ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ. ԳԼԱԴԻԱՏՈՐԸ

ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ. ԳԼԱԴԻԱՏՈՐԸ

1210

Սեպտեմբերի 16, 2018թ., «Տորոնտո»-«ԼԱ Գալաքսի». այս հանդիպման 43-րդ րոպեն մտավ պատմության մեջ: Դոս Սանթոսի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը կրնկի ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկեց ցանցը:

Սա հարավսլավացի հսկայի 500-րդ գոլն էր կարիերայում:

«Նրանք պետք է երջանիկ լինեն, նրանք կհիշվեն միշտ, կհիշվեն Զլատանի պատմության մեջ, նրանք իմ 500-րդ զոհն էին», – այսպես արտահայտվեց խաղից հետո Իբրակադաբրան` ամպագոռգոռ, բայց և արդարացված…

1981 թ. հոկտեմբերի 3-ին Մալմյոյի Ռոսենգորդ շրջանում` հարավսլավացի ներգաղթյալների ընտանիքում է ծնվել Զլատան Իբրահիմովիչը: Բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդը մեծանում էր անապահով ընտանիքում, փորձում էր միայնակ հոգալ իր խնդիրները, որպեսզի ավելորդ հոգս չպատճառի իր մորը:

Իբրահիմովիչի սերը ֆուտբոլն էր, նա տարված էր ֆուտբոլով և հանդես էր գալիս տեղի «Մալմյո» ակումբի մանկապատանեկան թիմում: Պարապմունքների վարձը վճարելու համար Զլատանը գողություն էր անում: «Իմ առաջին աշխատա՞նքը: Հեծանիվներ գողանալն ու վաճառելն էր»,- ասել է Իբրան:

Գետտոյում մեծացող խուլիգանը անչափ տաղանդավոր էր և հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում «Մալմյոյի» կազմում. ժամանակը գալիս էր հիմնական թիմում խաղալու: 1991թ. Իբրահիմովիչը նշեց իր նորամուտը «Մալմյոյի» հիմնական թիմի կազմում. երկու հզոր մրցաշրջան անցկացնելուց հետո Իբրան տեղափոխվեց հոլանդական «Այաքս» և սկսեց կերտել Զլատանեիրայի փառահեղ կարիերան:

Զլատանը միանգամից դարձավ «հոլանդական մեքենայի» շարժիչ ուժը, նա թիմի իսկական առաջատարն էր և գոլահարը: Թվում էր, թե ամեն ինչ հիասքանչ է «ԱՅԱՔՍՈՒՄ», սակայն Իբրահիմովիչի հասցրած վնասվածքը իր թիմակից Վան դեռ Վարտին (Հոլանդիա-Շվեդիա) դժգոհությունների առիթ բարձրացրեց թիմում. թիմի մեծ մասը Իբրայի դեմ էր:

«Ես հարյուր անգամ ներողություն եմ խնդրել, դա դժբախտ պատահար էր, ես պատահականորեն հարվածեցի Վարտին»: Իբրայի այս հայտարարությունն էլ օգուտ չտվեց, Ամստերդամում իրավիճակն ավելի էր թեժանում, որին այլևս չդիմացավ տաքարյուն տղան:

«Նրանք տխմարներ են, ես տխմարների հետ գործ չունեմ, հեռանում եմ Թուրին, գրավելու Իտալիան»,- ասաց Զլատանը և մեկնեց Եվրոպայի ամենահզոր ակումբներից մեկը`«Յուվենտուս»:

Հոլանդիայում գեղեցիկ 3 մրցաշրջան անցկացնելուց հետո Զլատանը 2004-ին տեղափոխվեց «Յուվենտուս» և երկու տարի անընդմեջ կարողացավ նվաճել Սկուդետտոն: «Երջանիկ եմ, աննկարագրելի է երկու տարի անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն»:

Թուրինյան տոնախմբությունը երկար չտևեց. կոռուպցիոն սկանդալի պատճառով «Յուվեն» զրկվում է երկու չեմպիոնական տիտղոսներից և տեղափոխվում է Սերիա Բ (Իտալիայի երկրորդ դիվիզիոն):

Կատարելությանը տենչող Զլատանը լքեց Թուրինը և տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: Այստեղ ամեն ինչ բարեհաջող էր ընթանում: Իբրան կարողացավ 3 տարի անընդմեջ տիրանալ Սկուդետտոին և կրկին որոշեց հավաքել ճամպրուկները: «Հոգնել եմ Իտալիայից, այստեղ նվաճել եմ ամեն ինչ, ցանկանում եմ հեռանալ»,- հայտարարեց Զլատանեիրան և 2009 թ. տեղափոխվեց Կատալոնիայի «Բարսելոնա»:

Իբրահիմովիչի մոտ սկզբի շրջանում ամեն ինչ լավ էր ընթանում, շվեդը թիմի գլխավոր աստղն էր, բայց կրկին Իբրայի մոտ ամեն ինչ հեշտ չէր դասավորվելու. այս անգամ էլ սկանդալային վեճ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ. «Այստեղ ամեն ինչ դպրոցի է նման, ես չեմ կարող ենթարկվել այս անիմաստ կանոնակարգին, ես նման եմ կարմիր լույսի տակով անցնող տղաներին, հասկացա՞ք ինչ եմ ասում»:

Մարզչի, ինպես նաև Մեսսիի հետ ունեցած կոնֆլիկտը և Իբրահիմովիչի անհնազանդ բնավորությունը ընդամենը մեկ տարի անց ինքնահավան աստղին կրկին հետ ուղարկեցին Ապենինյան թերակղզի, կրկին Միլան, բայց այս անգամ կարմրասև:

2010թ. Իբրայի համար սկսվեցին «հանգիստ օրերը», Զլատանը սիրում էր «Միլանը», «Միլանն էլ» Զլատանին: Այս փոխադարձ սիրո պատմությունը երկար չտևեց, 2012թ. թիմը հայտնվեց սննկացման եզրին և ստիպված էր վաճառել իր աստղերին. Իբրան արցուքն աչքերին տեղափոխվում էր Փարիզ`«ՊՍԺ»: «Ինչու՞ է ամեն ինչ այսքան բարդ իմ կյանքում, ինչու՞ ես չեմ կարող մինչև վերջ երջանիկ լինել, «Միլանը» հավերժ կմնա իմ սրտում»:

Զլատանը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսեց կերտել ֆանտաստիկ գոլեր, նվաճել բազմաթիվ տիտղոսներ, ցույց տալ Իբրակադաբրայի ողջ կախարդանքը: Իբրան հիանում էր իր ցուցադրած ֆուտբոլով այնքա՜ն շատ, որ չդիմացավ և աստվածացրեց իրեն`

«Վերևում Աստվա՛ծ, ներքևում ե՛ս, ե՛ս Փարիզի աստվածն եմ, ե՛ս անպարտելի գլադիատորն եմ»:

Զլատանը Փարիզում խաղաց 4 տարի և որոշեց իր «գաղութների» թվին ավելացնել նաև Մանչեստերը: 2016-ին Առյուծը «Ման Յունայթեդի» հարձակման կրակագծում է: Զլատանը երկու մրցաշրջան էլ խաղաց «կարմիր սատանաների» կազմում, դարձավ 37 տարեկան և ցանկցավ ուժերը չափել Ամերիկյան MLS-ում:

Այժմ գլադիատորը հանդես է գալիս «ԼԱ Գալաքսիի» կազմում, խաղում է բարձրակարգ ֆուտբոլ և ինչպես երևում է ցանկանում է տեղափոխվել Եվրոպա. «Ռեալը ցանկանում է գնե՞լ ինձ. Իբրային բոլորն են ցանկանում …»:

Ինքնահավան Զլատանը շարունակում է փայլել որպես ֆուտբոլիստ, շարունակում է խփել ֆանտաստիկ գոլեր և բոլորին ապացուցել, որ տարիքը ուղղակի թվեր են, շարունակում է ապացուցել, որ Իբրան չի ծերանում, շարունակում է բոլորին ստիպել հիացմունքով արտահայտվել իր մասին. հարավսլավացի խուլիգանից մինչև ֆուտբոլի տեր…

Այո՛ ֆուտբոլը փոխում է բոլորին, պետք է հավատալ սեփական ուժերին և շարժվել առաջ` ձեռքի տակ ունենալով Իբրահիմովիչ հսկայի պատմությունը որպես ուղեցույց:

 

Էդմոն Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել