգելու ենք, և երգը պիտի ճախրի մեր պարի հետ»,- ասաց խմբի երաժշտական մասի ղեկավար Լուսինե Ազարյանը և հնչեցրեց «Ալագյազ» և «Խնկի ծառ» ստեղծագործությունները:
Ավանդական հայկական պարի բաց դասը տևեց մինչև ուշ կեսգիշեր:
Գեղեցիկ Ոսկանյան
3-րդ կուրս